Գրիշա Խաչատուրովի մտերիմները զոհե՞ր են

Գրիշա Խաչատուրովի մտերիմները զոհե՞ր են
Տեւական ժամանակ է՝ լրատվական դաշտը հեղեղված է Արարատի զորամասի մասին հրապարակումներով: Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ զորացրված  զինվորներից մեկը մեր թերթում անանուն ներկայացրեց զորամասում տիրող մթնոլորտը, մասնավորապես գումարտակի հրամանատար Ռոժ մականունով Վարդան Մարտիրոսյանի վարքը:



Ապա հայտնի դարձավ, որ այս զորամասում բացի բանակում հայտնի կոռուպցիայից, ոչ կանոնադրային հարաբերություններից ու նվաստացումներից, ստիպել են պայմանագրային զինծառայողներին  վարկեր վերցնել իրենց համար, ինչը, որոշ տեղեկությունների համաձայն, հովանավորել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիշա Խաչատուրովը, որը Վարդան Մարտիրոսյանի մտերիմ ընկերն է, զորամասի նախկին գնդի հրամանատար, ապա բանակային 4-րդ կորպուսի հրամանատարի տեղակալը, սակայն այս ընթացքում շարունակել է «նայել» զորամասը: Քրեական գործ հարուցվեց, Գրիշա Խաչատուրովի մտերիմները՝ Վարդան Մարտիրոսյանն ու  հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Կարապետյանը մեղադրվեցին պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, սկզբում խափանման միջոց կիրառվեց կալանքը:



Իսկ երկու  շաբաթ անց գրավի դիմաց նրանք ազատ արձակվեցին, ու Արթուր Կարապետյանը տեղափոխվեց հոսպիտալ՝  «թութք, արյունահոսություն» ախտորոշմամբ:  Այս բացահայտումները ճակատագրական եղան նաեւ բանակային 4-րդ կորպուսի հրամանատարի տեղակալ Գրիշա Խաչատուրովի համար, վերջինս  հրաժարական ներկայացրեց: Ասում էին, որ այս քայլը պայմանավորված էր իր մտերիմների հանդեպ կիրառված կալանքի սանկցիայով: Արթուր Կարապետյանին  հեռացրին օրերս, իսկ Վարդան Մարտիրոսյանի ճակատագիրը դեռ անհայտ է: Զորամասի բացահայտումների ու հարուցված քրեական գործի վերաբերյալ զրուցեցինք Կարապետյանի ու Մարտիրոսյանի հետ:



ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՎԵՐԱԴԱՍԻ ՀՐԱՄԱՆՈՎ  ՀՈՍՊԻՏԱԼ ՉԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ



Փոխգնդապետ Արթուր Կարապետյանին հանդիպեցինք վիրահատությունից առաջ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ թութքի վիրահատության անհրաժեշտությունն ընդամենը պատրվակ էր կալանքից խուսափելու համար: Անկախ ամեն ինչից՝ պաշտոնաթող փոխգնդապետը վիրահատվել է եւ նույն օրն էլ ստացել զորամասից պաշտոնապես հեռացվելու լուրը: Հիշեցնենք, որ նրան  մեղադրում են հետաքննական մարմնի աշխատանքը խոչընդոտելու մեջ: Իր հետ կատարվածի մասին նա պատմում է անձամբ: «Մեղադրանք է առաջադրվել իմ կողմից անցկացված ծառայողական քննություն անցկացնելու համար:



Ինձ առաջադրանք տվեցին զորամասի հրամանատարի հրամանով անցկացնել ծառայողական քննություն: Զորամասի հրամանատարին է դիմել էն անձնակազմը, որ ռազմական ոստիկանություն են տարել, նվաստացրել ու ծեծի ենթարկել: Էդ պայմաններում պետք է անցկացնել ծառայողական քննություն: Ընթացքում միանգամից ծանոթացել եմ դրամի հետ կապված մանրամասնություններին: Մեղադրանք չէր կարող լինել ծառայողական քննության վրա, որովհետեւ ես ոչ իրավաբան եմ, ոչ քննիչ, ոչ էլ հետաքննիչ, ես ոչ մի բան չեմ կոծկել:



Ես գիտեմ, որ կա քրեական գործ, պետք է չխանգարես, բայց ի հայտ է եկել այսպիսի պայմաններ, որ մարդիկ ետ են եկել ու ասել, որ մեզ ծեծի են ենթարկել: Ես էլ ասում եմ. ինչ կա՝ գրեք, գրում են, ես ներկայացնում եմ հրամանատարին: Հրամանատարը ներկայացնում է ընթացքը, վերջում դուրս է գալիս, որ Արթուր Կարապետյանը մտածված ծառայողական քննությունը տանում  է այլ ուղղությամբ, բայց էդպիսի բան չի եղել: Քննության ժամանակ ոչ մի ճնշում, մենակ եմ եղել, չեմ էլ խառնվել, ասել եմ՝ ինչ կա, գրեք»,-պատմում էր Կարապետյանը՝ առաջարկելով, որ գնան ու ներկայացրած զեկույցի իսկությունը ստուգեն: Իր հետ անցկացնում են հետաքննություն, սակայն ոչ մի բառ, ոչ մի տառ այս մասին  ոչ քննության ժամանակ, ոչ էլ դատարանում չի ասվում:



«Եթե ձեզ հետաքրքիր ա, որ սխալ ուղղությամբ ա տարվել, ապա քննության նյութը ինչի՞ հետաքրքիր չի, նորից որոշում են կայացնում ու ինձ տանում-նստեցնում Ռազմական ոստիկանություն, ինչի՞, իմաստը ո՞րն ա, եթե նույնիսկ մեր եւ ռազմական ոստիկանության միջեւ հակասություն կա: Ինչի՞ եք ինձ՝ գնդի հրամանատարի տեղակալին, 72 ժամ տանում-նստեցնում Ռազմական ոստիկանությունում, իմաստը ո՞րն ա, որ համոզե՞ն, որ ստիպե՞ն, որ պարտադրե՞ն, որ վախեցնե՞ն»,-բորբոքվեց հրամանատարի նախկին տեղակալը:



Մեր հարցին, թե իր դեպքում որ տարբերակն է կիրառվել, պատասխանեց. «Համոզել են, որ աբսուրդներ  ընդունեմ, թեկուզ գրեմ առանց անունների, որ գումարներից տեղյակ եմ, գրեմ՝ ինչ-որ մեկի հետ ինչ-որ տեղ կռվի եմ մասնակցել»: Արթուր Կարապետյանի մեկնաբանմամբ՝ իրեն հանիրավի մեղադրանք է առաջադրվել, ավելին, իր պատմելով՝ այս պատմության մեջ հենց իր նկատմամբ են ճնշումներ գործադրվում: Որպես վառ ապացույց՝ ներկայացրեց իր հոսպիտալ ընկնելու պատմությունը: Պատմեց, որ հրամանատարն ուղեգիր է գրել «Կանազի հոսպիտալ», սակայն այնտեղ իրեն չեն ընդունել, պարզվում է՝ վերադասից հրաման է եղել:



«Գնացել եմ «Կանազի հոսպիտալ», հրամանատարը տվել է ուղեգիր, գնացել եմ հոսպիտալ, խնդիր չկա, ստուգում են թութք՝ արնահոսությունով, առանց ոչ մի սարքավորման, ասել են՝ քո մոտ ամեն ինչ նորմալ է, գրել են, որ կա հիվանդությունը, արնահոսությունը կա: Բայց գիտեք ինչ կա՝ մեզ մոտ չպառկեցնենք, ռեմոնտ ա, բժիշկը (անունը չհիշեց) ասեց՝ Արարատի զորամասից ե՞ս, ասեցի՝ հա, ասեց՝ գնա: Ասեց՝ ես հիմա պետք է զեկուցեմ մինչեւ վերեւ, որ թույլ տան, եթե ես հիմա քեզ փորձեմ պառկեցնել, 15 րոպե հետո նույն ձեւով կլինեմ քո կողքին, գնացեք տուն, մոմիկներ առեք…»,-մանրամասնեց՝ ավելացնելով, թե բժիշկը տեղեկացրել է, որ շաբաթը մի քանի անգամ գալիս են այստեղ ստուգելու՝ կա՞ն արդյոք Արարատի զորամասից:



«Եկել եմ այստեղ, ներկայացել եմ, ընդունել են մարդիկ, ստուգել են, ասել են՝ էս ի՞նչ բարձիթողի վիճակ ա քեզ մոտ»: Սակայն այս հոսպիտալում նրա հանդեպ հումանիստական դրսեւորումները, որոշ տեղեկությունների համաձայն, պայմանավորված են Խաչատուրովների կապերով, ասում են՝ տնօրեն Միքայել Միքայելյանի հետ նրանք քավոր-սանիկական բարեկամություն ունեն:



ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ (ՌՈԺԸ) ՊԱՐԶԱՊԵՍ ԳԱՐԱ՞ՆՏ Է ԵՂԵԼ



Վարդան Մարտիրոսյանն առայժմ ազատության մեջ է, անկախ դեպքերի զարգացումից՝ առողջական վիճակը կայուն է: Նա չցանկացավ առայժմ խոսել՝ պատճառաբանելով ծառայության մեջ գտնվելու հանգամանքը: Միայն մի քանի հարցի պատասխանեց:  «Ցանկության դեպքում կարող եք գնալ զորամաս, որտեղ 3,5 տարի ծառայել եմ, անձնական զրույց 20 հոգու հետ անցկացրեք, ինչ կասեն իմ մասին, նոր տպեք»,-այս խոսքերով հրամանատարն արձագանքեց այն հրապարակումներին, որ զինվորներին ծեծում է, նվաստացնում՝ ընդհուպ համբուրել տալով կոշիկները:



Գրիշա Խաչատուրովի հովանավորության մասին ասաց. «Հովանավոր սկի ինձ իմ ծնողները չեն: Գրիշա Խաչատուրովը իմ ընկերն է, իրար հետ մենք սովորել ենք երկար ժամանակ եւ ընկերություն ենք արել»: Հարցին, թե ստիպե՞լ է պայմանագրային զինծառայողներին վարկ վերցնել, պատասխանեց. «Չկա ըտենց պայմանագրային զինծառայող, որին ես ստիպել եմ վարկ վերցնի: Էդ կարան ստուգեն, ես էդ բանկի հետ մի քիչ մտերիմ եմ եղել, զորամասի սպաների մեծամասնությունը խնդրել են, որ  զանգեմ, գնան վերցնեն՝ հարցեր ունեն լուծելու: Ես զանգել եմ բանկ, ասում եմ՝ էս մարդը իմ ենթական ա, կարաք արխային վարկ տրամադրեք, ինքը կբերի-կմուծի: Ես գարանտ եմ եղել: Իսկ ես որ վերցրել եմ, իմ անունով եմ մուծել ու մինչեւ հիմա էլ մարում եմ: Իրենք իրենց, ես էլ իմ անձնականի համար եմ վերցրել: Ես դեռ չգիտեմ, ես ցուցմունք էլ առայժմ չեմ տվել»:



Ինչ վերաբերում է իր կարիերային, ապա առայժմ գործուղման մեջ է, սակայն թողնելու է բանակը. «Իհարկե, ես էլ դուրս կգամ: Շատ լումա ունեմ իմ չափով ներդրած էդ զորամասում, էդ պոստերում: Համենայնդեպս գումարտակի հրամանատար մարդ, որ աճել եմ դասակի հրամանատարից... Բանակի 80 տոկոսը նման հոդվածով պայմանական դատվածության տակ ա, 80 տոկոսից ոչ մի հոգի ութ րոպե չի նստել, ինձանից ցածր պաշտոններով սպաները, ոչ դասակի, ոչ վաշտի հրամանատար, ոչ էլ գումարտակի հրամանատարների տեղակալներ:



Նման հոդվածով մեղադրվել են, բայց պայմանական երկու տարի, ոչ մեկ չի նստել: Անցած տարի ճանաչվել եմ լավագույն հրամանատար, նախկինում անցած ճանապարհ ունեմ, որը կարելի էր հաշվի առնել,  եթե անգամ մեղավոր էլ լինեի, պարզապես ինձ կարելի էր նման մեղադրանքի համար կանչել-ասել՝ քեզ մի տույժ կամ` գնա բանակից, պետք չէր, որ ամբողջ բանակի հրամկազմը զգար, որ գումարտակի հրամանատարին տանում են բերդ: Մեր հարցին, թե միտում տեսնո՞ւմ է դրա մեջ, ասաց. «Ես էլ եմ ուզում հասկանալ, խնդրեմ, որ իմանաք՝ ինձ էլ ասեք»:



ՀԳ - Ի դեպ, գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Վարդան Մարտիրոսյանի` գրավի դիմաց ազատ արձակելու Արաբկիրի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Չի բացառվում, որ Արթուր Կարապետյանի մասով էլ վերաքննիչ բողոք ուղարկվի: