Պզոյենց հետ առնչություններ ունեն

Պզոյենց հետ առնչություններ ունեն
«Կարծում եմ՝ ԱՄՆ դատախազների պահվածքը նաեւ հուշում է, որ իրենց տեսակետով, որոշակի առնչություն կա Հայաստանի իշխող դասի որոշ ներկայացուցիչների հետ, եւ չի բացառվում, որ հարցաքննությունները, հետաքննությունները հասնեն նաեւ իշխանական որոշ շրջանակներին»,- ԱՄՆ-ում բացահայտված հանցավոր խմբի հետ կապված մեր հարցին ի պատասխան երեկ ասաց «Ժառանգության» ղեկավար, ԱՄՆ նախկին քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա միեւնույն ժամանակ անընդունելի է համարում, որ «հայկական» բառը ԱՄՆ-ում կպցվեց այդ հանցախմբին՝ ստվերելով ԱՄՆ հայ համայնքի կերպարը: «Մյուս կողմից, եթե կա ճշմարտություն, եթե կա առնչություն Հայաստանի իշխող դասակարգի հետ, դա պետք է բացահայտվի: Դա պետք է ոչ միայն ԱՄՆ-ին, դա պետք է առաջին հերթին Հայաստանի եւ մեր քաղաքացիների համար»: Ր. Հովհաննիսյանը կարծում է, որ հետաքննությունը դեռ երկար կտեւի եւ նոր բացահայտումներ կլինեն: «Դեմ լինելով ԱՄՆ մեթոդաբանությանն այս հարցում, որ անմեղության կանխավարկածը խախտում են, ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում սա հնարավորություն է, որ հայ ժողովուրդը նաեւ որոշ ճշմարտություններ իմանա իր սեփական համաքաղաքացիների եւ որոշ իշխանավորների մասին»,-հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը: