Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն
Վերջին օրերին ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության ընթացքը եւ հանգուցալուծումը շատ նման է Տրոցկու նշանավոր՝ «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» թեզին, երբ գերմանական ճակատում զինադադար կամ հաշտություն կնքելու փոխարեն ռուսական հեղափոխության հայրերից մեկը հայտարարեց՝ մենք ոչ պատերազմում ենք, ոչ էլ հաշտություն ենք կնքում, մեր ուժերը ռազմի դաշտից հետ ենք քաշում եւ վերջ: Կարելի է կարծել` Գագիկ Ծառուկյանը լավ է ուսումնասիրել Տրոցկու այս աննախադեպ առաջարկը եւ որոշել է՝ ոչ սատարել Սերժ Սարգսյանին, ոչ էլ դուրս գալ կոալիցիայից: Ըստ էության սա այն լուծումն է, որը կարող է փակուղի մտցնել քաղաքական ուժերին: Սակայն չի բացառվում նաեւ, որ ամենաանհեթեթ լուծումը լինի ամենալավը եւ միակ ելքը ստեղծված վիճակից: Ուրբաթ ողջ օրը ԲՀԿ-ականները խուսափում էին հասարակության, երեւալուց: Փոխարենը ակտիվ էին ՕԵԿ-ականները, որոնք, ըստ որոշ լուրերի, ծանր են տանում ԲՀԿ-ի այս մանյովրները եւ շատ են ուզում, որ նա կամ ընդունի իրեն թելադրված խաղի պայմանները, կամ դուրս գա կոալիցիայից: Եթե ընդունի, ՕԵԿ-ը որոշ առումով կմաքրվի՝ «եթե Ծառուկյանի նման գիգանտը չդիմացավ, Արթուրից ի՞նչ եք ուզում» բնույթի: Եթե դուրս գա, ՕԵԿ-ի աչքը լույս՝ ինչքա՜ն պաշտոն է ազատվում, որին տիրություն անել է պետք: ԲՀԿ-ի դուրս գալը նաեւ ՀՀԿ-ին էր ինչ-որ առումով ձեռնտու. իշխանական դաշտը կմաքրվի եւ պայքարն էլ կհեշտանա: Այլեւս իմաստ չի ունենա կոալիցիոն քաղաքավարություն դրսեւորել, հարաբերություններ պահպանել: Բոլոր թշնամիներդ բացահայտված կլինեն, տեսանելի ու հասանելի: Հատկապես հանրապետականների հնաբնակների թեւը, որը մի տեսակ անտեսված է այժմ, մեծ ուրախություն կապրեր, եթե «Բարգավաճը» հրաժեշտ տար կոալիցիային: Ավաղ՝ ոչ բոլոր երազներին է տրված իրականություն դառնալ: