«Հրաժեշտի օր», «նվիրվածության օր»

«Հրաժեշտի օր», «նվիրվածության օր»
Երեկ Եգիպտոսում երկու զուգահեռ հանրահավաքներ էին: Թահրիր հրապարակում, ինչպես հունվարի 25-ից ի վեր գրեթե ամեն օր հավաքված էին նախագահ Մուբարաքի ընդդիմախոսները, ովքեր նախագահից պահանջում են հեռանալ այժմ` չսպասելով սեպտեմբերին: Հանրահավաքի մասնակիցների թիվը մի քանի տասնյակ հազար էր, գուցե հարյուր հազար, ովքեր հրապարակ էին եկել ուրբաթօրյա աղոթքից հետո: Նրանք օրը կոչել էին «Հրաժեշտի օր»` ակնկալելով նախագահի հեռանալու մասին հայտարարություն:



Կահիրեի մեկ այլ թաղամասում, որ կոչվում է Մոհանդիսին, մասնակիցների նվազ թվով, բայց ոչ նվազ զգացական բացականչություններով, մեկ այլ ցույց էր ընթանում: Այդտեղ էլ նախագահ Մուբարաքի կողմնակիցներն էին, որոնք երեկվա օրը անվանակոչել էին «Նվիրվածության օր»: Բարեբախտաբար, այս անգամ բանակը լոկ դիտորդի գործառույթ չէր վերցրել, եւ դեպի Թահրիր հրապարակ տանող կամուրջների վրա մի քանի հսկիչ անցակետեր սահմանելով՝ ապահովել էր, որ ընդդիմադիր ճամբարների երիտասարդները միմյանց չհանդիպեն: Արդյունքում, բարեբախտաբար, երեկ ընդհարումներ, վիրավորներ, զոհեր չեղան:



Երեկ նաեւ «Իսլամական եղբայրություն» կոչվող շարժումն էր դրվատանքի արժանի մի հայտարարություն տարածել: Իրանի թեոկրատիկ ռեժիմը, չգիտես ինչու, ոգեւորվել է եգիպտոսյան իրադարձություններից, երեկ էլ Այաթոլա Խամենեին էր կրկնել Թեհրանից արդեն հնչած դատարկախոսությունը՝ իբր Եգիպտոսում 1979-ի Իրանի իրադարձություններն են կրկնվում, եւ երկրում իսլամական հեղափոխություն է բարձրանում: Ի պատասխան՝ «Իսլամական  եղբայրությունը» հայտարարել էր, որ Եգիպոսում հեղափոխություն է անում Եգիպտոսի ժողովուրդը, եւ դրան մասնակցում են բոլոր կրոնների հետեւորդները, այդտեղ չկա իսլամականության դրոշ:



Թե ինչու էր Այաթոլա Խամենեին դատարկախոսել, դժվար է ասել, բայց որ մեծ ծառայություն մատուցեց նախագահ Մուբարաքին՝ ակնբախ է: Ընդհանրապես երկյուղները, թե Եգիպտոսում քաղաքական ցնցումները կարող են իշխանության բերել իսլամիստների, տարիներ շարունակ հնչած ու կարծրացած մտապատճեն է եղել: Մինչդեռ ներկա շարժման մեկնարկը մի քանի օրում ցույց տվեց, որ Եգիպտոսում ընդվզողները աշխարհիկ զանգվածներ են, եւ որեւէ կրոնական երանգ այդտեղ դեր չի կատարում: Ոգեւորված բացահայտված իրականությունից, որ իսլամիստները մեծ ուժ չեն եւ որեւէ դեպքում առաջնորդող ուժ չեն ներկա զանգվածային ընդվզման մեջ, շատերին սկսեց թվալ, թե Մուբարաքի հեռանալը կարող է ամենեւին էլ իսլամիստներին չբերել իշխանության, ինչից Արեւմուտքն այդքան երկյուղում է:



Այդուհանդերձ, երեկ Թեհրանից հնչած մեկնաբանությունները մի ավելորդ անգամ ամենքին ցուցադրեցին, թե ինչ եռանդով է Թեհրանը լծվելու Եգիպտոսում կրոնական ծայրահեղական շարժումներ ստեղծելու կամ ակտիվացնելու գործին` առաջին իսկ հնարավորության ի հայտ գալու պահից: Իսկ երեսնամյա քաղաքական համակարգ գլխատելը Իրանի համար ուղղակի դրախտային պայմաններ կստեղծեր: Այժմ ո՞վ կհամարձակվի չհամաձայնել նախագահ Մուբարաքի հետ, թե այսօր իր գնալը կարող է համազոր դառնալ երկիրը իսլամիստական շարժումների հանձնելուն: Հասկանալիորեն Եգիպոսում երեսուն տարի խաղաղություն եւ աշխարհիկություն ապահոված նախագահը, որ նաեւ պրոֆեսիոնալ զինվորական է ու  1973-ի իսրայելա-եգիպտական պատերազմի հերոս, դժվար թե իր քաղաքական կյանքի ուղին ավարտի նման նահանջով:



Նախօրեին նախագահ Մուբարաքն իր պալատում ընդունել եւ շուրջ կես ժամ զրուցել էր ABC-ի հեռուստավարներից մեկի հետ: Հետո լրագրողը պատմեց զրույցի բովանդակությունը: Նախագահը, ի թիվս այլնի, ասել էր, որ ինքը քաղաքացիական, զինվորական ու պետական ծառայության մեջ է արդեն 62 տարի եւ անկեղծորեն ցանկանում է հեռանալ այդ ծառայությունից, բայց դա հնարավոր չէ անել մինչեւ առաջիկա ընտրություններ` առանց երկիրը վտանգելու: Մեծամասնությունը, անշուշտ, նախագահի հետ չի կարող չհամաձայնել, մնում է, որ համաձայնի Թահրիրում հավաքվող փոքրամասնությունը:



Երեկ, ի դեպ, Թահրիր հրապարակում ցուցարարներին է մոտեցել Արաբական լիգայի գլխավոր քարտուղարը` Ամր Մուսան, եւ մարդիկ սկսել են վանկարկել, թե նրան են ցանկանում տեսնել նախագահ: Ավելի ուշ «Ֆրանս պրես» գործակալության հարցին` արդյոք ինքը կհամաձայնի՞ պորտֆել վերցնել անցումային կառավարությունում եւ հետագայում նախագահի թեկնածու առաջադրվել, Ամր Մուսան պատասխանել էր. «Why say no?» (ինչո՞ւ ասել ոչ):