Մեկնարկը տրվա՞ծ է

Մեկնարկը տրվա՞ծ է
Եթե անտեղյակ մարդը հետեւի մեր հեռուստաեթերին, կարող է կարծել, թե մի 10 օրից, մաքսիմում՝ մեկ ամսից Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու: Բոլորն այնպես են լծվել ընտրապայքարի, թվում է՝ էլ օր չի մնացել, վերջին շնչում պետք է հասցնել ձայներ ստանալ, մարդկանց ուղեղները լվանալ, համոզել, որ իրենցից լավը չկա: Ընդհանրապես, մեր կյանքը կարելի է բաժանել երկու փուլի՝ ընտրություններից առաջ եւ ընտրություններից հետո: Ընդ որում, այդ փուլերի միջեւ տարբերությունը եւ դադարը շատ փոքր է: Այսպես, մի կես կամ առավելագույնը մեկ տարի ժամանակավոր հանգստի շրջան է լինում, ապա սկսվում է նախընտրական դաժան պայքարը: Որ երբեմն կենաց-մահու պայքար է հիշեցնում՝ արյունահեղ մենամարտերով, կեղծիքների նախապատրաստությամբ, ընտրակեղծարարների բանակների վարժանքներով, մրցակիցների կոկորդը կրծելու վճռականությամբ: Եվ ամենակարեւորը՝ հեռուստագովազդի անչափ ու անօրինակ, անճաշակ ու անզուսպ օգտագործմամբ: Արդեն իսկ կուսակցությունների ներկայացուցիչները եթերից չեն իջնում. ասուլիս ասուլիսի ետեւից են տալիս, էլ բարեգործական ակցիաներ, էլ քայլարշավներ ու մարզական միջոցառումներ անում, էլ առողջապահական ակցիաներ կազմակերպում ու կուսակցությունների տարեդարձներ նշում: Նաեւ հայտնի ու անհայտ  սոցիոլոգներն են սկսել ակտիվանալ՝ հարցումներ ու տոկոսներ են հրապարակում նրանց օգտին, ով ուժեղ է եւ ով շատ փող ունի: Հավանաբար շուտով նաեւ նոր լրատվամիջոցներ լույս աշխարհ կգան, որոնք նախընտրական շրջանում հանձն կառնեն որոշ կուսակցությունների եւ անհատների PR-ը: Մի խոսքով՝ մեզ բարդ ժամանակներ են սպասվում: Տա Աստված անփորձանք հաղթահարենք այս շրջանը՝ անկորուստ կամ գոնե նվազագույն կորուստներով: