Քննարկման կիզակետում Լիդիա Գադիյանն էր

Քննարկման կիզակետում Լիդիա Գադիյանն էր
Հայաստանում «երեխաների հանդեպ բռնություն» թեման շարունակում է մնալ չբացված եւ չարձագանքված: Մասնագետների վկայությամբ, խիստ անարդյունավետ են բռնությունների զոհ դարձած երեխաների պաշտպանության միջոցները: Զոհերը, որպես կանոն, համապատասխան աջակցություն չեն ստանում: Այս մտահոգությունից ելնելով, Երեւանի երեխայի պաշտպանության ցանցը, որում ընդգրկված են երեխաների պաշտպանության խնդիրներով զբաղվող 11 կազմակերպություններ, Երեխաների հանդեպ բռնությունների դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ նախաձեռնել է կլոր սեղանների շարք` բոլոր մարզերում, երեխաների հետ աշխատող մասնագետների մասնակցությամբ:



Իջեւանում նույնպես բարձրացվեցին «ինչպես կանխել», «ինչպես օգնել» հարցադրումները: Քննարկումը, որի օրակարգում Տավուշի մարզում երեխաների հանդեպ արձանագրված բռնության դեպքերն էին, իրավիճակը եւ խնդիրները, սկսվեց նույն օրը «Հրապարակում» տպագրված «Երբ մարդկային խիղճը հանդուրժում է մարդասպանությունը» հոդվածի մասին խոսակցությամբ, որում պատմել էինք Բագրատաշենում ապրող հինգ երեխայի մայր Լիդիա Գադիյանի` իր իսկ անտարբերության հետեւանքով հարազատ երեխայի մահվան մասին, նաեւ այն մասին, որ պետական կառույցները` Բագրատաշենի ոստիկանության անչափահասների տեսչությունը եւ համայնքապետարանը ոչինչ չեն ձեռնարկել` երեխաներին փրկելու համար:



Քննարկմանը ներկա էին Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանը, անչափահասների գծով տեսուչ Արմեն Եսայանը: Նրանց ելույթներից պարզ դարձավ, որ եթե Լիդիայի դեմ դատական հայց ներկայացվի, ապա ավելի հավանական է, որ վճիռ կկայացվի հօգուտ նրա: Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ ոստիկանությունը միանգամից քրեական գործ չի հարուցում` նրան ազատազրկելու համար, քանի որ նա է իր չորս երեխաների խաթարված ապագայի եւ կրտսեր որդու մահվան պատասխանատուն, հիմնավոր պատասխան չտրվեց:



Բագրատաշենի գյուղապետ Ա. Մակյանը, ընդունելով, որ քննադատություններն օբյեկտիվ են, հարցի լուծման համար ինքը նույնպես պատասխանատու է, նշեց ամենակարեւոր խնդիրը, որ կարող է առաջանալ նրան մայրական իրավունքներից զրկելու հետեւանքով: «Ես ընդունում եմ, բոլորն էլ ճիշտ են, որ էդ հոգսերը մեզ վրա է: Միայն թե երկու երեխաներին «մանկական գյուղ» տեղափոխելը հարցի լուծում չի, քանի որ էդ ընտանիքը դրանից հետո զրկվում է ընտանեկան նպաստից: Իսկ քանի որ եկամտի այլ աղբյուր չունի, չի բացառվում, որ հաջորդ երեխան կունենա,-ասաց Մակյանը` նկատի ունենալով Լիդիայի` կարիքից դրդված պոռնկությունը շարունակելը:-Նրա աղջիկն արդեն 16 տարեկան է, ու նույնը պիտի կրկնի ինքը: Ես էլ եմ կարծում, որ ամենամեծ հանցագործը մայրն է, ու իրեն պետք է հեռացնենք երեխաներից»:



Թե Մակյանը, թե անչափահասների գծով տեսուչը համաձայնեցին, որ պետք է ոչ թե Գադիյանին զրկել մայրական իրավունքներից, այլ` հարուցել քրեական գործ եւ պատասխանատվության ենթարկել հարազատ երեխաների խաթարված ճակատագրերի համար: Բանն այն է, որ այդ ընտանիքի մասին շատ ենք խոսել, հոդվածներ գրել, սակայն հարցը չի լուծվում: Բագրատաշենի գյուղապետն ասաց, որ  պատրաստ է Լիդիայի 16-ամյա դստերն աշխատանքով ապահովել, որպեսզի նա էլ կարիքից դրդված՝ մոր ճանապարհով չգնա: Իսկ տղան` 18-ամյա Արմենը, որ ֆիզիկական աշխատանք է կատարում գյուղացիների համար, շարունակի այդպիսով հացի փող վաստակել: «ՍՕՍ մանկական գյուղն» էլ վաղուց պատրաստ է երկու անչափահասներին ընդունելու:



Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն առաջարկեցին մի քիչ սպասել, քանի որ շուտով իրենք դիմելու են դատարան, բայց այնպիսի ուժեղ փաստարկներով, որ դատարանը պարզապես չի կարող նրան չզրկել մայրական իրավունքներից: Քննարկման կազմակերպիչները` «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ ներկայացուցիչները, նշեցին, որ բոլոր առաջարկները ներկայացվելու են նոյեմբերի 19-ին Երեւանում կայանալիք քննարկման ժամանակ: