Կառուցել, թե պաշտպանել

Կառուցել, թե պաշտպանել
Հոկտեմբերի 8-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում կայացել է հոբելյանական երեկո՝ նվիրված Արցախյան շարժման ակտիվիստ, 1988-90 թթ. Արցախի պաշտպանության շտաբի պետ, «Կռունկ» կոմիտեի եւ Ազգային խորհրդի նախագահության անդամ, ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, արցախյան ֆուտբոլի երախտավոր Ռազմիկ Պետրոսյանի ծննդյան 70-ամյակին։



Ելույթ ունեցողները նշել են այն մեծ վաստակը, որ Ռ. Պետրոսյանն ունեցել է արցախյան ֆուտբոլի զարգացման գործում, հատկապես վերհիշելով 1977 թվականը, երբ գլխավոր մարզիչ Ռ. Պետրոսյանի ղեկավարած «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմը, հաղթելով ադրբեջանական բոլոր ակումբներին, նվաճել էր Ադրբեջանի չեմպիոնի կոչումը եւ իրավունք ստացել մասնակցելու ԽՍՀՄ 2-րդ խմբի վարպետ թիմերի առաջնությանը։ Ապա անդրադարձել են արցախյան շարժման տարիներին ու ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում Ռ. Պետրոսյանի ունեցած ծառայությանը, հասարակական-քաղաքական գործունեությանը։



Երեկոյին ներկա է եղել նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որը հոբելյարի վաստակի մասին իր խոսքում բարձր է գնահատել Ռազմիկ Պետրոսյանի ավանդը Ղարաբաղում սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացման գործում ու նրան հանձնել Արցախի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը հաստատող վկայական:



Երեկոյի վերջում Ռ. Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին եւ, հիշեցնելով, որ պատերազմը դեռ չի ավարտվել, ու հակառակորդը օրեցօր շարունակում է հզորացնել իր ռազմական պոտենցիալը, իր խոսքն ավարտել է միջոցառմանը ներկա Արցախի իշխանություններին ուղղված խորհրդով՝ առաջարկելով մայրաքաղաքը հեղեղած շինությունների ու շինարարական աշխատանքների համար շռայլվող գումարների մի մասը ներդնել երկրի պաշտպանության ամրապնդման գործին։ Երեկոյի մասնակիցները հոբելյարի այս խոսքերն ընդունել են ոգեւորությամբ եւ բուռն ծափողջույններով, քանզի այսօր Ստեփանակերտում շատ-շատերն են դժգոհում շինհարթակի վերածված մայրաքաղաքում կատարվող աննպատակ շինարարական եռուզեռի մասին։



Ի դեպ, Ստեփանակերտի կենտրոնում գտնվող Ս. Շահումյանի անվան պուրակը, որ վերջերս հիմնովին քանդվել ու ծայրեծայր սալահատակվել էր ու հավելվել «երգող շատրվանով», եւ իշխանություններն այդ պուրակի բացումը վերածել էին առնվազն համաքաղաքային շոուի, այսօր հազիվ թե որեւէ մեկին զարմացնի իր գեղեցկությամբ։ «Երգող շատրվանն» այլեւս չի երգում, դատարկ ջրավազանի միջից անճոռնի ցցված խողովակներն ու լուսարձակներն անցորդների վրա միայն ողորմելի տպավորություն են թողնում։ Շոուն ավարտվել է, մնացել է այն ամենը, որ լիովին համապատասխանում է երկրի թշվառ կյանքին։



Վարդգես ՕՎՅԱՆ

Ստեփանակերտ