Հմայակ Հովհաննիսյանը ազգի ամենախելոք մարդկանց քաղաքական ուժ է ձեւավորում

Հմայակ Հովհաննիսյանը անկուսակցականներին համախմբելու միտքը բացատրում է կուսակցական դաշտում առկա վիճակով: «Մենք լինելու ենք այլընտրանք այն խաղի կանոններին, որոնք արմատավորվել են կուսակցական դաշտում, մենք այդ խաղի կանոնները մերժում ենք»,-ասաց քաղաքագետը: Առայժմ նոր քաղաքական ուժի մեջ ներգրավված անկուսակցականների անունները պարոն Հովհաննիսյանը չի բացահայտում, բայց նշեց, որ նրանք «էս ազգի ամենախելոք մարդիկ են» եւ վայելում են ժողովրդի հարգանքը: Ըստ նրա, իրենք լինելու են 4-րդ ուժը՝ որպես այլընտրանք երեք նախագահների շուրջ համախմբվածներին:
Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, անկուսակցականներն «անճար ու խեղճ չեն» եւ այս առումով խնդիրներ չեն ունենա: «Բոլոր մարդիկ, ովքեր, լինելով ՀՀ քաղաքացի, իրենց ցանկությունը կհայտնեն իրենց նպաստը բերելու մեր կազմակերպության կանոնադրական խնդիրների լուծմանը, այդ հնարավորությունը կունենան»,-ասաց Հմայակ Հովհաննիսյանն ու հավելեց, որ անձամբ ինքը շփումների լայն շրջանակ ունի, ընկերներ, ովքեր Հայաստանի քաղաքացի են, բայց խոշոր բիզնեսներ ունեն Ռուսաստանում, ուստի նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում Հայաստանի իշխանությունները չեն կարող «նրանց գործերը փչացնել»: Ըստ որոշ տեղեկությունների՝ ստեղծվելիք «Անկուսակցականների միավորումն» առնչություններ ունի Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ:
Կարծիքներ