Ես ծեծին կողմնակից չեմ

Ես ծեծին կողմնակից չեմ
Հանրապետականների տեսակետը Գագիկ Բեգլարյանի արարքի եւ նրա հետ կատարվածի առթիվ միանշանակ չէ: Մեր հարցին, թե ՀՀԿ-ականներից ո՞վ է ճիշտ՝ Ռաֆիկ Պետրոսյա՞նը, որ հայտարարում է, թե Բեգլարյանի դեմ պետք է քրեական գործ հարուցել, թե՞ Վարդան Այվազյանը, որ «տղամարդկային քայլ է» որակել Բեգլարյանի արարքը, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Շիրակ Թորոսյանը խորհրդարանում պատասխանեց. «Ես բավարարված եմ այն գնահատականով, որ տվել է նախագահականը Գագիկ Բեգլարյանի՝ աշխատանքից ազատվելու կապակցությամբ: Այդ գնահատականով բավարարված եմ»:



Մեր հաջորդ հարցին՝ եթե նման կերպ հարցեր լուծելն անհանդուրժելի է, ԱԺ-ի կեսից ավելին գուցե չպե՞տք է այստեղ լիներ, որովհետեւ հենց այդկերպ հարցեր լուծելով է հայտնվել խորհրդարանում, ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց. «ԱԺ-ում ես կարող եմ միայն իմ փոխարեն պատասխան տալ: Ես որեւէ կերպ նման խնդիրներ չեմ հարուցում»: Ասել է թե՝ որեւէ մեկին չե՞ք ծեծել ու չե՞ք պատրաստվում ծեծել: «Գիտեք, իրավիճակներից է բխում գործողությունները: Սովորաբար ես նման խնդիրներ չեմ հարուցում»,- ասաց Շիրակ Թորոսյանը: Ի դեպ, Գագիկ Բեգլարյանի մերձավորները երեկ հերքում էին նրա կողմից կուսակցություն բացելու մասին լուրերը: Գոնե՝ այսօր: