15 տարվա ազատազրկում հայ լրագրողին

15 տարվա ազատազրկում հայ լրագրողին
Հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը Մերձդնեստրի չճանաչված հանրապետության Գերագույն դատարանի կողմից դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Էռնեստը մեղավոր է ճանաչվել «Մոլդովայի օգտին լրտեսություն եւ պետական դավաճանություն» կատարելու մեջ: 30-ամյա հայազգի լրագրող-քաղաքագետը պատիժը կրելու է խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում: Էռնեստի հարազատները համոզված են, որ նա որեւէ հանցագործություն չի կատարել եւ որ նրա նկատմամբ ոչ թե դատական, այլ քաղաքական վճիռ է կայացվել:



Հիշեցնենք, որ նախնական կալանքի տակ գտնվելու ընթացքում հայաստանցի մի շարք լրագրողներ, քաղաքացիներ եւ կազմակերպություններ նամակով դիմել էին Մերձդնեստրի Հանրապետության նախագահին: Սակայն ոչ դա, ոչ այն հանգամանքը, որ Էռնեստը երկու մանկահասակ երեխաների հայր է, դերակատարություն չունեցան լրագրողի նկատմամբ կայացված դատավճռի վրա: Էռնեստ Վարդանյանը ծնունդով Գյումրիից է, 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո նրա ընտանիքը տեղափոխվել է խորհրդային Մոլդովական Հանրապետության Տիրասպոլ քաղաք:



Նա ավարտել է Մոլդովայի պետական համալսարանը՝ ստանալով քաղաքագետի որակավորում: Մինչեւ 2008 թվականը 6 լեզուների տիրապետող Էռնեստն աշխատել է ռուսական «Նովի ռեգիոն» տեղեկատվական գործակալությունում: Մասնագիտական գործունեության ընթացքում նա աչքի է ընկել իր համարձակ հրապարակումներով: Հենց այս հանգամանքով են նրա հարազատները պայմանավորում Էռնեստի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը: Հայ լրագրողը, փաստորեն, Մոլդովայի եւ Մերձդնեստրի չճանաչված հանրապետության միջեւ շարունակվող հակամարտության զոհն է:



Նշենք, որ հակամարտությունն առաջացել է դեռեւս Սովետական Միության ժամանակ՝ 1989 թվականին, երբ Մերձդնեստրը ցանկություն հայտնեց անջատվել Մոլդովայից: 1992 թվականին սկսված ռազմական գործողությունները դադարեցին միայն ռուսական զորքերի միջամտությունից հետո: Մինչ օրս Ռուսաստանը Մերձդնեստրի Հանրապետությունից դուրս չի բերել իր ռազմական ուժերը՝ չնայած Մոլդովայի բազմաթիվ պահանջներին: