Միքայել Հայրապետյան. Կամակատարի դերում

Միքայել Հայրապետյան. Կամակատարի դերում
Հայաստանում քաղաքական իմաստով բացարձակապես որեւէ կուսակցություն չկա: Անգրագիտություն է եղածներին կուսակցություն անվանելը, որովհետեւ Հայաստանում եղած կազմակերպությունները, որոնք իրենց կուսակցություն են անվանում, որեւէ պարամետրով դասական քաղաքական կուսակցությանը չեն բավարարում: Այնպես որ, քաղաքական դաշտ էլ՝ որպես այդպիսին, բնականաբար Հայաստանում չկա:



Եթե այն ուժերը, որոնք իրենց քաղաքական են անվանում, կկարողանան հասարակական գիտակցության մեջ լուրջ բեկում մտցնել, ինչը Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժումը սկսեց 2008 թվականի փետրվարին, ուրեմն ռուսական այս բլոկադային պատնեշ կստեղծվի, իսկ եթե ոչ, ուրեմն մենք այսպես, ինչպես հռոմեական սենատորները՝ տաք ավազանի մեջ իրենց երակները բացած կամ, ինչպես Թումանյանը կասեր՝ լավին անտեղյակ, վատին՝ անտարբեր վիճակում որպես երկիր գնալու ենք դանդաղ մահվան: Հայաստանում քաղաքական դաշտ դժբախտաբար չկա, որպեսզի քաղաքականություն լինի: Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանի «ներքաղաքական դաշտում», ոչնչություն է՝ ճիշտ այնպես, ինչպես այս «կուսակցությունից» մյուսը գնացողները:



Այդ ամենը քաղաքականության հետ կապ չունի: Նրանք պարզապես զուտ անձնական խնդիրներ են լուծում իրենց տեղաշարժերով ու հրահանգներ կատարելով: Միակ քաղաքականությունը երեւի թե թերթերն են անում, որոնք փորձում են ընթերցողի գիտակցության մեջ բեկում մտցնել: Ռուսաստանից եկած ծրագրի դեմ միայն թերթերն են գործում՝ չգիտեմ գիտակցաբար, թե չգիտակցված, բայց լրագրական աշխարհն է գործում, փորձում է օրինականության դաշտ տեղափոխել հարաբերությունները ինստիտուտների հետ, փորձում է բացահայտումներ կատարել: Դա ավելի լուրջ քաղաքականություն է:



Մնացած պարագաներում Հայաստանում ոչ քաղաքական դաշտ կա, ոչ քաղաքական կուսակցություն: Դրա պատճառը, դժբախտաբար, դուալիստական է:  Եվ մեր ներսում հազար տարվա ճորտությունը մինչեւ վերջ չենք կարողացել հաղթահարել, եւ երկրորդը՝ Հայաստանը ռուսական կայսրության ամենախայտառակ գաղութն է:



Միքայել ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հայաստանի պահպանողական

կուսակցության նախագահ