Ինստիտուտն է ափսոս

Ինստիտուտն է ափսոս
Վերջին տարիներին մեզանում մի արատավոր ավանդույթ ձեւավորվեց. նախարարական պորտֆելները սկսեցին բաժանվել որպես մրցանակ, որպես դրամաշնորհ, որպես մխիթարանք, որպես սնման աղբյուրներ: Նախարարացուներին օրեցօր ավելի ու ավելի նվազ պահանջներ սկսեցին ներկայացվել: Այնպես որ, հանկարծ պարզվեց, որ տարբեր խեղկատակներ ու աչքածակներ կարող են հայտնվել նախարարական բարձր աթոռներին եւ նրանց կարող է թվալ, թե այդ աթոռը առատության եղջյուր է, միայն բերք ու բարիք է բերում, արտոնություններ ու մեծարանք, հարգանք ու պատիվ: Իսկ պարտականություննե՞րը... պարտականությունները  ստորադասները կկատարեն, որոնք սովոր են կոնվեյերի նման հոսող, տգետ ու ապաշնորհ նախարարներին ընդունել-ճանապարհելուն: Արդյունքում մի ողջ ինստիտուտ վարկաբեկվեց՝ նախարարական ինստիտուտը: Պարզվեց, որ ով ասես կարող է նախարար դառնալ՝ չկա ոչ չափանիշ, ոչ արգելք, ոչ կրթական ցենզ, ոչ պաշտոնավարման դպրոց, որով անցնելը մի ժամանակ պարտադիր էր: Նախարարի աթոռը նաեւ դարձավ փոխանցիկ դրոշ, որ հարկավոր է հանձնել կուսակցական ընկերոջը, այլ ոչ թե գիտակ մեկին: Թե այդ դրոշը ստանձնելու մի քանի ամսվա կամ մի քանի տարվա ընթացքում այդ վայ-նախարարն ինչ ավերածություններ կգործի եւ ինչ ժառանգություն կթողնի իր հաջորդին, ոչ մեկին այլեւս չի հետաքրքրում: Ինչպես չի հետաքրքրում, թե նոր եկողն ինչ որակներ ունի եւ որքանով է ծանոթ ոլորտին: Միեւնույն է՝ նա չի էլ հասցնի ծանոթանալ, մի քանի ամսից կտանեն մեկ ուրիշ աշխատանքի: Այնպես, ինչպես Տիգրան Դավթյանին ֆինանսների նախարարի պաշտոնից նշանակեցին էկոնոմիկայի նախարար: Մի բան պարզ է, որ կարեւորն այս դեպքում որեւէ նախարարական պորտֆել տնօրինելն է, եւ Դավթյանի համար լրիվ մեկ է, թե դա ինչ կլինի: Թեկուզ՝ սպորտի նախարարի: