Րաֆֆի Հովհաննիսյանն էլ միացավ առեւտրականների պայքարին

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ միացավ առեւտրականների պայքարին
Երեկ կառավարության հերթական նիստն էր: Ներսում` ինչպես միշտ էր, դրսում` մի քիչ արտասովոր, քանի որ զրկվածների հետ երկրի անարդարությունների դեմ  պայքարելու էր եկել նաեւ «Ժառանգության»  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:  Կառավարության նիստերին հաճախ մասնակցում են նաեւ այս կուսակցությունների անդամները եւ ավարտից հետո երբեմն ներկա լինում նաեւ բողոքի ակցիաներին:



Սակայն չէր եղել դեպք, որ  կուսակցության ղեկավարը առավոտվանից մինչեւ կեսօր իր մասնակցությամբ աջակցեր սոցիալապես խոցելի խավին: Ինչպես միշտ՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների, Հյուսիսային պողոտայի անօթեւանների  հետ բողոքի ակցիա էին անում նաեւ մինչեւ վերջերս բացօթյա առեւտրով զբաղվողները, որոնք քաղաքապետարանի՝ փողոցային առեւտրի արգելման որոշմամբ դարձան գործազուրկ: Չնայած երեկվա ցրտին, Րաֆֆի Հովհաննիսյանը, Անահիտ Բախշյանն ու իրենց նոր կուսակից Կարինե Հակոբյանը մինչեւ նիստի ավարտը կանգնեցին կառավարության շենքի առջեւ: Ու երբ պաշտոնյաները սկսեցին դուրս գալ, քաղաքացիները, ոգեւորված իրենց կողքին կանգնած կուսակցական գործիչների աջակցությունից, ավելի բարձր էին  վանկարկում  չինովնիկ հանցագործներին պախարակող արտահայտություններ: Իսկ քաղաքապետ Կարեն Կարապետյանը, բողոքող  առեւտրականներից խուսափելու համար,  կառավարությունից դուրս եկավ այլ մուտքով:



«Ժառանգության» ակտիվացումն ու հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա պահվածքը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեցին: Դա դիտարկվեց որպես ընտրազանգված հավաքելու պրիմիտիվ միջոց: Չնայած հայտնի է, որ սոցիալապես խոցելի խավը ամենահեշտն է կաշառվում, եւ նրան «նվաճելու» համար 5 հազար դրամը բավական է: Ամեն դեպքում, Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է պատահել, որ անձամբ եկել է կառավարության շենքի մոտ: «Մեր զրկյալ  խավերը՝ համաքաղաքացիները,  ամեն հինգշաբթի էստեղ են: Բոլոր դեպքերում, մեր համաքաղաքացիները առանձին-առանձին բարձրացնում են կարեւոր հարցը, որը վերաբերում է մեր արժանապատվությանը, մեր երեխաներին: Պայքարելը  որոշման խնդիր չէ, ամենօրյա նվիրում է:



Մեր առեւտրական հայրենակիցներն են, երեխաներից ու սեփականությունից զրկված մեր քաղաքացիները, զրկյալ հայաստանցիները, եւ մենք պետք է ապրենք այն երկրում, որտեղ այդ զրկումը օրենքի անունի տակ տեղի չունենա: Դրա համար, այո, ներկա ենք՝ պայքարելու, որ փոխենք մեր երկիրը: ԱԺ-ում «Ժառանգությունը» այդ արժանապատվության հարցը տեւապես բարձրացնում է: Անցյալ նիստին հայտարարությունների ժամին բարձրացվեց, եւ մենք  մշտապես պետք է լինենք  մեր քաղաքացիների կողքին՝ մինչեւ էդ հարցերը համալիր լուծում գտնեն»: Ինչ վերաբերում է հայաստանցի զրկյալներին իրենց  պաշտպանության ներքո առնելու խոսակցություններին, թե այդպիսով էլեկտորատ են ձեւավորում, այդ առնչությամբ մեկաբանեց. «Չարախոսության պիտակավորման  այդ հատկությունը հատկապես որոշ քաղաքական շրջանակներում եւ լրագրողական կցորդների մոտ է, քննադատությունը մեզ պետք է, բայց սա ամենեւին  քաղաքական չէ,  սա քաղաքացիական արժանապատվության հարց է եւ «Ժառանգության» քաղաքական հեռանկարների հետ կապ չունի: Ուրիշները կարող են փորձել այս կամ այն հարցով  ընտրազանգված գողանալ:



Մարդիկ կան, որ հիմա մեծ փողեր են բաժանում, բարեգործություն անում, ադմինիստրատիվ ռեսուրս օգտագործում, ճանապարհներ են փակում, մենք մեր ամենօրյա աշխատանքի մեջ ենք: Կապ չունի ընտրությունների հետ:  Շահագրգիռ քաղաքացիներն իրենք պիտի որոշեն»: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքն ընդհատվեց սակավաթիվ բողոքականների բարձրագոչ «այո»-ներով: