Դեռ հարց է` Գյուլզադյա՞նը դիմում կգրի, թե՞ Ալավերդյանը

Դեռ հարց է` Գյուլզադյա՞նը դիմում կգրի, թե՞ Ալավերդյանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի բոցաշունչ հայտարարությունը առողջապահության, կրթության նախարարություններում առկա կոռուպցիայի, ինչպես նաեւ գյուղատնտեսության նախարարությունում աղաղակող թերությունների ու խախտումների վերաբերյալ կայծակնային արագությամբ ընթացք ստացավ: Առողջապահության  փոխնախարարներն ու աշխատակազմի ղեկավարն այլեւս ազատված են, գյուղնախարարության լիցենզավորման վարչության պետը նախքան սկանդալային ելույթն էր հրաժեշտ տվել պաշտոնին, իսկ նկատողությունների սեւ ցուցակում հայտնված բուսասանիտարիայի տեսչության պետ Վռամ Գյուլզադյանի հարցն ընթացքի մեջ է:



Նա չի պատրաստվում սեփական դիմումի համաձայն լքել պաշտոնը, պայքարելու է մինչեւ վերջ: Այս պահին նա արձակուրդում է, կվերադառնա ամսվա վերջին: Մինչ այդ նախարարությունում նյութեր են պատրաստում, որ դիմում ուղարկեն Քաղծառայության խորհուրդ` ծառայողական քննություն անցկացնելու, ապա աշխատանքից հեռացնեն: Նախարարությունում բծախնդրությամբ են պատրաստում Գյուլզադյանի նյութերը, քանի որ մեկ անգամ արդեն պարտվել են: Դեռ հունիս ամսին նախարարը գրություն էր ուղարկել ՔԾԽ նույն պաշտոնյայի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու եւ համապատասխան տույժի ենթարկելու` աշխատանքից հեռացնելու պահանջով:



Սակայն խորհուրդը, բավարար հիմքեր չգտնելով, աշխատանքից հեռացնելու որոշում չէր կայացրել: ԳՆ աշխատակազմի ղեկավար Կառլեն Միքայելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչեւ ուրբաթ  արդեն գրությունը խորհրդում կլինի: Իսկ ծառայողական քննությունը կսկսվի, երբ նա վերադառնա արձակուրդից:  Հիշեցնենք, որ բուսասանիտարիայի տեսչությունը վարչապետին զայրացրել էր հետեւյալ խախտումով, մեջբերում ենք վարչապետի խոսքերը. «Գյուղատնտեսության նախարարը խնդրանքով դիմել էր վարչապետին, որպեսզի ես թույլ տամ ստուգումներ մինչեւ 70 մլն դրամ շրջանառություն ունեցող օբյեկտներում, քանի որ ահազանգեր էին ստացվում քաղաքացիներից, որ թունաքիմիկատների առեւտուրն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ։



Այդ թույլտվությունը տրված էր գյուղատնտեսության նախարարությանը, եւ պարզվեց, որ ստուգման արդյունքում ընդամենը մեկ խախտում է արձանագրվել։ Երբ վարչապետի վերահսկողական ծառայությունը գնաց այդ ստուգման հետքերով, պարզվեց, որ ե՛ւ լիցենզավորման վարչությունը, ե՛ւ բուսասանիտարիայի վարչությունը, մեղմ ասած, պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները, որովհետեւ բոլոր այդ օբյեկտներում մեր վերահսկողական ծառայությունը հայտնաբերել է խախտումներ, որոնք չեն արձանագրվել»: Վարչապետի այս փաստարկի առնչությամբ լսեցինք Գյուլզադյանին:



Նա Եգիպտոսում հանգստանում է, բայց լսել է իր շուրջ կատարվող դեպքերի մասին: Ասաց, որ նախարարի անունից  նախարարության աշխատակիցներն առաջարկել են սեփական դիմումի համաձայն հեռանալ, հակառակ դեպքում 4-5 տեսուչներին էլ իր հետ կհեռացնեն աշխատանքից: «Իմ պատասխանը եղել է` ես դիմում չեմ գրի»,-փոխանցեց Գյուլզադյանը: Վարչապետի հայտարարության առնչությամբ նշեց. «Ես ի սկզբանե դեմ եմ եղել այդ ստուգումներին, անիմաստ էր վարչապետի համաձայնությունը ստանալ: Ես դրա համար հիմնավորում չեմ էլ գրել, որ վարչապետն իր համաձայնությունը  տա:



Նշված ստուգումներին չեմ մասնակցել, քանի որ այն նախարարը վստահել էր լիցենզավորման վարչության պետ Տիգրան Գասպարյանին: Վարչապետի վերահսկողական ծառայության կողմից արձանագրված թերությունները վերաբերում են լիցենզիայի տրամադրման համար անհրաժեշտ պայմաններին: Ոչ մի սուբյեկտի մոտ ժամկետանց թույլատրելի անվանացանկից դուրս թունաքիմիկատ չի հայտնաբերվել: Ես դա նախապես գիտեի, այդ պատճառով էլ վարչապետի  համաձայնությունը ստանալու համար խնդրագիր չէի գրի», ապա հավելեց, որ  հարգում է եւ օրենքը, եւ վարչապետին, եւ հանձնարարականը նախարարին` տեսչության պետին օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատելու վերաբերյալ:



Սակայն երբ այս գործընթացն իրականացվի իսկապես օրենքի սահմաններում եւ ազատման որոշում կայացվի, «ես լոռեցի պապիս նման կասեմ՝ մեռնեմ օրենքին: Բայց սարքել գլխիս, որ դիմում գրեմ՝ չեմ անի»,-ասաց Գյուլզադյանն ու խոստացավ արձակուրդից վերադառնալուց հետո ապացուցել, որ նախարարը ստախոս է, որից հետո հնարավոր է դիմում գրի, քանի որ զզվել ու հոգնել է նախարարությունից: «Եթե Քաղծառայության խորհուրդը չտվեց համաձայնություն, էն ժամանակ երկրորդ անգամ տեսնես այդ նախարարը ամոթ կունենա՞, որ ինքը դիմում գրի՝ ազատվի աշխատանքից»,-հռետորական հարց հնչեցրեց` եզրակացնելով, որ այս նախարարի աշխատած ամեն մի օրը նման է «Օրինաց երկրի» ընտրարշավի յուրաքանչյուր օրվան` բովանդակությամբ ու ձեւով: