Օրակարգում հայկական երրորդ պետությունն է

Օրակարգում հայկական երրորդ պետությունն է
Հայաստանյան մամուլում ցանկալի հյուր է դարձել «դե յուրե Ադրբեջանի քաղաքացի» Գրիգորի Այվազյանը, որը մի իսկական շոու է սկսել՝ Կովկասում նոր պետություն՝ Հայոց Աղվանք ստեղծելու առաջարկով, որի մայրաքաղաքը կլինի Լաչինը։ «Մենք առաջիկայում մտադիր ենք դիմել ԼՂՀ-ին խնդրանքով՝ մեզ տրամադրել 7 ազատագրված շրջանները՝ Լաչին մայրաքաղաքով, անկախ եւ ինքնիշխան ադրբեջանահայության հանրապետություն ստեղծելու նպատակով»,- Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել էր Գ. Այվազյանը եւ հավելել, թե չի բացառվում, որ ժամանակի ընթացքում հանրաքվեի միջոցով կմիանան կամ ԼՂՀ-ին, կամ Հայաստանին:



Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահի այս նախաձեռնությունը տարբեր կերպ են մեկնաբանում Արցախում՝ «դիվանագիտական կարեւոր քայլ»-ից մինչեւ «քաղաքական դիլետանտիզմի ցայտուն օրինակ»։ Արցախի պաշտպանության բանակի սպա Ա. Խաչատրյանը գտնում է, որ այդտեղ ոչ մի արտառոց բան չկա։ «Միեւնույն է, այդ տարածքները միշտ էլ մերն են լինելու,- ասաց նա,- անկախ նրանից` դրանք Աղվանք են կոչում, թե Արցախ։ Պարզապես սա դիվանագիտական քայլ է, միջազգային հանրությանը, ԵԱՀԿ-ին ցույց տալու, որ հայերս ոչ մի մտադրություն չունենք մեր ազատագրված հողերից հրաժարվելու»։ Այս կարծիքին են նաեւ ղարաբաղցի որոշ քաղաքական գործիչներ։



Կովկասում հայկական երրորդ պետությունը ստեղծելու Գրիգորի Այվազյանի մտադրության եւ ազատագրված տարածքները ադրբեջանահայերին որպես փոխհատուցում տրամադրելու տեսակետի հակառակորդները գտնում են, որ նույն տրամաբանությամբ, երբ ազատագրենք Նախիջեւանը, կարող ենք խնդրել գերտերություններին, որ մեզ տրվի այն որպես Ջուղայի խաչքարերի ավերման փոխհատուցում: Հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Սարգսյանը կեսլուրջ-կեսկատակ ասում է, որ եթե դա հաջողությամբ պսակվի, ապա մենք՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներս, կորած ենք, քանզի ավելի խուլ շրջափակման մեջ ենք ընկնելու եւ ստիպված ենք լինելու Հայաստան գնալ վիզային ռեժիմով, հատելով Հայոց Աղվանքի ցամաքային կամ օդային սահմանը:



«Չգիտես զարմանա՞ս, թե՞ ուրախությունից խենթանաս,- ասաց նա:- Բանից պարզվում է, որ ազատագրված տարածքները, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ օտարից արյունով վերցված հայկական հող, ոչ միայն թուրք-ազերիներին են գայթակղում, այլ նաեւ մեր ազգակիցներին, ովքեր, չգիտես ինչու, ուզում են նոր պետություն ստեղծել, այն էլ, ոչ ավել, ոչ պակաս՝ Լաչին մայրաքաղաքով: Այ քեզ հայկական դիվանագիտություն...»:



Ճիշտն ասած, գուցե իրոք Գ. Այվազյանի՝ ազատագրված տարածքներում նոր պետություն ստեղծելու գաղափարը դիվանագիտական հետաքրքիր քայլ է կամ գուցե ինչ-որ տեղ կարելի է հասկանալ այդ տեսակետի հակառակորդների տարակուսանքը, երբ վերջերս պարբերաբար հայտարարում ենք, թե այդ տարածքներն ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ, եւ դա փորձում ենք լսելի դարձնել միջազգային հանրություն կոչվածին, բայց ահա, հայտնվել է Գ. Այվազյանը՝ իր նոր «հայտնությամբ», եւ փորձում է ավելի խճճել ղարաբաղյան հարցի մեջ առանց այն էլ խճճված միջազգային հանրությանը։ Իսկապես կարելի է հասկանալ այս մարդկանց մտահոգությունը, քանզի նրանք աչքի առաջ ունեն երեկվա մեր նմանատիպ «դիվանագիտության» դառը պտուղները, երբ արցախցիները մեծ ու փոքրով պայքարի էին ելել Հայաստանին միանալու տասնամյակներ շարունակ փայփայած գաղափարով, սակայն հանկարծ պարզվել է, որ ամենաճիշտ քայլն անկախ պետականություն հռչակելն է...



Ադրբեջանցիների պարագայում ամեն ինչ պարզ է։ Ղարաբաղի հարցում կրտսեր Ալիեւից մինչեւ ամենահետին չոբանը ունեն հստակ նպատակ՝ «Ղարաբաղը մերն է եւ վերջ»։ Եվ իրենց նպատակին հասնելու համար ոչինչ չեն խնայում՝ սկսած քաղաքական-դիվանագիտական դաշտից, վերջացրած տեղեկատվական դաշտում սուտ ու կեղծիքով իրենց «ճշմարտությունը» շեփորելով։



Մեզ մոտ Արցախի հարցում պետականորեն մշակված  ծրագիր չկա, անգամ պարզ չէ, թե ի վերջո ինչ ենք ուզում, որի պատճառով այսօր ղարաբաղյան խնդիրը ներքաղաքական դաշտում հայտնվել է «կարապի, խեցգետնի եւ գայլաձկան» հանրահայտ առակի դերում։ Յուրաքանչյուրը Ղարաբաղ-սայլն իր ուզած կողմն է ձգում։ Չհաշված, որ կան նաեւ այնպիսիք, ովքեր գտնում են, թե «սայլը» տեղից չշարժվելու պատճառն անիվներն են եւ դրանք անհապաղ պիտի հանել...



Գուցե Գ. Այվազյանն ուզում է օգտակար մի բան անել, քանզի նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր են մի բան անել, կամ ոչինչ չեն անում (խոսքն Արցախի իշխանությունների մասին է), կամ չգիտեն ինչ անել (խոսքը ՀՀ իշխանությունների մասին է) եւ քաղաքականության փոթորկահույզ ծովն ընկած տաշեղի պես այս ու այն կողմ են շպրտվում՝ սպասելով, թե Մոսկվայից կամ եվրոպա-ամերիկաներից ինչ հրահանգներ են տալու իրենց։



Ու քանի դեռ այսօր մեզ «առաջնորդում է» քաղաքական այս ամորֆ զանգվածը, բացառված չէ, որ վաղը մեզանում մի ուրիշն էլ առաջարկի մշակել, ասենք, Արցախը Լուսնին միացնելու ծրագիր։ Այստեղ արտառոց կամ զարմանալու ոչինչ չկա. երբ կա քաղաքական վակուում, այն մի բանով պիտի լցվի։



Վարդգես ՕՎՅԱՆ

Ստեփանակերտ