Հարգանքի տուրք ԱԼՄ-ին

Հարգանքի տուրք ԱԼՄ-ին
Երկար ժամանակ է՝ մտմտում էի ԱԼՄ-ի մասին մի հոդված գրել եւ անընդհատ թողնում էի հետոյի: Ինչպես մեր կողքին ապրող մարդիկ մեզ անվախճան են թվում, եւ մեր ջերմ վերաբերմունքի ցուցադրությունը հետաձգում ենք, այնպես էլ ես մտածում էի, որ երբեք ուշ չի, եւ ԱԼՄ-ի հանդեպ ունեցած իմ սերն ու հեռուստադիտողի ջերմությունն արտահայտելու ավելի հարմար ժամանակի էի սպասում: Եվ ինչպես հարազատի, ընկերոջ հիվանդությունը կամ անժամանակ բացակայությունը մեղքի զգացողություն է առաջացնում, անպես էլ ես հիմա, երբ ստորաքարշ ՀՌԱՀ-ը նենգաբար կապուղի չտրամադրեց ԱԼՄ-ին, մեղավորության զգացողություն ունեմ, որ ժամանակին չեմ գրել իմ սիրելի հեռուստատեսության մասին:



Ինչ մեղքս թաքցնեմ, այն ժամանակ, երբ ԱԼՄ-ն համաժողովրդական սեր ու հարգանք էր վայելում, երբ ԱԼՄ-ի ռեյտինգը «տվել-դամա էր հելել», ես այսպես ջերմորեն չէի սիրում այդ ալիքը, բայց երբ շոու-բիզնեսի հաստաքամակ ու անճաշակ երգչուհիները, «իշխանության ջեբը» եւ ոչ միայն ջեբը մտած «մտավորականներն ու արվեստագետները» հեռուստաեթերից սկսեցին միաձայն քլնգել ԱԼՄ-ին, ես հանկարծ հասկացա, որ ԱԼՄ-ն իսկապես միակ այլընտրանքային լրատվական միջոցն է եւ եկել է հեղափոխելու հայկական փտած հեռուստատեսությունը:  ԱԼՄ-ի եթերում երեւաց մեր գյուղերի ու քաղաքների արհամարհված բնակչությունը: Պայծառ ու լուսավոր երեխաներ, որոնցից յուրաքանչյուրը մի ադամանդ ու զմրուխտ էր, հնարավորություն ստացան երգելու, ինքնադրսեւորվելու, լավ ժամանակ անցկացնելու:



Հասարակ մարդիկ կարեւորվեցին ու արժեւորվեցին: Մարդիկ իրենք իրենց տեսան հեռուստաէկրանից ու սիրեցին ԱԼՄ-ն: Քանի-քանի՜ խեղճացած անհատներ ԱԼՄ-ի եթերում լինելուց հետո ավելի հաստատուն քայլեցին մարդկային արժանապատվությունն ու ազնիվ զգացումները ոտնահարող-ոչնչացնող իշխանություններով այս երկրում: Քանի՜ հեռուստադիտող իր անկաշառ կարծիքը հայտնեց գործող իշխանության մասին, իսկ եթե կաշառված էլ էր այդ կարծիքը, ապա ոչ թե արյունոտ փողերով, այլ միայն Տիգրան Կարապետիչի հմայքով ու ստեղծագործ մտքով:



ԱԼՄ-ի եթերում յուրաքանչյուրը կարող էր գտնել այն, ինչ իրեն հետաքրքիր էր, եւ նրա ռեյտինգին մոտենալու համար մյուս հեռուստաընկերությունները մրցավազքի մեջ մտան եւ իրենց դռները լայնորեն բացեցին ռաբիզ ու անճաշակ երգիչ-երգչուհիների համար: ԱԼՄ-ի «Նոր անուններին» անհաջող կապկեցին «Սուպեր սթարը», «Երկու աստղը», «Երգ երգոցը», «Սիրված երգերը»: Հեռուստաեթերը լցվեց քսմսված, քաղքենիացած ռաբիզով, եւ պարտադրված մասսայական մշակույթը կուլ տվեց հետմոդեռնիստական ԱԼՄ-ի ռեյտինգի մի փոքր մասը:



ԱԼՄ-ի ռեյտինգն ընկավ նաեւ այն բանից հետո, երբ ընտրություններից հետո Տիգրան Կարապետիչը փակեց «Շոգեքարշ» եւ «Նոր անուններ» հաղորդումները: Դրանից հետո ինքնատիպ հաղորդումների այլ ձեւաչափեր մտածեց տաղանդավոր Տիգրան Կարապետիչը, ինչպես, օրինակ, «Հարցի արժեքը», որտեղ երկու լրագրող հերթով հարցեր են տալիս պարոն Կարապետյանին՝ հաղորդմանը մամլո ասուլիսի էֆեկտ հաղորդելով: Բայց միեւնույն է, «Նոր անուններն» ու «Շոգեքարշն» անգերազանցելի մնացին:



Վերջերս «Շանթի» հերթական մրցույթին մի տղա «ինքնատիպ» ձեւով ռաբիզ երգեց, եւ քաղքենի ու լպրծուն ժյուրին սկսեց «ղժժալ-տժժալ» երիտասարդի վրա: Նողկալի էր եւ պարզ հասկացվում էր, որ երիտասարդին եթեր են թողել հենց այդ «ղժժալ-տժժալու» համար: ԱԼՄ-ն երբեք չվիրավորեց մասնակցի արժանապատվությունը, եւ եթե երգիծական, զվարճալի իրավիճակներ էին ստեղծվում, ապա ժյուրին՝ Տիգրան Կարապետիչի գլխավորությամբ, նույնքան ծիծաղելի իրավիճակում էր լինում, ինչքան որ մասնակիցը: ԱԼՄ-ի ժյուրին երբեք վերեւից չնայեց մասնակցին, այլ բեմի ներքեւում դրված սեղանի մոտից հետեւեց ու գնահատեց:



ԱԼՄ-ն չգցեց իր հեռուստադիտողին, դեռ մի բան էլ, եթե ուզում եք իմանալ՝ հեռուստադիտողը ընտրությունների ժամանակ «քցեց» Տիգրան Կարապետիչին: Գուցե հեռուստադիտողին դուր չեկավ, որ Տիգրան Կարապետիչը (ԱԼՄ չենք գրում, որովհետեւ ինչ-որ առումով ԱԼՄ-ն մարդ-հեռուստաընկերություն է) անվարձահատույց սիրով ու ջերմությամբ չի լցված իրենց հանդեպ, գուցե Կարապետիչի կենտրոնամետությունը հիասթափեցրեց նրանց եւ «մութ ու ցուրտ» տարիները հիշեցնող հոլովակները: Բայց ինչքան էլ կենտրոնամետ լինի Կարապետիչը, ինչքան էլ «թաքուն նպատակներ» ունենա, ԱԼՄ-ն եղել եւ մնում է ամենամարդամոտ հեռուստաալիքը, եւ աղվանական անհետաքրքիր, փտած «Երեւանի» հետ մրցույթում նրա պարտությունը դառնացնում է իմ՝ ԱԼՄ-ի ջերմեռանդ հեռուստադիտողի հոգին եւ ավելի սիրելի է դարձնում ԱԼՄ-ն:



Սա ստեղծագործ մտքի հերթական պարտությունն է բիրտ ուժին: Սա գորշության հաղթարշավն է: Տիգրան Կարապետիչը «Հրապարակին» տված հարցազրույցներից մեկում ասել էր, որ եթե փակեն ԱԼՄ-ն, ապա իրեն հերոս կդարձնեն, որ ինքը պայքարելու է: Եվ ուրեմն տարատեսակ աղվանների եւ «թալիբների տեռորիստական խմբավորման»՝ իշխանության դեմ հերոսական պայքարում նրան հաջողություն ենք ցանկանում եւ հույս հայտնում, որ «կենտրոնը» կզիջի մեկ ուրիշի եւ ընդդիմություն կդառնա, որովհետեւ ԱԼՄ-ից հետո էլ ի՞նչ ունի կորցնելու: