Մոսկվայում անկարգությունները շարունակվում են

Մոսկվայում անկարգությունները շարունակվում են
Դեկտեմբերի 11-ից Մոսկվայի Մանեժնայա հրապարակում սկսված անկարգությունները արդեն քանի օր է՝ շարունակվում են, եւ գնալով ընդլայնվում է անկարգությունների ալիքը: Հիշեցնենք, որ նախօրեին մի քանի հազար երիտասարդներ հավաքվել էին Մանեժնայա հրապարակում՝ «Սպարտակ» ֆուտբոլային թիմի երկրպագու Եգոր Սվիրիդովի հիշատակը հարգելու, սակայն ամեն ինչ ավարտվել էր ծեծ ու ջարդով, եւ ռուս ազգայնականները սկսել էին ծեծել բոլոր նրանց, ովքեր չունեն սլավոնական արտաքին՝ հատկապես կովկասցիներին: Ծեծն ու անկարգությունները հետագայում շարունակվել էին մետրոյի կայարաններում:



Անկարգությունները շարունակվում են նաեւ այս օրերին: Ընդհանուր առմամբ, մոտ 39 մարդ է տուժել, 3 հոգի դանակի հարվածներ է ստացել, որոնցից երկուսը հայ երիտասարդներ են: Դեպքերի հետ կապված՝ կան բազմաթիվ ձերբակալություններ, հարուցվել են քրեական գործեր: Ռուսաստանի տարբեր քաղաքներում արդեն բերման է ենթարկվել մոտ հազար մարդ: Ամբողջ երկրում ծայրահեղական ազգայնական կազմակերպությունները տարերային ցույցեր են անցկացնում: Ավելի վաղ պարզ էր դարձել, որ փողոց կարող են դուրս գալ ֆուտբոլային երկրպագուների եւ ազգայնականների ելույթներից դժգոհ մոտ 10 հազար կովկասցիներ, իսկ այդ դեպքում բախումները կանխելը շատ դժվար կլինի:



«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը կարծում է, որ այդ դեպքերը բաղկացած են 2 մասից. «Մեկը, իհարկե, ներքաղաքական խնդիրներն են, որ արդեն բավական լուրջ պայքար է սկսվում 2011-2012 թվականի ընտրությունների համար: Այս պարագայում 2 կոնցեպցիա կա: Մեկը կարծում է, որ ճիշտ է, որ Մեդվեդեւը մնա, եւ կա կոնցեպցիա, որը գտնում է, որ ճիշտ է, որ Պուտինը վերադառնա: Սակայն կա երրորդ կոնցեպցիա, որը Հայաստանում դեռ չեն նկատել, եւ որը կապված է պատրիարք Կիրիլի ելույթի հետ, որտեղ ասվում էր, որ ոչ աֆրոամերիկանիզմն է լավ, ոչ էլ շատ կոշտ, ստալինիզմին վերադառնալն է ճիշտ:



Ըստ պատրիարք Կիրիլի՝ պետական կառուցվածքը պետք է լինի ազգային պետական, բայց ոչ ազգայնական»: Արամ Կարապետյանի կարծիքով՝ այդ դեպքերը սրվեցին, քանի որ դրանք ինչ-որ չափով ունեն նաեւ արտաքին քաղաքական ենթատեքստ: Ռուսաստանում կարծիք կա, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-Ն չերեւացող գործընթաց են սկսել, որը բերելու է Ռուսաստանի շրջապատում «սանիտարական կորդոնի ստեղծմանը», եւ տարածաշրջանի պետությունները կհայտնվեն ՆԱՏՕ-ի կազմում, որից հետո էլ սկսվելու է Ռուսաստանի քայքայման գործընթացը:



«Իսկ թե ինչու հենց հիմա, որովհետեւ Լուժկովին հանելուց հետո, Հասանի նկատմամբ կատարված մահափորձից հետո կարծիք կա, որ էթնիկական հանցավոր խմբավորումների եւ նախկին քաղաքապետի սերտաճած այդ համակարգը չի կարելի հաղթել՝ կիրառելով միայն տնտեսական եւ քաղաքական լծակներ: Անհրաժեշտ է կիրառել նաեւ ուժային լծակներ»,-ասաց Արամ Կարապետյանը: Նա կարծում է, որ ազգայնականների այս ագրեսիվ վարքագիծը դրսեւորվում է, որպեսզի ինչ-որ չափով ճնշեն Մոսկվայում առկա մոտ 250 հազար զինված կովկասցիներից (եւ ոչ միայն) բաղկացած խմբավորումներին, ովքեր ցանկացած պահի կարող են դուրս գալ փողոց եւ որոշակի գործողությունների դիմել:



Այս իրավիճակում ամենազարմանալին Հայաստանի լռությունն է եւ գրաված չեզոք դիրքը, ինչը, ըստ Կարապետյանի, պայմանավորված է մեր պետության, իշխանությունների վախով. «Հայաստանի դիրքորոշումը երբեւիցե չի լինի: Իշխանությունների դիրքորոշումը այս հարցերի կապակցությամբ միշտ էլ շատ մեղմ է եղել: Իշխանությունների կողմից վախ կա` Ռուսաստանի հետ կապված ինչ-որ մի քայլ անեն կամ դիրքորոշում հայտնեն: Քանի որ մեր իշխանությունների դիրքերը թույլ են, այդ պատճառով էլ վախենում են տեսակետ հայտնել: Բա որ մեկ էլ տեսար ջղայնանա՞ն»:



Ըստ Արամ Կարապետյանի՝ այս հարցում մեր դիրքորոշումը, ընդհակառակը, պետք է շատ խիստ լիներ, ինչպես նաեւ պետք է արձագանքեր նաեւ եկեղեցին: «Այստեղ պետք է երեւար նաեւ Հայ առաքելական եկեղեցու դերը: Եվ շատ տեղին կլիներ, որ մեր կաթողիկոսը Ռուսաստանի պատրիարք Կիրիլի հետ համատեղ հայտարարությամբ հանդես գար եւ դատապարտեր հակահայկական եւ հակակովկասյան այս դրսեւորումները»,-ասաց նա եւ հավաստիացրեց, որ այս ամենը շատ արագ կավարտվի. «Ես հավաստիացնում եմ, որ այս դեպքերը շատ արագ ավարտ կունենան: «Թալիբան» շարժումն էլ ժամանակին ստեղծվեց, բայց վերջ ունեցավ: Պարզապես պետք է շատ ուժեղ պայքար տանել դրա դեմ, թե չէ կքանդվի այդ երկիրը»: