Ամեն ոք իրավունք ունի արտահայտվելու, նույնիսկ` հիմարություններ, նույնիսկ` Վահրամ Պետրոսյանը

Ամեն ոք իրավունք ունի արտահայտվելու, նույնիսկ` հիմարություններ, նույնիսկ` Վահրամ Պետրոսյանը

Լուրեր են հասնում, թե տեղական թիվիները Վահրամ Պետրոսյանի երգերն արդեն չեն «ֆռռացնում» եթերում, պատվիրատուներն էլ սկսել են բոյկոտել: Վահրամ Պետրոսյանը երիտասարդ երգահան է (հանուն արդարության` բավական լավ երգահան. օրինակ հենց ես «Կյանքի գինը» սերիալի նրա սաունդթրեքը համարում եմ շատ տաղանդավոր գործ), որն անզգուշություն է ունեցել ինչ-որ դրական կարծիք հայտնելուց զուգահեռ օգտագործել «Ադրբեջան» բառը: Վահրամ Պետրոսյանը ամենապահանջարկված երգահաններից մեկն է եղել, լավ «ֆռռացել է» հայկական շոուբիզի «թոփ-կռուգներում», ու ոչ պակաս լավ էլ` հայկական երկնագույն էկրաններին:



Չեմ հասկանում, երգերը վատը դարձա՞ն, թե՞ մինչեւ էդ իր սիրած «ադրբեջանական մելիզմները» աննկատելի էին իր գրած երգերում: Սենց միանգամից` վա~յ, էս երգի մեջ փաստորեն ադրբեջանական մելիզմ կա՞, վա~յ, սրա հեղինակը ադրբեջանական երաժշտություն ա սիրո՞ւմ, ամա~ն, հայ հարա~յ, հանե′ք, հանե′ք եթերից: Կամ` ես սրան սրանից հետո երգ պատվեր տամ, որ իմ համար ադրբեջանական, էդ շուն թուրքերի մելիզմով երգեր գրի՞, բա ես չգիտեի~, որ դա տենց բաներ ա անում թաքուն-թաքուն, օհ, երբե′ք:



Թոռներս կծերանան, բայց ես հիվանդ հասարակությունը էդպես էլ չի սովորի տարբերակել Աստծո պարգեւը ձվածեղից: Մոլեգնող երեսպաշտությունը մեզ արդեն թաքուն չի կրծում, այլ լավ էլ ափաշքյարա կոտորում է: Անկախ նրանից, թե ինչ կարգի հիմարություն է դուրս տվել կամ հանճարեղ խոսք ասել Վահրամ Պետրոսյանը, անկախ նրանից, թե որքան է նրա ասած կտրուկ ճշմարտությունը ստվեր գցում մեր դարավոր ազգի փառապանծ եւայլնի վրա, ես նրա ու նրա արտահատվելու, խոսքի ազատության իրավունքի կողքին եմ լինելու: Ոչ Պլատոնն է իմ ընկերը, ոչ էլ Վահրամ Պետրոսյանը, բայց ճշմարտության գինը դրանից չի նվազում: Ամեն ոք ունի սխալվելու, առավել եւս արտահայտվելու բացարձակ իրավունք, նույնիսկ` հիմարություններ, նույնիսկ` ադրբեջանական մելիզմների սիրահար Վահրամ Պետրոսյանը:



Ու ես, որպես բողոքի նշան, բլոգումս տեղադրում եմ Լիլիթ Հովհաննիսյանի կատարմամբ նրա "Ոչ, ոչ" երգը, որն ատելով ատում եմ: