«Կինոաշուն» կինոամիսը մեկնարկեց

«Կինոաշուն» կինոամիսը մեկնարկեց
Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկեց «Կինոաշուն» կինոծրագիրը, որի նպատակն է վերականգնել հայկական կինոյի եւ հայ հանդիսատեսի անմիջական հանդիպումները:  Բացման խոսքով հանդես եկան Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որը շատ էր շտապում եւ ելույթ ունենալուց հետո անմիջապես վազքով դուրս եկավ կինոդահլիճից: Հատվածաբար, ելույթների արանքում ցուցադրվեց այդ օրվա համար պատրաստված մի ֆիլմ:



Սովետական շնչով ստեղծված այդ ֆիլմը փոքրիկ էքսկուրս էր, որ ներկայացնում էր «Հայֆիլմը» ծնունդից մինչեւ մեր օրերը: Ֆիլմում «Հայֆիլմը» ներկայացված էր որպես կերպար, որը կադրից դուրս խոսքով պատմում էր իր ու հանդիսատեսի հարաբերությունների մասին, տեքստի բառերը հարմարեցնելով «Հայֆիլմում» նկարահանված ֆիլմերի վերնագրերին: Այնուհետեւ երաժշտական փոքրիկ էքսկուրս կատարեց Մարտին Վարդազարյանը, որն արագ կարգով ներկայացրեց հայկական ֆիլմերի համար երաժշտություն գրած կոմպոզիտորներին, այդ թվում նաեւ իրեն: Ելույթ ունեցավ նաեւ Ալբերտ Մկրտչյանը եւ շատ բարձր գնահատեց ծրագիրը: