ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու

ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու
Երկուշաբթի ավագանու արտահերթ նիստ է գումարվելու՝ քաղաքապետի ընտրության ժամկետը նշանակելու օրակարգով: Համաքաղաքային ընտրություններ չեն լինելու, արտահերթ ընտրությունների դեպքում քաղաքապետի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: Թեեւ քաղաքապետի թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցրել է Տարոն Մարգարյանը, սակայն խոսակցություններ են շրջանառվում, որ հնարավոր է այն փոփոխության ենթարկվի Սերժ  Սարգսյանի՝ Մոսկվայից վերադառնալուց հետո:



Եվ ավագանու ՀՀԿ ֆրակցիայից, որպես հավանական թեկնածու, նշվում է նաեւ «ՀայՌուսգազարդ» ընկերության նախագահ Կարեն Կարապետյանի անունը: Չնայած Տարոն Մարգարյանի բարի համբավին, նա քաղաքապետի պաշտոնի համար ավելի թույլ կադր է համարվում: Իսկ ԲՀԿ ֆրակցիան իր թեկնածուն չի առաջադրի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանը. «Մեր խմբակցությունը չի պատրաստվում թեկնածու ներկայացնի:



Օրենքի պահանջով իրենք 40 տոկոսի շեմը գերազանցել էին՝ մի անգամից ընտրվեց Գագիկ Բեգլարյանը, սուբորդինացիան պիտի պահպանվի, դա իրենց՝ Հանրապետականի պաշտոնն է: Օրենքը թույլ է տալիս, ուղղակի մենք դիտարկում ենք՝ ներքին  հարց է եղել քաղաքապետի հրաժարականը, ավելի չենք էլ խորանում՝ ոնց է եղել ու ինչ, իրենց խնդիրն է, թող առաջարկեն իրենց թեկնածուն, մենք մեր ֆրակցիայով նիստ կհրավիրենք, կքննարկենք, հետո մեր տեսակետը կասենք»: Ինչ վերաբերում է հրաժարականին, ապա Գուրգեն Գասպարյանն ասաց, որ իրենց գործը չէ: