Մաքրված ու բաց ճակատով

Մաքրված ու բաց ճակատով
Կապանի մշակույթի կենտրոնի կինոդահլիճը երեքշաբթի  լեփ-լեցուն էր: Բայց մարդիկ ոչ թե հայտնի աստղի համերգի էին եկել, այլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կապանի տարածքային կազմակերպության նախահամագումարային կոնֆերանսին: Օրակարգային 4 հարցերը սպառվեցին 50 րոպեում, չհաշված այն, որ մինչ աշխատանքները սկսելը հանդիսավորությամբ ընթերցվեց Գագիկ Ծառուկյանի ուղերձը: Մեկ տարվա հաշվետվությունը ներկայացրեց տեղի կազմակերպության նախագահ Կամո Աբրահամյանը, որը հրապարակեց կուսակցության ֆինանսական ներդրումներով արված գործերի ցանկը:



Մասնավորապես, Կապանի բժշկական կենտրոնի մի քանի հիվանդասենյակների նորոգում, վիրահատությունների ֆինանսավորում, Նոր տարվա տոպրակների բաշխում, ուսանողների վարձերի վճարում: Ավելին, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի տրամադրած միջոցներով առաջիկայում կմարվեն կուսակիցների ուսանող երեխաների ուսման վարձերը: 413 անդամ ունի Կապանի տարածքային կազմակերպությունը, սակայն այդ թիվը կարող էր ավելի շատ լինել: Կուսակցության քաղխորհրդի անդամ Արմեն Ավագյանի խոսքով, Կապանում վերջերս «Մաքրություն» օպերացիա է արվել:



«Այսինքն մեր շարքերից դուրս են մնացել նրանք, ովքեր այլ նպատակ էին հետապնդում, անձնական շահը բարձր էին գնահատում կուսակցական շահից: Հիմա մնացել են անմնացորդ նվիրյալները, ու ամեն ինչ պետք է զրոյից, նոր տողից սկսել»,-ասաց Ա. Ավագյանը` ավելացնելով, որ կուսակցությունից վտարվածները շարունակում են մնալ համակիրների շարքերում: «Բաց ճակատով դեպի ԲՀԿ տեսլականը»,-ասաց Երեւանից ժամանած, բայց ծնունդով կապանցի քաղխորհրդի անդամը: Նա չթաքցրեց, որ պետք է պատրաստվել համապետական ընտրություններին, ու գուցե այս կոնֆերանսը նախընտրական պայքարի առաջին ծիծեռնակը լինի:



Այնուհետեւ հռետորն առաջարկեց բավարար գնահատել կազմակերպության աշխատանքը, որից հետո պատվիրակներն անցան ընտրություններին: Նախապես գրված սցենարով, հանգիստ,  չափած-ձեւած ընտրություններ եղան, նախագահ վերընտրվեց Կամո Աբրահամյանը: Ի դեպ, կոնֆերանսին մասնակցում էին Սամվել Բաբայանի համակիրներից շատերը, այդ թվում նաեւ Գյուղակադեմիայի Կապանի մասնաճյուղի տնօրեն Նաիրա Մովսիսյանը: Հիշեցնենք, որ Կապանում շրջանառվող լուրերի համաձայն՝ տիկին Մովսիսյանը ցանկություն ուներ դառնալու տեղական կառույցի ղեկավար, իսկ Սամվել Բաբայանն ինքն էր իր կողմնակիցներին հորդորել մտնել ԲՀԿ: