Բարեփոխումները գլխացավանք

Բարեփոխումները գլխացավանք
Կար մի ժամանակ, երբ մի 1000 դրամ վարորդական վկայականիդ մեջ դնելով ու պետավտոտեսուչին տալով՝  կարող էիր գլուխդ պրծացնել այդ վատահամբավ համակարգի հետ գործ ունենալու գլխացավանքից, բայց ժամանակները փոխվեցին, համակարգում «բարեփոխումներ» եղան՝ պլաստիկ վկայականներ, որոնց մեջ չես կարող հազարանոց դնել, տեսանկարահանում, ամրագոտիներ, եւ հիմա արդեն նույնիսկ ամենաօրինապահ վարորդները այդ համակարգի հետ կապված գլխացավանքներից չեն կարող ազատվել, որովհետեւ տեխնիկական բարեփոխումներից ավելի արագ «բարեփոխվեց» կաշառակերության մեխանիզմը:



Եթե առաջ կաշառքը տալուց հետո բարի ճանապարհ ասելով պետավտոտեսուչները ճանապարհ էին դնում, հիմա օրվա իրենց պլանը կատարած լինելու համար եւ կաշառքն են վերցնում, եւ ակտ են կազմում՝ «5 հազար տուր՝ 3 հազարի ակտ գրենք, թե չէ 20 հազար ենք գրում» տարբերակով: Բայց նույնիսկ սահմանված տուգանքը ժամանակին վճարելը դեռ չի երաշխավորում, որ կազատվես խնդիրներից: Բազմաթիվ են դեպքերը, երբ վարորդը ժամանակին վճարել է գումարը, բայց դատարանից ծանուցում է ստացել, որ տուգանքը չվճարելու պատճառով գումարը եռապատկվել է:



Բազմաթիվ են նաեւ դեպքերը, երբ վարորդներն ավելորդ քաշքշուկից եւ ժամանակի կորստից ազատվելու, «դատարանի դռները չընկնելու համար» այդ  գումարներն էլ են վճարում: Ինչպես շատ ու շատ վարորդների, այնպես էլ մեր ընթերցող Գեւորգ Հակոբյանի հետ պատահել է, որ տուգանքը ժամանակին մուծի ու դատարանից վճարման կարգադրության ծանուցում ստանա, բայց այս դեպքը բացառիկ է նրանով, որ դատարանը չի ծանուցել նրան դրա մասին, իսկ այնուհետեւ չի ծանուցել, որ կալանքի տակ է վերցվել նրա գույքը: Թեեւ բազմազբաղ մարդ է Գեւորգը, բայց որոշել է պայքարել իր իրավունքների համար: Ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման ակտը կազմել է 11420422 կրծքանշանի համարով պետավտոտեսուչը՝ 01.04.09 թ.-ին:



Վարորդը տուգանքը մուծել է նույն ամսի 30-ին, իսկ այն մասին, որ իր գույքը կալանքի տակ է դրված, իմացել է բոլորովին վերջերս: «Մի երկու օր առաջ գնում եմ կադաստր, որ գործարք անեմ: Ինձ կադաստրից հայտնում են, որ՝ քո ամբողջ գույքի վրա կալանք ա դրված: Հարցնում եմ՝ ինչի՞ համար: Ինձ ցույց են տալիս դատական ակտերի կատարածուի որոշումը: Գնում եմ էնտեղ, իրենց հարցնում եմ՝ ինչի՞ համար եք գույքի վրա կալանք դրել, իրենք էլ ասում են՝ 2009-ին ակտ ա գրվել վրեդ, չես մուծել, երեք հազարը դարձել ա 15 հազար դրամ»,-պատմում է Գեւորգը:



Հիմա պարոն Հակոբյանը ստիպված է փաստաբան վարձել, գույքի վրա կալանք դնելու որոշումը չեղյալ համարելու հայց ներկայացնել, բայց եթե նրան ժամանակին ծանուցած լինեին, դատարանը նախ տուգանքը եռապատկելու, ապա գույքի վրա կալանք դնելու սխալ որոշումները չէր կայացնի: Իսկ որոշում կայացնող դատավորը վարչական դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանն է, որը ՃՈ-ին կատարողական թերթիկ է տվել: «Ես ուզում եմ, որ ովքեր մեղավոր են, հրապարակավ պատասխան տան: Պետավտոտեսչությունը այդքան գումարներ ա տուգանում, բայց մինչեւ էսօր չի կարողացել այնպիսի համակարգ ներդնի, որ եթե մարդն իր տուգանքը մուծել ա, էդ հարցը փակվի»,- ասում է Գեւորգը:



Մեզ համար սովորական այս պատմությունն ամբողջական չի լինի, եթե չնշենք, թե ինչ սրտացավությամբ է դատարանը պաշտպանել «պետական շահը»: 15 հազար դրամի համար կալանքի տակ են վերցվել Գեւորգի հազարավոր դոլարների արժողությամբ տունն ու խանութը: Դատարանի սխալ որոշումների ու համակարգի փչացածության պատճառով Գեւորգը ֆինանսական խոշոր կորուստներ է կրել, որովհետեւ անհամաչափ կալանքի պատճառով չի կարողանում վարձակալության տալ կալանքի տակ առնված իր անշարժ գույքը, բայց ֆինանսական կորուստներից առավել նրան մտահոգում է իր՝ գործարարի բարի համբավը. «Քանի ամիս շարունակ իմ իմիջի, գործարար վարկի հետ են խաղացել: Բոլոր բանկերով, կադաստրով, բոլոր կառույցներով տեղեկատվություն ա գնացել, որ իմ գույքը կալանքի տակ ա վերցված: Ցանկացած բանկ կամ գործընկեր կխուսափի, կզգուշանա ինձանից: Առաջին հերթին ինձ էդ կարգի վնաս են հասցրել»: