Մնում ես` չի լինում, գնում ես` չի լինում

Մնում ես` չի լինում, գնում ես` չի լինում
«Բա հինչ անիմ, թոռներիս հունց պահիմ, որ վիլուկ չծախիմ, հո խոպան չեմ գնալու, այ բալա, հայ-հայս քեցալ, վայ-վայս  ա մնացալ»,-ասում է Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիանի տարածաշրջանի Սառնակունք գյուղի մոտակայքում ավելուկ վաճառող Հեղուշ տատը: Ծննդով Կապանի տարածաշրջանի Շիշկերտ գյուղից է, ամուսնացել է Գորիսում, զավակներ ունեցել, թոռներ:



Երկար տարիներ Կապանում դատախազի գործավար է աշխատել, հետո են տեղափոխվել Գորիս: «Ես վիլուկ ծախող կնեգ չըմ լա, հարցրեք, կիմանաք հուվ ա լյած տիկին Հեղինեն, պա հինչ անիմ, այ տղա, տոնը ինձ վրա ա»,-պատմում է 81-ամյա կինը` չմոռանալով մեքենաներից իջնողներին համոզել, որ իր բերած ավելուկը սարի է ու դառը չի լինի: Գորիսում է ապրում, սեզոնից սեզոն գալիս է այստեղ: «Ցորտ, տաք, քամի չի ազդում արդեն, հեսա վիլուկի սեզոնը պրծնի, տոն եմ քինյալու, բա թոռներս գերազանց են սովորում, պիտի գոնե շորերն ու մնացած զիզի-բիզի բաները հասցնեմ»,-ասում է տատը` կարծես արդարանալով, որ վատ գործ չի անում:



Տղան Արցախյան ազատամարտում է զոհվել, ու այդ օրվանից տան հոգսը տատի ուսերին են: «Ամեն հինչ րալ եմ, որ թոռնիկներս չնեղվեն»,-արտասուքն աչքերին ասում է նա: Բայց անմիջապես սրբում է ու էլի շարունակում խոսակցությունը: Շատ ուրախ է, որ Սառնակունքում ծանոթ ունի ու մի 3 ամիս նրանց տանն  է մնում: «Վարձ չեմ տալիս, բայց բաղի գործին օգնում եմ, ջրում եմ, քաղհանում, բա համոթ չի՞ իրանց տանը մնամ, հո ծրիակեր չե՞մ»,-լրջանալով ասում է տիկին Հեղուշը: «Տատի, փաստորեն, միգրանտ ես, էլի»,-փորձում եմ կատակի տալ ու շարունակել զրույցը տատի հետ:



Տարիքից համեմատաբար երիտասարդ երեւացող կինը սաստում է ինձ` ասելով, որ «Հեղուշը սաղ իրավաբանական բառերը գիդում ա»: «Օզում ես միգրանտ ասի, օզում ես փախստական, օզում ես խոպանչի, համոթ պեն չի տոն պահելը, հո այլանդակություն չեմ անում»,-ասում է նա: Զարմանալի է, բայց Հեղուշ տատը տեղյակ է աշխարհից: Կարդացել է, որ հայ աղջիկները խաբվում են ու գնում Թուրքիա կամ Դուբայ, հայ տղամարդիկ ռուսաստաններից տուն չեն գալիս, ամուսնացել են ու էնտեղ են մնում: «Բալա, տրա մասին կիրի, թող տոն կյան, ազգդ կործանվում ա»,-ասում է նա:



Հեղուշ տատը համոզված է, որ ինքը տղային չէր թողնի արտագնա աշխատանքի մեկներ: «Միասին մի պան կանեինք, յոլա կգնայինք, դրսերում հինչ կա, ոսկի, ստեղ էլ կա էդ ոսկին, մինակ պիտի աշխատիս, իմ ոսկին էս վիլուկն ա»,-ասում է կինն ու ցույց տալիս ավելուկի կապերը: «Մեծ-մեծ եմ կապում, կապը 1000 դրամ, թող տանին օտին ու օրհնին ծախողին»,-ասում է նա ու շարունակում նախորդ թեման: «Ստեղ ում տանը մնում եմ, խոխեքը Մոսկվա են, ոչ մի կոպեկ չեն ուղարկում, միայն Նոր տարուն մի 100 դոլար, հիմա լավ կլնի չէ, որ ստեղ լինեն, իրանց բոստանը մշակեն, խիար-պամիդոր ծախին, եսիմ, գյուդում չում»,-ասում է տատը:



ԽՈՊԱՆՆ ԷԼ ՄԻ ԲԱՆ ՉԻ



52-ամյա Սամվել Գեւորգյանը Ռուսաստանի տարբեր երկրներում է դեգերում: Թողնելով կնոջը, տղային ու աղջկան՝ 17 տարի առաջ մեկնել է փող աշխատելու: Բայց ապարդյուն: Երեխաները մեծացան, սովորեցին, ամուսնացան, բայց Սամվելն ընտանիքից անտեղյակ էր: Հազարից մեկ էր արձագանքում ընտանիքի հորդորներին ու տարեկան երկու անգամ մի քիչ փող ուղարկում:  22-ամյա որդին մի օր հասնում է հոր մոտ, տեսնում, որ հայրն ամուսնացել ու նույնիսկ երեխա ունի: «Ի՞նչ անեի, բա ո՞նց յոլա գնայի, խաբվեցի...»,-ասում է մեկ տարի առաջ ժամանակավորապես ծննդավայր վերադարձած Սամվելը:



Հետ գալու պատճառն էլ հիվանդությունն է: Թոքաբորբ էր, ու ռուս կինը չի համաձայնվել ամուսնուն խնամել: Կապանում գտնվող ընտանիքի անդամները, ըստ մեր զրուցակցի, մի տեսակ խորթացել են: «Զգում եմ, որ մի տեսակ են իմ նկատմամբ, բայց պիտի գնամ, ստեղ անելիք չունեմ»: Այնտեղ էլ գործերը լավ չեն. շինարարությունում է աշխատում, ֆինանսական ճգնաժամն էլ ավելի սրեց իրավիճակը: Ամիսներով անգործ է, տնից դուրս չի գալիս, ստիպված խմում է, ինչն էլ առողջությունն է քայքայում:



«Ես դարձա խոպանչի ու կործանվեցի: Կարծեցի սովետական տարիներն են, որ գնում էին Ռուսաստան, Ադրբեջան, աշխատում-հետ գալիս: Էլ ընկել եմ, ետդարձի ճամփա չունեմ»,- ասում է Սամվելն ու ծանոթ-անծանոթներին խորհուրդ տալիս, որ չմեկնեն, ինչքան էլ որ հայրենիքում վատ լինի: «Ընտանիքս քայքայվեց, տղաս հիմա Ռուսաստանում, կինս ու աղջիկս Երեւանում վարձով են մնում, Կապանի բնակարանն էլ ծախեցին, սա է ինձ նմանների ճակատագիրը»,-ասում է Սամվելը:



ԴՐՍՈՒՄ ԴԵՄՔԴ ԷԼ ԵՍ ԿՈՐՑՆՈՒՄ



Ի տարբերություն Սամվելի, 33-ամյա Աշոտ Առաքելյանը 10 տարի Դանիայում է ապրել: 26 տարեկան էր, երբ մեկնեց՝ շինարարությունում էր աշխատում։ Վատ չէր, սակայն կարծում է, որ սեփական դիմագիծդ կորցնում ես։ «Անընդհատ միգրանտ են ասում ու ոչ միայն հայերին, բոլորին»,-ասում է զրուցակիցս։ Հետո էլ լեզուն ես մոռանում, ըստ Աշոտի՝ երեխադ դրսում է, այլ լեզվով է խոսում, դպրոցում` նույնպես։ «Կամաց-կամաց մոռանում ես ամեն ինչ, որը կապված է հայրենիքիդ հետ»,-ասում է նա։ Աշոտին օտարությունը չի ձգել, ու  նա անցած տարի վերադարձել է Կապան:



Կատակում է` այստեղ էլ իրեն վատ չեն կերակրում, ու տաքսու բիզնեսով է զբաղվում: «Սերվիս չունեմ, ես իմ մեքենան եմ քշում: Գիտեք, չեմ ասում արտերկրում վատ էի, բայց հայրենիքի կարոտն ուրիշ է: Արտերկիր կարող ես գնալ, հանգստանալ, չնայած հեռանկարը էնդեղ մեծ է՝ զարգացման առումով, բայց մշտական մնալ չարժե: Բա ո՞վ մեր երկիրը պահի»,-ասում է Աշոտը` ավելացնելով, որ շուտով պատրաստվում է ամուսնանալ:



ԻԲՐԵՎ ՎԵՐՋԱԲԱՆ



Պաշտոնական տվյալներով, այս տարվա հունվարից մինչեւ սեպտեմբեր Սյունիքի մարզ եկել է 107 մարդ, մեկնել 566-ը։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում եկել է 107, մեկնել 579 մարդ։ Այստեղ ներառված է նաեւ ներմարզային ու միջմարզային միգրանտների թիվը։