Էստեղ աշխատել այլեւս հնարավոր չէ ինձ համար

Էստեղ աշխատել այլեւս հնարավոր չէ ինձ համար
Երեկ, երբ այցելեցինք առողջապահության նախարարություն, վարչապետի այցելությունն ու ժողովն արդեն ավարտվել էին: Ի դեպ, դրան չեն մասնակցել հրաժարական տված երկու փոխնախարարները: Վարչապետը խոսել է նախարարության թերացումների եւ հետագա ծրագրերի մասին: Նախարարության աշխատակազմն ամենավերջինն է իմացել փոխնախարարների հրաժարականների մասին: Երեկ նախարարություն մեր այցելության պահին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը նախարարությունում չէր, նա այդ օրն ընդհանրապես չէր եկել նախարարություն, չնայած նախորդ օրը սովորականի պես գնացել է աշխատանքի: Հրաժարական ներկայացրած մյուս փոխնախարար Թաթուլ Հակոբյանը մեր այցելության պահին իր կաբինետում վերջին աշխատանքներն էր ավարտում: Նա համաձայնեց պատասխանել մեր հարցերին:



- Պարոն Հակոբյան, ինչո՞ւ որոշեցիք հրաժարական տալ, ի վերջո այս հրաժարականն ինչո՞վ էր պայմանավորված:



- Էսպես ասեմ: Ես պարբերաբար, ինչ-որ պահեր ցանկություն ունեցել եմ դիմում գրելու:



- Ինչո՞ւ:



- Դա պայմանավորված է ստեղծված իրավիճակով` աշխատանքային հարաբերություններ, պայմաններ:



- Ո՞ւմ հետ են հարաբերությունները լարված եղել, նախարարի հե՞տ:



- Այո:



- Ի՞նչ իմաստով:



- Դե, չեմ ուզում մանրամասնել:



- Ստացվում է, որ նախարարն իրեն ոչ ցանկալի անձանցի՞ց է ազատվել:



- Չգիտեմ: Նախարարին հարցրեք: Ես այլեւս չեմ ուզում աշխատել էստեղ, ընդամենը դա:



- Դա կապ ունի՞ նախարարությունում առկա կոռուպցիայի մասին վարչապետի հայտարարության հետ:



- Չէ: Կապ չունի: Ես որոշել եմ, որ էս պայմաններում այլեւս չպիտի աշխատեմ եւ իմ մասնագիտական կարողություններն ու հնարավորությունները պետք է փորձեմ այլ տեղ կիրառել:



- Կարելի՞ է ենթադրել, որ այնքան էլ առողջ մթնոլորտ չի տիրում նախարարությունում:



- Դու չգիտե՞ք, որ առողջ չի, ինձ եք հարցնում: Դուք չգիտե՞ք, բայց ինչի՞ եք ուզում, որ ես դա ասեմ:



- Ձեզնից ազատվելով՝ նախարարությունը, կառավարությունը ի՞նչ հարց է լուծում:



- Ազատվելու խնդիր չկա: Ես ինքս եմ որոշել հեռանալ պաշտոնից: ...Շատ պլաններ կային, որոնք պետք է շարունակեինք` մասնավորապես օրենսդրական բարեփոխումները: Երկու նոր օրենքներ կան՝ «Դեղերի մասին» եւ «Առողջապահության մասին»: Վերջինն արդեն կառավարությունում է, մյուսը դեռ չի ուղարկվել կառավարություն, բաց ես կաշխատեմ օգտակար լինել որպես փորձագետ: Այսինքն՝ ես ընդամենը այս աշխատասենյակից դուրս եմ գալիս:



- Ձեր հրաժարականը հաջորդեց վարչապետի հայտարարությանը, չե՞ք կարծում, որ այդ կոնտեքստում կարող է դիտվել: Ինչո՞ւ հենց հիմա որոշեցիք հրաժարական տալ:



- Որովհետեւ այլեւս հնարավոր չէ էստեղ մնալ: Էստեղ աշխատել այլեւս հնարավոր չէ ինձ համար:



- Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ երկու փոխնախարարով միաժամանակ որոշեցիք հրաժարական տալ:



- Ես չգիտեմ իր որոշման մասին: Իր հետ չեմ էլ խոսել դրա մասին: Ուղղակի ես էդպիսի որոշում կայացրեցի:



- Իսկ նախարարն ինչպե՞ս ընդունեց Ձեր որոշումը:



- Ես նախարարի հետ չեմ խոսել դրա մասին: Երեկ երեկոյան միանգամից գրել եմ վարչապետին:



- Լավ, նախարարն ինչպե՞ս գնահատեց Ձեր այդ քայլը:



- Ընդհանրապես չեմ շփվել նախարարի հետ:



- Նախարարը չի՞ պարզել՝ ինչու եք ուզում հեռանալ, ինչ է կատարվում:



- Ոչ, ես նախարարին չեմ տեսել արդեն մի 20-25 օր:



- Ճի՞շտ է, որ ինչ-որ բան եք ստորագրել, որ իրեն դուր չի եկել:



- Որտեղի՞ց գիտեք:



- Մեր աղբյուրներն են փոխանցել:



- Ես կատարել եմ իմ պաշտոնական պարտականությունները: Չեմ ուզում դա մեկնաբանել:



- Դուք նեղացա՞ծ եք գնում, չգնահատվա՞ծ եք Ձեզ համարում:



- Չգնահատված համարում եմ, բայց նեղացած չեմ: Ումի՞ց նեղանամ: Ոչ մեկից նեղացած չեմ: Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: