Ողջ ճշմարտությունը «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի մասին (մաս 2-րդ)

Ողջ ճշմարտությունը «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի մասին (մաս 2-րդ)
Երեք մասից բաղկացած այս ուղեցույցը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը վերաբերող բազմաթիվ խնդիրների վերլուծություն է: Կառուցվածքի տեսանկյունից այն հիմնված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանի հեռուստատեսային հարցազրույցի վրա, որը եթեր հեռարձակվեց 2010 թ. նոյեմբերի 12-ին: Հարցազրույցի ընթացքում պ-ն Քոթանջյանը ցրում էր հիմնադրամի մասին շրջանառվող ութ հիմնական առասպելները: Առաջին երեք առասպելներն ու պ-ն Քոթանջյանի մեկնաբանությունները վերլուծվել են այս ուղեցույցի առաջին մասում: Տվյալ մասում քննվում են մնացած հինգ առասպելները: Երրորդ մասում կներկայացվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամփոփիչ վերլուծություն և նրա առջև այսօր ծառացած խնդիրների հնարավոր լուծումներ:









Ինչպես առաջին մասում, ստորև յուրաքանչյուր առասպել բառ առ բառ ներկայացված է պ-ն Քոթանջյանի ելույթից, նրա մեկնաբանությունների հետ միասին, որոնք այստեղ ներկայացված են իբրև «հերքում»: Առանցքային խնդիրների այլընտրանքային մեկնությունները ներկայացված են իբրև «մերկացում»:







ԱՌԱՍՊԵԼ 4. Ասում են, որ իբր թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծախսերը վերադիր ծախսերը, այսինքն՝ administrative expense-ը մեծ է, չգիտեմ՝ կեսն է, էս է, էն է և այլն և այլն:



ՀԵՐՔՈՒՄ.Իրողության մեջ ընդամենը 7% է կազմում administrative expense-ը կամ... Գումարների, ընդհանուր առմամբ, եթե ըստ տոկոսի տեսնենք, թե ինչպես են ծախսվում տարվա ընթացքում, 20%-ը ծախսվում է ջրամատակարարման ծրագրերի վրա, 10%-ը գազաֆիկացում և ճանապարհաշինություն, 11%-ը, սոցիալական, մշակութային և այլ ծրագրեր, 11%-ը՝ առողջապահություն, 41%՝ կրթության ոլորտ և ընդամենը 7%-ն է, որը գնում է «administrative expense»` վերադիր ծախսեր, որը, իրանց մեջ մտնում է՝ աշխատավարձեր, հսկողություն այս բոլոր ծրագրերի, որովհետև ամեն օր… մոտ քառասուն շինհրապարակ ունենք մենք ամբողջ Հայաստանով և Ղարաբաղում: Եվ մարդիկ են պետք, ովքեր որ կլինեն այդ շինահրապարակներում, որպեսզի հսկեն, որ ճիշտ է արվում շինարարությունը: Եվ այս ամեն աշխատանքը պետք է վերահսկվի, այնտեղ պետք է մարդիկ լինեն, և այդ 7% մեջ է մտնում այդ ծախսերը:







ՄԵՐԿԱՑՈՒՄ. Բարեգործական ընկերություններ գնահատող ամերիկյան ամենախոշոր ընկերության՝ «Charity Navigator»-ի տվյալները ցույց են տալիս, որ իրենց գնահատած ընկերությունների մեջ 10-ից 7-ը իրենց ծրագրերի և մատուցած ծառայությունների վրա ծախսում են իրենց բյուջեի առնվազն 75%, իսկ 10-ից 9-ը՝ առնվազն 65%: «Charity Navigator»-ը հավաստիացնում է, որ «այն բարեգործական ընկերությունները, որոնք իրենց ծրագրերի ծախսերի համար ծախսում են ավելի պակաս, քան իրենց բյուջեի մեկ երրորդը, ապա նրանք պարզապես անկարող են իրենց առաքելություներն ըստ արժանվույն իրականացնել»:



Վարչական կարիքների համար միայն 7% ծախսելով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ինքնաբերաբար ընկնում է այլ դասի բարեգործական ընկերությունների շարք — այլ համայնքային բարեգործական ընկերությունների համար կիրառվող դրամահավաք գործիք: Նրանց վարչական ծախսերի միջինը կազմում է 6,9%: Այդ ծախսերի մեջ մտնում են նվիրատվություններ խնդրելն ու հավաքելը, սակայն բացառվում է բուն ծրագրերի հսկողությունը:



Վարչական կարիքների համար անբավարար ծախսը պատճառում է թե՛ ծրագրերի և թե՛ դրանց իրականացմանն ուղղված նվիրատվությունների անարդյունավետ կառավարում: Միջոցների անտնտեսվարության օրինակ է, երբ ծրագրի իրականացումը հետաձգվում է հանուն նվիրատվություններից տոկոսներ ստանալու: 2001 թ. «Հայկական Ժամանակ» օրաթերթում մի հոդված հրատարակվեց զոհված ազատամարտիկների կանանց մասին, ովքեր իրենց բողոքի ձայնն էին հնչեցրեցրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեին: Վերջինս հրաժարվել էր վճարել անչափահաս զավակների համար մինչ չափահասություն նշանակված 2000-ական դրամը: Նրանք հանգիստ 18 ամիս սպասել էին: Հանրային հեռուստատեսությամբ լսելով, որ «Իզմիրյան» հիմնադրամը 50.000 ԱՄՆ դոլար է հատկացրել՝ վերոնշյալ նպաստները վճարելու համար, համբերում են եւս մեկ-երկու ամիս: Սպասելով ու այդպես էլ գումարները չստանալով` կանայք զանգում են «Հայաստան» համահայկական հիմնադրամ: «Մի աղջիկ էր, որը չներկայացավ <…> Հետո այդ աղջիկը պատասխանեց, որ այդ գումարները տոկոսի տակ են դրել, ու շահույթից նպաստները կվճարվեն»,- պատմեց զոհված ազատամարտիկի այրի, 2 երեխաների մայր Անահիտ Համբարձումյանը:



Վարչական կարիքների համար միայն 7%-ի ծախսումը կարող էր նաև նշանակել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը խնայում է՝ աշխատակազմի փոքրության շնորհիվ: Սակայն այդպիսի տպավորություն չի թողնում Հայաստանում օպտիկական մանրաթելի ծրագրի հիմնադիր, ՀԲԸՄ, Ամերիկայի հայկական համագումարի և Հայաստանի ամերիկյան համալսարանի նախկին խորհրդի անդամ, ամերիկյան Ellis Island պատվո մեդալի արժանացած հանգուցյալ բարերար Վարդգես Պարսամի վկայությունը: Հայաստան համակարգիչներ հասցնելու գործում հարավամերիկյան մի բարեգործի օգնելուց հետո նա որոշում է այցելել «Հայաստան» համահայկական հիմնադրամի երևանյան գրասենյակը, որտեղ իրենց վերջին հանգրվանն էին գտել այդ համակարգիչները: «Ուզեցի գնալ ու տեսնել, թե ինչ են այդ բոլոր աղջիկներն այնտեղ անում: Բոլորը կենտրոնացած են իրենց համակարգիչների վրա: Բոլորը խաղե՛ր են խաղում: Ես ուզում էի իմանալ, թե ինչ գործի են ու ինչու իրենց պետք եկան այդ բոլոր համակարգիչները», ասում է Վարդգես Պարսամը barsameng.blogspot.com-ում տեղադրված ձայնային ֆայլում՝ նկատի ունենալով այն ժամանակահատվածը, երբ Մանուշակ Պետրոսյանն էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը (1992-1998):



Եթե վերադիր ծախսերի մեջ իրոք մտնում է նաև շինարարական աշխատանքների հսկումը, ապա վատ որակը չպետք է զարմացնի: Սակայն կա ևս մի գործոն, որը կարող էր բարձրացնել շինարարական աշխատանքների որակը: Այս խնդիրը մեզ վերադարձնում է տվյալ ուղեցույցի առաջին մաս՝ լրացնելու այն բացը, որը խոստացվել էր կատարել այս այս մասում, այսինքն՝ Գրանթ Թորնթոնի (Grant Thornton Amyot)՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աուդիտային ընկերության ստուգումների նկատմամբ վստահությունը նվազեցնող երրորդ գործոնը: 2010 թ. հեռուստամարաթոնից օրեր առաջ Policy Forum Armenia-յի (PFA) ֆեյսբուքյան էջում ծավալված քննարկման ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանը ասաց. «Գրանթ Թորնթոնը ոչ միայն ֆինանսկան աուդիտ է անցկացնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար, այլև ֆիզիկական աուդիտ: Այսինքն՝ ստուգում է շինարարական աշխատանքի որակը, օգտագործվող նյութերը, շինարարական կոդերի հետ համապատասխանությունը և այլն»: Այսպիսով, ենթադրաբար գործում է որակի ապահովման կրկնակի վերահսկողություն — մեկը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, մյուսը՝ «Գրանթ Թորնթոն»-ի:



Կրկնակի հսկողությունը, սակայն, որակի բարձրացում չի ապահովել բազմաթիվ դեպքերում: Սա նշանակում է հիմնադրամի գումարների գրեթե եռակի վատնում — «Հայաստան» համահայկական հիմնադրամի ընդհանուր վերադիր ծախսից հսկողություն ապահովելու համար հատկացված գումարը; վերահսկողություն ապահովելու նպատակով «Գրանթ Թորնթոն»-ին վճարվող վարձավճարը; և վատորակ շինարարական արտադրանք, ինչը ենթադրում է ծրագրի վրա՝ ներկայացվածից պակաս ծախսված գումար:







1996 թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած դրամահավաքի ժամանակ հայտարարվեց, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի մեկ մետրի արժեքը 250 դոլար է: Չորս տարի անց, ես ծրագրի առաջարկ ներկայացրեցի Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհի համար, որտեղ մետրի արժեքը հաշվարկված էր 94 դոլարի սահմաններում: Մի քանի օր անց Մարտունու շրջանի ճարտարապետի համագործակցությամբ կազմված ծրագրի վերաբերյալ զանգ ստացա Արցախի նախագահի գրասենյակից: Նախագահի մտահոգությունն այն էր, որ ծրագրի արժեքը սովորականից ցածր է ստացվել. նրան պարզաբանումներ էին անհրաժեշտ մեր հաշվարկների մասին: Բավարվելով իմ պատասխաններով՝ ինձ շնորհակալություն հայտնեցին և բարի բախտ՝ ծրագրի համար ֆինանսավորում գտնելու գործում: Իրականում նպատակս ոչ թե ֆինանսավորում հայթայթելն էր, այլ օգնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին ստեղծել ճանապարհաշինության իրական արժեքի վրա հիմնված չափանմուշ: Հակված ենք մտածելու, որ այն իրոք որոշ չափով ազդեցություն ունեցավ նրանց ապագա հաշվարկների վրա, քանի որ հետագայում Հյուսիս-Հարավ մայրուղու արժեքը 100 դոլարով պակաս գնահատեցին:



Վերադառնալով Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն՝ հարկավոր է նշել, որ մետրը 250 դոլար գնահատված արժեքի մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարությունը ենթադրում է, որ նրանք շինարարական ընկերությանը գերվճարել են կատարած աշխատանքի դիմաց՝ հավանաբար տարբերությունն առանց հայտարարագրման ստանալու ակնկալիքով:



Համացանցն ու տպագիր մամուլը հեղեղված են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կարևորագոււյն նվաճումների՝ Գորիս-Ստեփանակերտ և Հյուսիս-Հարավ մայրուղիների վատ որակի մասին հրապարակումներով: Ես անձամբ եմ վատորակության ականատեսը եղել ամեն անգամ երբ այս կամ այն հատվածը շահագործման էր հանձնվում 1997-2005 թթ. Մի անգամ ծայրաստիճան հիասթափվեցի՝ տեսնելով, թե ինչպես էր Լաչինի հատվածում ամբարձիչը սուզվում ասֆալտի մեջ, երբ փորձում էի բարձրացնել թեթևաքաշ մեքենաս անիվը փոխելու համար: Ես նաև հայտնաբերել էի, որ ասֆալտը ճանապարհի կենտրոնական հատվածում անհամեմատ ավելի բարակ է, քան եզրերին, ինչը, թերևս, տեսողական խաբկանք էր՝ հավաստիացնելու, որ ճանապարհի շինարարության վրա բավականաչափ ասֆալտ է օգտագործվել:



Սովորական երևույթ էր ասֆալտի տակի շերտը հատուկ լվացած խճաքարի փոխարեն սովորական լեռնային խճաքարով լցնելը, գրում է լրագրող Քրիստինե Խանումյանը «Ժամանակ»-ում 2010 թ. փետրվարի 3-ին: Շինարարական ընկերությունները խնայողություն էին անում նաեւ ասֆալտապատման համար անհրաժեշտ բիտումի քանակության վրա: Արդյունքում՝ մեկ տարի անց ճաքեր սկսեցին հայտնվել ասֆալտապատ մակերեսին, իսկ տեղ-տեղ նաև խոտեր էին աճում այդ արանքներից:



Վերջնական արդյունքի վատորակության համար գոյություն ունի ավելի քան մեկ պատճառ: Կարևոր է հասկանալ, թե ինչպես է գործում ողջ մեխանիզմը: Ցածր որակի համար անմիջական մեղքն ընկնում է այն շինարարական ընկերության վրա, որին վստահվել է ծրագրի իրականացումը: Հաջորդ տրամաբանական հարցն այն է, թե ինչու էր հենց այդ շինարարական ընկերությունը ընտրվել ծրագրի իրականացման համար:



Արցախում, ինչպես նշվել է տվյալ ուղեցույցի առաջին մասում, կան գլխավորապես երեք շինարարական ընկերություններ, որոնք սովորաբար հաղթում են հայտարարված մրցույթներում՝ «Վրեժ», «Ճանշին» և «Քարավան»: Այս ընկերությունների տերերն են, համապատասխանաբար, Կարեն Հակոբյանը, Հակոբ Հակոբյանը և Ռոլես Աղաջանյանը: Նրանք հաղթում են՝ չնայած նրան, որ բավարար որակ չեն ապահովել անցյալում: Արցախում իրականացվելիք ծրագրերի համար կազմված մրցութային  հանձնաժողովում ներգրավված են համապատասխան մասնագետներ արցախյան կառավարությունից: Ինչպես նշվել է ավելի վաղ, այս ընկերությունները վայելում են որոշակի ազդեցիկ պետական պաշտոնյաների հովանավորությունը, որոնց թվում է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Ազատ շուկայական տնտեսության առանցքային կանոնը՝ հավասար հնարավորություններ, գործում է միայն իշխանությունների հովանու տակ գտնվող շինարարական ընկերությունների համար: Հազվադեպ չէ նաև մրցույթում շահած շինարարական ընկերության կողմից որոշ ճանապարհահատվածների կառուցման իրավունքի վերավաճառումը այլ շինարարական ընկերությանը: Այսպիսի քայլ առաջինը ձեռնարկել է «Ճանշին»-ը՝ վերավաճառելով մայրուղու Հյուսիս-Հարավ մայրուղու Դաշբուլաղ-Խաչենագետ հատվածի որոշ մասերի կառուցման իրավունքը «Քարավան» և «Վրեժ» ընկերություններին: Վերջիններս, ըստ Խանումյանի, հետագայում կապկեցին այդ մարտավարությունը: Հետևանքն ավելի վատթար որակն էր, ինչը վերջ ի վերջո չափազանց ակնառու էր չնկատելու տալու համար:



2006 թ. մայիսի 5-ին Արկադի Ղուկասյանը վերջապես որոշեց բարձրաձայնել հիմնադրամի հսկողության տակ գտնվող շինարարական աշխատանքների որակի մասին մտահոգություները: Ըստ «Առավոտ»-ի հրապարակման՝ Երևանում լրագրողներին նա ասաց, որ դժգոհ է «Հայաստան» համահայկական հիմնադրամի շինարարական աշխատանքի որակից: Արցախի նախկին նախագահը շեշտեց, հիմնադրամը պետք է առավել կոշտ վերահսկողություն իրականացնի իր աշխատանքների նկատմամբ: Այս խնդիրը վեճ հարուցեց Արցախի կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև, որի գործադիր տնօրենը 2004-2007 թթ. Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Նայիրա Մելքումյանն էր: Վերջինս մեղքը բարդեց արցախյան իշխանությունների վրա, քանի որ կառավարության ներկայացուցիչներն էին շինարարության ավարտից հետո աշխատանքի արդյունքը վավերացնողները: Այս առճակատումը Հայաստանում և Արցախում 2006 թ. երկրորդ կեսի տաք թեմաներից էր: Հարցը բարձրացվեց հիմնադրամի հոգաբարձուների խարհրդի նիստում: Ինչպես Խանումյանն է մեջբերում Նայիրա Մելքումյանի խոսքերն իր «Հիմնադրամ-ԼՂՀ. հակասությունները խորանում են» հոդվածում. «ՀՀ և ՀՀՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարգադրությամբ, անորակ աշխատած կազմակերպությունների գործերն ուղարկվեցին ԼՂՀ դատախազություն»: Թիրախում «Վրեժ» և «Ճանշին» շինարարական ընկերություններն էին: Մինչ օրս նրանց նկատմամբ գործ չի հարուցվել:



Տարօրինակ է, որ հիմնադրամի աուդիտն իրականացնող Գրանթ Թորնթոն ընկերությունը, որն, ըստ Սարգիս Քոթանջյանի, պայմանագրով պարտավորված է ֆիզիկական աուդիտ անցկացնել և, հետևաբար, ունի շինարարական աշխատանքի որակի համար պատասխանատվության իր բաժինը, ոչ մի անգամ չի հիշատակվել որպես հիմնադրամի և կառավարության միջև ծագած առճակատման մասնակից: Ինչո՞ւ է հիմնադրամը վճարում Գրանթ Թորնթոնին, եթե վերջինս չի պատրաստվում կիսել վատորակ աշխատանքի պատասխանատվությունը: Եվ ինչո՞ւ  է համահայկական հիմնադրամը գումար հատկացնում 7% կազմող իր վարչական ծախսերի մի մասը հսկողության վրա, եթե այն արդյունավետ չէ:



ԱՌԱՍՊԵԼ 5. Այն գումարները, որ մարդիկ տալիս են հեռուստամարաթոնին այդ գումարներից մեծ մասը պահվում է որպես հեռուստամարաթոնի production cost:



ՀԵՐՔՈՒՄ. Այսինքն՝ ծախսը, որ այդպես չէ: Հեռուստամարաթոնը ընդհանուր առմամբ ամբողջությամբ մենք կատարում ենք մեր հովանավորների շնորհիվ: Եվ այստեղ ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել մեր հովանավորներին: <…> Կազմակերպչական ծախսերը հոգում են մեր հովանավորները, որին մենք շատ շնորհակալ ենք: Իհարկե մեր հովանավորները դրա շուրջ ստանում են գովազդ, որը բնական է: Բայց ամեն մի դոլար, որ տրվում է հեռուստամարաթոնի ընթացքում գնում է ծրագրերին: Էս էլ փակեցինք թեման:



ՄԵՐԿԱՑՈՒՄ. Պնդել, թե հավաքագրված գումարների մեծ մասը ծախսվում է հեռուստամարաթոնի կազմակերպչական ծախսերի վրա իրոք չափազանցություն է: Այնուամենայնիվ, նույնքան չափազանցություն է հավաստիացումն առ այն, որ յուրաքանչյուր դոլարն ուղղված է ծրագրերի իրականացմանը՝ հաշվի առնելով նախորդ հայտարարությունը 7% վարչական ծախսերի վերաբերյալ: Դեռ ավելին, այս ուղեցույցի առաջին մասում ներկայացվում են նվիրատվություններն անձնական շահի համար բանեցնելու զանազան եղանակներ: Այս թեման դեռ փակված չէ, քանի որ հաջորդ առասպելը այս մեկի շարունակությունն է, որտեղ օրինակներ են բերվում այն մասին, թե ինչպես են նվիրաբերված գումարները տնօրինվում մինչև բուն ծրագրերին հասնելը:







ԱՌԱՍՊԵԼ 6. Ասում են, որ 25-30 հոգի գալիս են Հայաստանից պաշտոնյաներ, որպեսզի մասնակցեն հեռուստամարաթոնին. սա մեծ ծախս է, էս է, էն է, բան:



ՀԵՐՔՈՒՄ. Եվս սա ստահոդ տեղեկություն է: Ընդամենը այս տարի, օրինակի համար, գալիս է 5 հոգի, որոնց մեջ է Բակո Սահակյանը՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահը, որոնց մեջ է Պարգև սրբազանը՝ Արցախի թեմի առաջնորդ, Արա Վարդանյանը՝ գործադիր տնօրեն: Ընդամենը 5 հոգու կամ վեց հոգու մասին է խոսքը գնում: Եվ այդ ծախսերը ևս մտած են այդ 7%-ի մեջ, որի մասին մենք խոսեցինք՝ վերադիր ծախսերի մասին: Իրենց թռիչքը, հյուրանոցը և այլն: Երգիչներ են գալիս, այո, ճիշտ է, որպեսզի մասնակցեն նոյեմբերի 21-ին բարեգործական համերգին: Եվ մենք պարտավորվել ենք, որպեսզի մենք կծածկենք նրանց թռիչքը և հյուրանոցում մնալը՝ հինգ օր: Բայց նաև, եկեք չմոռանանք, որ այդ բոլոր երգիչները անվճար են երգելու: Եթե իրանք բոլորը ներկայացնեին իրենց հաշիվները, որ ընդհանրապես այդպես է լինում, ապա դա տասնյակ հազարների մասին է խոսքը գնում: Բայց նրանք... դա իրենց նվերն է «Հայաստան» համահայկական հիմնադրամին և իրենց հայրենիքին: Այնպես որ... և այս ծախսերը ևս մտնում են հեռուստամարաթոնի ծախսերի մեջ, որը որ արդեն մեր հովանավորների միջոցով ընդհանրապես փակված է: Էնպես որ մեծ խումբ չի գալիս: Ընդամենը 5-6 հոգի են, որոնց ծախսերը այն 7%-ի մեջ են, որի մասին որ մենք խոսեցինք:



ՄԵՐԿԱՑՈՒՄ. Գլենդելի Հիլթոն հյուրանոցում 2010 թ. հեռուստամարաթոնից մի քանի օր անց, մարդու իրավունքների տեսակետից Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ իմ մտահոգությունները Արցախի նախագահին ուղղված նամակի տեսքով հանձնեցի մի մարդու, ով Բակո Սահակյանին ուղեկցող թիմից էր: Այդ օրը ես տեսա ևս մի քանի հոգու միևնույն թիմից: Եթե ճիշտ է պնդումը, որ միայն 5-6 հոգու ծախսն է հիմնադրամը հոգացել, ապա ստացվում է, որ կա՛մ Արցախի նախագահի թիկնապահներն իրենց գրպանից են վճարել ճանապարհորդության համար, կա՛մ էլ Արցախի բյուջեն է փակել նրանց ճանապարհորդության և հյուրանոցի ծախսերը:



Սկզբում Սարգիս Քոթանջյանը հայտնում է, որ հիմնադրամը պարտավորվում է փակել նրանց թռիչքի և հինգ օր հյուրանոցում մնալու ծախսերը: Իսկ վերջում նա ավելացնում է, որ «այս ծախսերը ևս մտնում են հեռուստամարաթոնի ծախսերի մեջ, որը որ արդեն մեր հովանավորների միջոցով ընդհանրապես փակված է»: Եթե դա իրոք այդպես էր, ապա բոլորովին կարիք չկար, որ պ-ն Քեթանջյանը հավաստիացներ հեռուստադիտողներին, թե երգիչների ծախսն այնքան մեծ չէ, ինչքան կարծում են:



Գովազդի դիմաց հեռուստամարաթոնի ծախսերը հովանավորի միջոցով փակելու գաղափարը հիանալի է: Ինչևէ, կարծես այն իրականություն է դառել միայն 2010 թ. հեռուստամարաթոնի դեպքում: 2009 թ. սեպտեմբերի 29-ին «Հայկական Ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ ՍԴՀԿ Արեւմտյան Ամերիկայի Շրջանի ատենապետ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կալիֆորնիայի կառավարող մարմնի անդամ Համբիկ Սարաֆյանը դժգոհել է, որ «հիմնադրամի ղեկավարությունը անիմաստ հսկայական գումարներ է ծախսում մարաթոնի կազմակերպման համար՝ «փոխանակ այդ գումարները ռեալ նպատակներով օգտագործվեն»»: Այդ նույն օրը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայիս գործադիր տնօրեն Արա Վարդանյանը լրագրողներին տեղեկացրել է, որ 2009 թ. սեպտեմբերի դրությամբ միայն հիմնը պատվիրելու վրա արդեն ծախսվել է մոտ 22 հազար դոլար:







ԱՌԱՍՊԵԼ 7. Իբր թե մեծ գումարներ են հայտարարվում, և չեն հավաքվում այդ գումարները հեռուստամարաթոնի ժամանակ:



ՀԵՐՔՈՒՄ. Սա ևս սուտ է: 95% այն բոլոր գումարների, որը որ հեռուստամարաթոնի օրը հայտարարվում է, հավաքվում է: Ընդամենը 5 տոկոսն է, որ չենք կարող հավաքել: Նա է պատճառը, որ շատ ժամանակ տեխնիկական որևէ պատճառներով: Այսինքն՝ մարդը փոխել է իր հասցեն, տեղափոխվել է մի ուրիշ տեղ, հասցեն իր չի թողել: Կամ երկու անգամ է իր գումարը այնտեղ երևացել մեր քըմփյութերի սիստեմի մեջ: Խոսքը գնում է 5%-ի մասին: 95% բոլոր գումարների հայտարարված, հավաքագրվում է մի քանի ամսվա ընթացքում:



ՄԵՐԿԱՑՈՒՄ. Խոստացվածից պակաս նվիրատվությունների հավաքագրման խնդիրը թերևս հիմնադրամի հասակակիցն է: Վահան Տեր-Ղևոնդյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենը (1998-2004), այնուամենայնիվ, այլ պատկեր է ներկայացնում: 2002 թ. նա ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթին, որ.



«օրինակ, Լոս-Անջելեսում բնակվող մեր հայրենակիցների 5 տոկոսը, որպես կանոն, խոստմնազանց է լինում եվ գումարները հավաքելու ժամանակ հրաժարվում է վճարել Ազգային տուրքը: Ավելին, երբ հեռուստամարաթոնի կազմակերպիչները մի շարք խոշոր նվիրատվությունների ժամանակ 5 րոպե անց փորձել են ստուգել զանգի իսկությունը, պարզվել է, որ իրենց պարզապես խաբել են ու եթերի ժամանակ ներկայանալովª բոլորովին ուրիշ հասցե ու հեռախոսի համարներ են թողել»:



2004 թ. մայիսին Նայիրա Մելքումյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենը (2004-2007), լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր դժգոհությունն է հայտնել, որ հիմնադրամը չի կարողանում օգտագործել Լոս Անջելեսի ողջ ներուժը: Ըստ նրա՝ 2003 թ. հիմնադրամին փոխանցվել է 910 հազար դոլար խոստացված 1,3 միլիոն դրամի փոխարեն: «Այս խնդիրը կա. Խոստումը տրվում է, հետո՝ չի կատարվում, մենք պետք է պահանջատեր վերաբերվենք մեր խոստումներին և հնարավորություններին»,- «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ հայտարարել է Նայիրա Մելքումյանը:



«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2005 թ. հայտարարեց, որ հավաքել է 7,7 միլիոն դոլար, մինչդեռ, կես տարի անց, ըստ «Հայկական ժամանակ»-ի, ստիպված էր խոստովանել, որ հաջողվել է հավաքել հազիվ 5 միլիոն դոլար (խոստացված գումարների մոտ 35%, մինչ պ-ն Քոթանջյանը խոսում էր 5%-ի մասին):



Իրավիճակը շատ չփոխվեց չորս տարի անց: 2008 թ. «Հետք»-ին տված հարցազրույցում, Վահե Աղաբեկյանցը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենը (2007-2008) ասել է, որ նվիրատվությունը հավաքագրելու ձախողումը հիմնականում կախված է նվիրատուի ֆինանսական իրավիճակից: Աղաբեկյանցը բերեց մի բարերարի օրինակ, ում ընկերության բաժնետոմսերը 900 միլիոն դոլարի արժեք ունեին խոստումը տալու պահին, սակայն երբ արժեքի անկումը 150 միլիոն դոլարի, նա այլևս անկարող էր նվիրաբերել իր խոստացած կես միլիոն դոլարը:



Ինչևէ, կա մեկ այլ մեխանիզմ, որը «Հայաստան» համահայկական հիմնադրամը լայնորեն կիրառում է մեծ թվեր ցուցադրելու նպատակով: 1996 թ. «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի լոսանջելեսյան գրասենյակի հետ կապվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ խնդրելով նվիրաբերել այն գումարը, որը նախատեսված էր «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի երևանյան գրասենյակի համար, և հավաստիացնելով, որ նույն գումարը կվերադարձվի Երևանում: Այս քայլով ցուցադրվելու էր աշխարհին, թե սփյուռքից ինչքան օգնություն է ուղարկվում Հայաստան և Արցախ: Որպես «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի այն ժամանակվա նախագահ՝ ես ներկա գտնվեցի1996 թ. հեռուստամարաթոնին, հանձնեցի 3.000 դոլարի չեքը և խոսեցի հայրենիքի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամին մեր օժանդակության մասին՝ քաջալերելով մարդկանց կատարել նվիրատվություն: Հետագայում ինձ հայտնի դարձավ, որ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը, որը կրկնապատկում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղված յուրաքանչյուր նվիրատվություն, կրկնապատկել էր նաև մեր «նվիրատվությունը»՝ հավելյալ 3.000 դոլար ներդնելով համահայկական հիմնադրամի հաշվի վրա: Կարող եմ միայն պատկերացնել, թե քանիսին է նմանատիպ խնդրանքներով դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամը:



Ավելի քան տասը տարի անց՝ 2007 թ., «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին քննարկում ունեցա Արցախի տարածքային կառավարման նախարար Արմո Ծատուրյանի հետ: Մենք հատկապես շոշափեցինք նվիրատվությունների մասին թյուր տեղեկություններ տարածելու խնդիրը: Նա գիտեր իր սեփական հիմնադրամն ունեցող Վահե Կարապետյանի մեկ միլիոն դոլարը որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղված նվիրատվություն մատուցելու մասին: Սակայն նա չգիտեր, որ այդ նույն շարքին էր դասվում 4,5 միլիոն դոլարի չափ գումար՝ ներառյալ այնպիսի խոշոր նվիրատուների լուման, ինչպիսիք են Քըրք Քըրքորյանն ու Ժերար Գաֆեսճյանը: Պ-ն Ծատուրյանն ասաց, որ թե՛ ինքը և թե՛ արցախյան կառավարությունն ընդհանրապես չէին սպասում, որ սփյուռքը նվիրատվություն կանի 2006 թ. վատորակ աշխատանքի շուրջ հիմնադրամի և արցախյան իշխանությունների միջև ծագած վեճերի պատճառով: Այս համատեքստում նրանք բոլորը զարմացել էին՝ լսելով 13,7 միլիոն ռեկորդային գումարի մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարությունը: Մեր զրույցի մանրամասներն իմ անձնական բլոգում՝ «Martuni or Bust!»-ում, տեղադրելուց մեկ օր հետո, ինձ զանգահարեց Արմո Ծատուրյանը՝ վշտացած: Պարզվեց, որ նրան զանգել էին հիմնադրամից և բողոքել բլոգում տեղադրված նյութի կապակցությամբ: Ինչևէ, խոսքն արդեն հրապարակվել էր (հիմնադրամի հեռախոսազանգին հաջորդած մեր զրույցի մանրամասներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ): Պարզ չէ, թե մնացած 9,2 միլիոնից որքանն է իրականում ուղղված եղել բուն համահայկական հիմնադրամի ծրագրերի իրականացմանը:



ԱՌԱՍՊԵԼ 8. Իբր թե հայաստանցիները չեն մասնակցում հեռուստամարաթոնին: Հայաստանցի ասելով՝ մեր հայրենակիցները, որոնք որ եկել են Լոս Անջելես կամ Ամերիկա Հայաստանից:



ՀԵՐՔՈՒՄ. Դա էդպես չէ: Նախ և առաջ ես ուզում եմ ասեմ, որ ամենամեծ բարերարությունը, որ անում են դա հայաստանցիներն են: Ինչո՞ւ: Որովհետև չմոռանանք, որ բոլորս մեր ընտանիքները, որ կան Հայաստանում, մեծ մասը հայաստանցիների այդ ընտանիքներին օգնում է: Ամեն ամիս, լինի դա 50, 100 կամ... Անկախ «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Եվ ես կոչ կանեմ, որ, ինչքանով հնարավոր է, էլ ավելի իրենց շատով օգնեն, որովհետև կարիքներ ունեն այս մարդիկ Հայաստանում: Բայց շատերը կան, որոնք որ դա անելով հանդերձ նաև օգնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որովհետև հարցը գնում է խոշոր ծրագրերի մասին, ինչպիսին է ջրամատակարարումը: Եվ Հայաստանցիների թիվը 40% է կազմում մեր բարերարների: Բավականին մեծ տոկոս է:



Այնպես որ, եկեք չփորձենք ինչ-որ հարցեր առաջացնել, որոնք իրողության մեջ չկան: Եկեք չփորձենք պղտորել այս վեհ աշխատանքը, այլ ամեն մեկս մեր կարողացածի չափով եկեք օգնենք, չլինենք անտարբեր:



ՄԵՐԿԱՑՈՒՄ. Պարոն Քոթանջյանի կոչը հայաստանցի հայերին ոչ միայն շարունակել, այլև ավելացնել Հայաստանում ապրող իրենց ընտանիքների ֆինանսական օժանդակությունը և, ընդհանրապես, շարունակական օգնության հետևանքները կքննարկվեն այս ուղեցույցի վերջին՝ երրորդ մասում:



Ինչ վերաբերում է նվիրատուների 40%-ին, այդ նվաճման մասին պատմելու համար կուզեի կիսվել իմ անձնական փորձով: Հայաստանից և Արցախից արձանագրված մուտքերի մի մասը պետական հաստատությունների և պետական ուսումնական հաստատությունների ղեկավարության կողմից պարտադրված նվիրատվություններ են: Երբ Արցախում էի ապրում, ճանաչում էի մի կնոջ, ով աշխատում էր Արցախի նախագահի աշխատակազմում: 2003 թ. նա բացահայտորեն հրաժարվել էր թույլ տալ իր աշխատավարձից պահում անել, որը ենթադրաբար պետք է փոխանցվեր «Հայաստան» համահայկական հիմնադրամին իբրև կամավոր նվիրատվություն: Այն ժամանակ ԱԺ նախագահ և այժմ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, ում վստահված էր պարտադիր նվիրատվությունների հավաքագրումը, կարգադրել էր պահումների համար համաձայնության ստորագրություններ հավաքող իր աշխատակցին ստորագրել այդ կնոջ փոխարեն:



Մեկ այլ անգամ, 2004 թ. նոյեմբերին, ինձ մոտեցավ մեկը հիմնադրամին 500 դրամ նվիրատվություն անելու խնդրանքով: Ես այն ժամանակ Մարտունիում գործող իմ քարի գործարանի արհմիության անդամ էի: Ես հրաժարվեցի, և ինձ հանգիստ թողեցին: Սակայն միևնույն կոլեկտիվի մեկ այլ անդամի հետ, ով վարսավիր էր, ուրիշ կերպ վարվեցին: Ինչպես մի քանի տասնյակ հոգու, նրան ևս չէին էլ հարցրել ուզում է, թե չի ուզում նվիրաբերել — նրանց ամսական աշխատավարձից ավտոմատ կերպով 250 դրամ էր հանվել: Ըստ արցախյան պետական պաշտոնյաների՝ Արցախի քաղաքացիների պարտադրված նվիրատվությունները հիմնադրամն օգտագործել է, որպեսզի շատ ավելի ծաղկուն կյանքով ապրող սփյուռքահայերին ցույց տա, որ տեղացիները վստահում են հիմնադրամին՝ այսպիսով քաջալերելով նրանց ևս նվիրատվություններ անել:



Պարտադրված նվիրատվությունների մեթոդը լայնորեն կիրառվել է նաև Հայաստանի Հանրապետությունում: 2003 թ. նոյեմբերի 19-ին մի ծնող է զանգել «Առավոտ»-ի խմբագրություն՝ ահազանգելու Երևանի թիվ 132 միջնակարգ դպրոցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար աշակերտներից 3000-ական դրամ պարտադրաբար հավաքելու մասին: Թերթը պարզել է, որ ո՛չ քաղաքապետարանի կրթության վարչությունը, ո՛չ էլ ԿԳ նախարարությունը նման կարգադրություններ չեն տվել որևէ դպրոցի: Լրագրողին հաջողվել է խոսել միայն դպրոցի փոխտնօրենի հետ, ով հավաստիացրել է, որ եղածը պարզապես 10-20 դրամի նվիրատվության առաջարկ էր: «Մի խոսքով, ստացանք նույն պատասխանը, ինչ ամեն անգամ, դամահավաքության ահազանգերից հետո՝ այս կամ այն դպրոցի ղեկավարից»,- եզրահանգում է թերթը:



1993-2003 թթ. «Հայաստան» համահայկական հիմնադրամում հանրային կապերի բաժնի վարիչ աշխատած Տիգրան Պասկևիչյանը 2004 թ. դեկտեմբերին իր մտահոգությունն է արտահայտել Վանաձորի մանկատան կողմից արված նվիրատվության կապակցությամբ: «Համահայկական հիմնադրամ, թե՞ մեծահարուստների ակումբ» վերնագրված իր հոդվածում — որը դառնացրել էր այն ժամանակ հիմնադրամի նորանաշանակ գորխադիր տնօրեն Նայիրա Մելքումյանին — պ-ն Պասկևիչյանը գրում է. «Ամբողջ աշխարհում ամեն մարդ գիտի, որ մանկատներն իրենք են ապրում բարեգործության շնորհիվ: Մեզ մոտ մանկատունը դառնում է նվիրատու: <…> Մանկատան երեխեքը, գիտեք, փող չունեն, որտեղի՞ց ունենան, ուրեմն ադմինիստրացիան ինչ-որ ծախսերից կրճատելով է տալիս, եւ հենց այդ պատճառով էլ անհեթեթ է»:



2007 թ. հեռուստամարաթոնից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարեց, որ 15 միլիոն դոլարի խոստում է ստացել: 2007 թ. դեկտեմբերի 19-ին «Հայկական ժամանակ»-ը գրեց, որ մի քանի շաբաթ շարունակ խմբագրությունը ահազանգեր էր ստանում տարբեր պետական կառույցներից, «որ սույն կառույցների աշխատողների աշխատավարձից պահվում է երկու տոկոս՝ պատճառաբանելով, թե դա «Հայաստան» հիմնադրամի մարաթոնի համար է»: Թերթին հաջողվել է պարզել, որ Հանրային հեռուստաընկերության աշխատակիցների աշխատավարձերից պահվել է 10% հիմնադրամի կարիքների համար:



Իրոք այս հարցերը կան իրողության մեջ և կշարունակեն պղտորել «այս վեհ աշխատանքը», քանի դեռ «Հայաստան» համահայկական հիմնադրամը արհամարհում է դրանց գոյությունը: Կորցրած լինելով իր ամենաարժեքավոր պաշարը՝ վստահությունը, հիմնադրամը ստիպված է ստվերային եղանակներով երկարաձգել իր գոյությունը: Կարևոր է այս հարցերի քննարկումը դիտարկել իբրև անտարբեր լինելուց հրաժարում և հիմնադրամի աջակցության արտահայտություն:



Արա Խ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ,

Շահան Նաթալի ընտանեկան հիմնադրության ներկայացուցիչն է Արցախում և Հայաստանում,

անդամակցում է Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) կազմակերպությանը,

հիմնել է
www.thetruthmustbetold.com կայքը