Ճանապարհային քարտեզը չի ստորագրվի

Ճանապարհային քարտեզը չի ստորագրվի
«Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը, որով պահանջում է դե յուրե ճանաչել Արցախի անկախությունը, այդպես էլ չմտավ ԱԺ օրակարգ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկով երկու քառօրյայով հետաձգվեց: Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Ժառանգության» այդ առաջարկը նորմալ համարեց, սակայն ինքը համոզված է, որ հիմա Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար հարմար պահ չէ, եւ օրինագծի քվեարկության հետաձգումը ճիշտ էր. «Ես կարծում եմ, որ Ղարաբաղի ճանաչման գործընթացը կամ պետք է սկսվեր շատ շուտ, այն ժամանակ, երբ որ Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը:



Հիմա դա չի բերի որեւէ որակական փոփոխության, որովհետեւ եթե Ղարաբաղի ճանաչումից հետո որեւէ այլ երկիր չի ճանաչել, ապա այս պահին դա կարող է բերել տարածաշրջանում ապակայունացման: «Ժառանգության» առաջարկին շատ նորմալ եմ վերաբերվում: «Ժառանգությունը» ընդդիմություն է, եւ իրենց առաջարկը մեզ համար ընկալելի է: Բայց պետական շահերից ելնելով, որոշումը որպես այդպիսին դնել քվեարկության, միակ ընկալելի ձեւն էր: Ես չեմ կարծում, որ Հանրապետական կուսակցությունը կամ խորհրդարանում ներկայացված այլ ուժերը կարող էին դեմ քվեարկել»: Արամ Կարապետյանը համոզված է, որ համաշխարհային հանրությունը այնուամենայնիվ ցանկանում է լուծել ղարաբաղյան թնջուկը եւ բացել հայ-թուրքական սահմանը, սակայն միջազգային հանրությունը հարցի լուծումը տեսնում է «Հողեր՝ ժամանակավոր կարգավիճակի դիմացի» շրջանակում:



Ինչ վերաբերում է դեկտեմբերի 1-2-ին Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում ԼՂ հարցով ճանապարհային քարտեզի ստորագրման հավանականությանը, «Նոր ժամանակների» առաջնորդն ասաց. «Իմ կարծիքով՝ ճանապարհային քարտեզ՝ որպես այդպիսին, կպարտադրվի, բայց կարծում եմ, որ խիստ ժամանակացույցով քարտեզ Սերժ Սարգսյանը չի ստորագրի: Բայց որեւէ մի այլ փաստաթուղթ, որը նման կլինի Աստրախանի, Մայնդորֆի փաստաթղթերին, կպարտադրվի, որը ցույց կտա, որ երկու կողմերը հարցը լուծելու կամք են դրսեւորում»: