Կատվի խաղը, մկան մահը կամ ի՞նչ ասել կուզի ԱՄՆ-ն

Կատվի խաղը, մկան մահը կամ ի՞նչ ասել կուզի ԱՄՆ-ն
Հոկտեմբերի 27-ին, մինչ Սերժ Սարգսյանը Աստրախանում Ալիեւի հետ քննարկում էր ԼՂ ազատագրված տարածքները Ադրբեջանին զիջելու հարցը,  իսկ Հայաստանում հանրությունը սգում էր 11 տարի առաջ խորհրդարանում տեղի ունեցած կոտորածը, տեղեկատվական դաշտը ցնցվեց Սարգսյան ընտանիքին վերաբերող հերթական սկանդալային լուրից:  Համացանցում  հայտնվեց մի տեսանյութ, որում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայկական համայնքը ներկայացնող մի երիտասարդի հետ զրույցում ասում է, որ հայ-թուրքական գործընթացի ժամանակ Սերժ Սարգսյանը զանգահարել է իրեն  ու ասել, որ  հայ-թուրքական գործընթացի թեժ պահին չճանաչեն Հայոց ցեղասպանությունը:



Երիտասարդ հայի հարցին, թե «Ես ուզում եմ իմանալ` ո՞րն է այն ուղերձը, որը մենք պետք է փոխանցենք մեր համայնքին», Ջո Բայդենը պատասխանում է. «Ասեք նրանց, որ Հայաստանի նախագահը զանգել է ինձ եւ ասել` մի թեժացրեք այս խնդիրը, քանի դեռ մենք բանակցում ենք: Մենք հետ կանգնեցինք: Դա անցյալում է հիմա: Իրականությունը դաժան է»: Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը նույն օրը հերքեց ակնհայտը ու հայտարարեց, թե իր տերը երբեւէ նման խնդրանքով չի դիմել Բայդենին: «Վստահ լինելով, որ Սպիտակ տունն իր տրամադրության տակ ունի ԱՄՆ փոխնախագահի բոլոր պաշտոնական հեռախոսազրույցների սղագրություններն ու ձայնագրությունները, ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնապես տալիս է իր համաձայնությունը` հրապարակելու նշված հեռախոսազրույցի ձայնագրությունը»,- նշված է հայտարարության մեջ: Ապշելու բան է:



Միթե կգտնվի մեկը, որը կհավատա, որ «Ճ» դասի երկրի նախագահի հետ բոլոր զրույցները, լինի հեռախոսային, մասնավոր, թե պաշտոնական, ԱՄՆ-ի պես հզոր երկրները պատրաստ են հրապարակել միմիայն այն պատճառով, որ «Ճ» կարգի երկրի նախագահի մամուլի քարտուղարը թույլատրել է: Փոխարենը անցած շաբաթ օրը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածեց հայտարարություն, որում մասնավորապես ասվում է՝  «ԱՄՆ փոխնախագահը եւ նախագահ Սարգսյանը 2009թ. ապրիլին երկու անգամ խոսել են: Այս խոսակցությունների ընթացքում փոխնախագահն ասել է նախագահ Սարգսյանին, որ Միացյալ Նահանգները հավատում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ սահմանների բացումը ճանապարհ կհարթեն Հայաստանի ավելի լավ ապագայի համար,  եւ հայտնել է Միացյալ Նահանգների աջակցությունը նրա առաջնորդության համար:



Փոխնախագահը հայտնել է Օբամայի վարչակազմի աջակցությունը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ հայ-թուրքական համատեղ հայտարարության մասին Շվեյցարիայի առաջարկին: Նախագահ Սարգսյանը չի խոսել նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձի բովանդակության մասին եւ չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի 252 բանաձեւի դիտարկումը: Ընդհակառակը, փոխնախագահ Բայդենի եւ նախագահ Սարգսյանի միջեւ խոսակցությունները, որոնց վերջերս անդրադարձել է փոխնախագահ Բայդենը, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար անհետաձգելի քայլեր կատարելու անհրաժեշտության մասին էին:



Երկու ղեկավարները համաձայնել են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»: Այս հայտարարությունը իրականում ոչ թե հերքում է համացանցում առկա տեսանյութի իսկությունը, ինչպես նշում են այն տարածող լրատվամիջոցները, այլ փորձում է Սերժ Սարգսյանին ազատել հասարակական դաշտում ծավալված քննարկումներից: Իրականում  խոսքը գնում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող ԱՄՆ մոտեցումների մասին:  Ի՞նչ է նշանակում  «Նախագահ Սարգսյանը չի խոսել նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձի բովանդակության մասին եւ չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի 252 բանաձեւի դիտարկումը»:



Իսկ ո՞վ է ասել, որ խոսել է, այն էլ՝ բովանդակության մասին: Կարելի է մտածել, որ Օբաման թույլ կտար Սերժ Սարգսյանին քննարկել իր ուղերձի բովանդակությունը: Գաղտնի նկարահանված տեսանյութում հստակ լսվում է, որ Բայդենը ասում է բառացիորեն հետեւյալը՝ «Հայաստանի նախագահը զանգել է ինձ, ասել` մի թեժացրեք այս խնդիրը, քանի դեռ մենք բանակցում ենք», ինչն ապացուցվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարությամբ՝ «Փոխնախագահ Բայդենի եւ նախագահ Սարգսյանի միջեւ խոսակցությունները, որոնց վերջերս անդրադարձել է փոխնախագահ Բայդենը, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար անհետաձգելի քայլեր կատարելու անհրաժեշտության մասին էին:



Երկու ղեկավարները համաձայնել են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»: Այսինքն՝ Հայաստանը չպետք է առաջ քաշի ցեղասպանության հարցը, որպեսզի Թուրքիան համաձայնի հարաբերություններ սկսել առանց նախապայմանների եւ սա է այն «անհետաձգելի քայլը», ինչի մասին էլ խոսում է Բայդենը սփյուռքահայ երիտասարդի հետ: Իսկ թե Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ինչո՞ւ է իր երկրի փոխնախագահի վարկանիշի հաշվին փորձում սատար կանգնել Սերժ Սարգսյանին, այն էլ այն դեպքում, երբ այդ նույն Օբաման մինչ օրս չի էլ շնորհավորել Սերժին «նախագահ ընտրվելու» կապակցությամբ, կարելի է միայն կռահել:



Նախ Հայաստանի նման երկրի հասարակության կարծիքը ԱՄՆ-ի նման երկրի փոխնախագահի մասին կոպեկի արժողություն չի կարող ունենալ ընդհանրապես: Հետո էլ, եթե անգամ մի պահ մոռանանք բոլորովին վերջերս այդ նույն ԱՄՆ հատուկ ծառայությունների բացահայտած հայկական մաֆիայի գործի մասին, որն ուղղակիորեն կապվում է մեր երկրի իշխանական վերնախավին, միեւնույն է, Սերժ Սարգսյանի նման նախագահը հենց այնպես չի կարող ստանալ այս հայտարարությամբ ցուցաբերվող «աջակցությունը» եւ եթե ստացել է, ուրեմն  կամ լուրջ ծառայության դիմաց, կամ էլ ԱՄՆ-ն մկան հետ խաղացող կատվի ռազմավարությամբ կոնկրետ խնդիր է հետապնդում: