Ցեղակրոն Ասրյանի տեսակը եզակի է

Ցեղակրոն Ասրյանի տեսակը եզակի է
Երեկ մենք մի փոքրիկ ռեպլիկ էինք տպագրել, որտեղ նշել էինք, որ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանը թեեւ ԲՀԿ-ական չէ, սակայն ԲՀԿ-ն, այս նախարարությունն իրենը համարելով, նպաստներ է սահմանել նաեւ մյուս փոխնախարարների համար:



«Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար  սյունյաց արծիվ Խաչիկ Ասրյանի կարիերան սրընթաց աճ է արձանագրում, ինչին խանդով են նայում տարեկից կարիերիստ կոլեգաները: Սակայն այստեղ ուշագրավ մի այլ բան կա:  Նախագահի հովանավորությունը վայելող ՀՀԿ-ական սյունյաց երիտասարդը, ի զարմանս շատերի, կարողանում է ջուր խմել նաեւ այլ աղբյուրներից: Որոշ տեղեկությունների համաձայն՝  Խաչիկ Ասրյանը՝ որպես սպորտի փոխնախարար, օգտվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գանձարանից: Նա, ինչպես ԲՀԿ-ական փոխնախարարները, նպաստ է ստանում կուսակցությունից»:



«Սյունյաց» կամ «Հայոց արծիվներ» կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը երեկ պատասխան տեքստ է ուղարկել, որը տպագրում ենք առանց մեկնաբանության:



«Կարդալով Ձեր թերթում տպագրված անանուն «Սյունյաց արծիվ, թե ԲՀԿ նպաստառու» փոքրիկ հոդվածը` այն իմ մեջ զարմանք եւ հիասթափություն առաջացրեց: Լինելով նվիրյալ եւ ակտիվ հանրապետական, միաժամանակ ակտիվ հասարակական գործիչ, ցավում եմ շատ զորացրված, սատանայադավ քաղաքական գործիչների հիվանդ երեւակայությունների համար: Հասկանում եմ այդ տականքների վախը ինչպես իմ, այնպես էլ օր-օրի հզորացող «Հայոց արծիվներ» հայրենասիրական շարժման հանդեպ: Իհարկե, նախընտրական տարի է, եւ շատ անճարներ, այդ թվում նաեւ տարբեր ժամանակներում իրենց կուսակցությունները դավաճանած շատ թերուցքներ փորձելու են, հայոց նախագահի եւ Հանրապետական կուսակցության հանդեպ «Հայոց արծիվների» եւ անձամբ իմ նվիրվածության չափից վախենալով, պատվերներ իջեցնել: Միանգամից հիասթափեցնեմ այդ ստրուկներին՝ ոչինչ չի ստացվի, որովհետեւ ձեր ապրած ողորմելի կյանքում դուք ծանոթ չեք եղել ցեղակրոն տեսակի, հատկապես Խաչիկ Ասրյան տեսակի հետ, որը երբեք նպաստառու չի եղել, երբեք չի դավաճանել իր սկզբունքները, այն է` ապրել արժանապատիվ: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում աշխատելով ավելի քան երեք տարի, իմ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հարաբերությունները միշտ էլ եղել են ակտիվ-աշխատանքային, բայց ոչ ավելին, թեեւ վաղուց փորձ է արվում կոալիցիոն ուժերի, տվյալ դեպքում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ թշնամություն սերմանել, որը, ըստ իս, չի հաջողվի: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ գանձարանից իմ օգտվելուն, դա ուղղակի հերյուրանք է, զրպարտություն:



Խաչիկ ԱՍՐՅԱՆ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար»