Վերջին կադրային փոփոխությունները անգամ եթե ցավոտ են ու ոմանց համար անսպասելի, բավականին լավատեսության հիմք են տալիս: Նրանց միավորում է մի հատկանիշ՝ կրիմինալ անցյալ չունեն, գողական շրջանակների հետ կապեր՝ եւս: Իսկ դա խոսում է այն մասին, որ իսկապես իշխանությունը որոշել է տարանջատվել քրեականացված տարրերից եւ ապավինել հանրությանը, ժողովրդին: Եթե կադրային փոփոխությունների այս տրամաբանությունը պահպանվի եւ առաջիկայում եւս պաշտոն ստանան չվարկաբեկված ու քրեաօլիգարխիկ շրջանակներից դուրս չեկած մարդիկ, ապա կարելի է ասել, որ հասարակությունը մեծ հաշվով հավանություն կտա իշխանությունների բռնած կուրսին: Բայց արդյո՞ք դա կհաջողվի իրականացնել: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ ռեսուրսը մեզանում կիրառվում է ընտրությունների շրջանում, իսկ մնացած ժամանակներում իշխանությունը քրեաօլիգարխիկ տարրերին վերադարձնում է պարտքը: Ինչպե՞ս անել, որ այդ տարրերը ներքաղաքական կյանքում որոշիչ դեր չխաղան, այսինքն՝ իշխանության գալն ու պահելը պայմանավորված չլինի նրանց դերակատարմամբ: Ինչպե՞ս անել, որ ընտրություններն ընթանան քաղաքակիրթ ճանապարհով եւ ժողովրդի քվեն ստանալու համար իշխանությունը չդիմի այդ տարրերի օժանդակությանը: Ինչպե՞ս ակտիվացնել հասարակ մարդուն եւ պասիվացնել գողականներին: Ահա այս խնդիրը պետք է լուծի իշխանությունը: Վստահ եմ, եթե հավատա, որ առանց այդ տարրերի աջակցության կարող է իշխանություն պահել, չի էլ դիմի: Շատ ավելի նախընտրելի է սեփական ժողովրդիդ «պարտքի» տակ մնալ, քան նեմեցների ու բուռնաշների: Բայց անգամ եթե կա քաղաքական կամք, դա անելն այլեւս շատ բարդ է լինելու: Ինչպես ասում են, ջինը բաց եք թողել շշից եւ նրան հետ մղելը հեշտ գործ չի լինելու:
Կարծիքներ