«Ֆեյսբուքը» կառավարություններ է տապալում

«Ֆեյսբուքը» կառավարություններ է տապալում
Այսօր այլեւս ոչ ոք չի կասկածում սոցկայքերի, հատկապես «Ֆեյսբուքի» ֆունկցիոնալությանն ու մեծ ազդեցությանը: «Ֆեյսբուքը» բառիս բուն իմաստով հեղափոխություն արեց Թունիսում եւ Եգիպտոսում: Ստացվում է, որ եթե ժողովուրդը որոշի ոտքի կանգնել, ինչը կատարվում է այսօր նաեւ Հայաստանում, նա իր ձեռքի տակ ունի ինֆորմացիոն աղբյուր, հաղորդակցման միջոց, որը դժվար է կասեցնել: Համենայնդեպս, առանց միջազգային հանրության հետ խնդիրներ ունենալու:



Երբ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ մտցված արտակարգ իրավիճակը զրկեց բոլորիս հրապարակում կատարվող իրադարձությունների մասին տեղյակ լինելուց, կասեցվեց ժողովրդի հոսքը դեպի ցուցարարները եւ ցույցի թափը կոտրվեց: Թեեւ ընդամենը մի քանի տարի է անցել, բայց տեխնոլոգիական առումով երկրում լուրջ առաջընթաց կա: Այն ժամանակ հնարավոր էր կցկտուր վիդեո պատառիկներ դիտել «Յութուբում» եւ լսել արբանյակով հեռարձակվող «Ազատություն» ռադիոալիքը, ինչը քչերին էր հասանելի:



Այսօր ժողովրդի մեծ մասն ունի համակարգիչ եւ կարողանում է օգտվել համացանցից: Այն ժամանակ գործում էին միայն պարբերականներն ու հեռուստաալիքները: Դժվար է կանխատեսել, թե իրադարձություններն ինչ ընթացք կստանային այն ժամանակ, եթե լինեին այն տեղեկատվական հնարավորությունները, որ կան այսօր: «Ֆեյսբուքի» պոտենցիալ կարողությունները մտահոգում են նաեւ այլ երկրների կառավարություններին: Հատկապես այն երկրների, որտեղ ԱՄՆ-ն կարող է շահագրգռված լինել կառավարություն փոխելու հարցում: Որովհետեւ, ըստ էության, հենց գերտերությունների հետաքրքրություններն են պատասխանում այն հարցին, թե ինչու Եգիպտոսում ցուցարարների կամքը դարձավ իրականություն, իսկ Հայաստանում` ոչ:



Հաշվի առնելով, որ «Ֆեյսբուքը» Թունիսում եւ Եգիպտոսում սկիզբ առած շարժումների գլխավոր դերակատարն է եղել, կարելի էր կարծել, թե սոցկայքը կանի հնարավորը՝ ժողովրդավարություն հաստատելու մեջ իր ներդրումն ընդգծելու համար: Այնինչ լրատու հսկան չի շտապում ինքնագովազդով զբաղվել: Ընդհակառակը, ընկերությունը փորձում է, «Նյու Յորք Թայմսի» տվյալներով, հնարավորինս ստվերում մնալ: Բանն այն է, որ Սիրիան եւ այլ երկրներ, որտեղ ցանցը նոր է հաստատվել, կարող են սահմանափակել նրա լիազորությունները, այլ կերպ ասած` փակել ավելի ընդարձակ շուկա տանող ճանապարհը: Այսպես, «Ֆեյսբուքը» մտադիր չէ փոխել իր մարտավարությունը` քաղաքական ակտիվիստներին աջակցելու համար: Ըստ սոցկայքի կանոնադրության` գրանցվողները պետք է հանդես գան իրական անուն-ազգանուններով:



Ընկերությունը պնդում է, որ այս մոտեցումը իր ծառայություններից օգտվողներին պաշտպանում է կեղծիքից: Այնինչ մարդու իրավունքների պաշտպանները, օրինակ, «Շարժումներ» կազմակերպությունը, գտնում են, որ «Ֆեյսբուքը» պարտավոր է ապահովել ակտիվիստների անվտանգությունը` նրանց թույլ տալով գրանցվել կեղծանուններով, քանի որ կառավարությունները կարող են ճնշում գործադրել, անգամ մահափորձ կատարել նրանց վրա: «Մարդիկ, միեւնույն է, օգտագործելու են այս հարթակը, եւ «Ֆեյսբուքի» վարած քաղաքականությունը միայն նվազեցնում է նրանց անվտանգությունը»,-հայտարարել է Սյուզաննա Վայլը` «Շարժումներ» մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության ղեկավարներից մեկը:  Ճիշտ է, «Ֆեյսբուքը» մասամբ փորձում է պահպանել իր հաճախորդների անվտանգությունը՝ հատկապես այն դեպքից հետո, երբ Թունիսի կառավարությունը փորձել է վիրուսի միջոցով ստանալ «Ֆեյսբուքից» օգտվողների ծածկագրերը: Այս դեպքը ստիպել է սոցկայքին վերանայել անվտանգության համակարգը, թեեւ ընկերությունն այդ քայլը որակում է իբրեւ «անվտանգության խնդրի տեխնիկական լուծում»:



Որքան էլ ակնհայտ լինի եգիպտական կառավարությունը փոխելու հարցում ընկերության ունեցած դերը, այն  նվազեցնելու միտումն ակնհայտ է: Մասնավորապես, սոցկայքը հրաժարվել է քննարկել երկրագնդի ամենակարեւոր վերջին իրադարձություններին իր մասնակցությունը` պարզապես հայտարարելով, որ «բոլոր ժամանակներում էլ քաջ մարդիկ փորձել են մեծ փոփոխություններ իրականացնել իրենց երկրում»: «Անշուշտ,- փաստել է ընկերության փոխնախագահ Էլիոթ Շրեյջը,- տեխնոլոգիան կարեւոր գործիք է եղել այդ հարցում, բայց կարծում եմ, որ որոշիչը եղել է նրանց քաջությունն ու հաստատակամությունը»:



Նվազ նշանակալի այլ սոցկայքեր` «Յութուբն» ու «Թուիթրը», ավելի բացահայտ են հովանավորել  ցուցարարներին: Երբ Եգիպտոսը զրկել է իր քաղաքացիներին ինտերնետից օգտվելու հնարավորությունից, «Թուիթրն» առաջարկել է նոր ծառայություն, որը հնարավորություն է ընձեռել թողնել ձայնային հաղորդագրություններ՝ դրանք տեղադրելով համացանցում:



Որքան էլ դժվար է դա պատկերացնել, հնարավոր են դեպքեր, երբ կոմերցիոն ընկերությունը ստվերում մնալը գերադասում է գովազդից: Կախված նրանից, թե ինչ խնդիր է նա իր առջեւ դրել` շուկան ընդլայնելո՞ւ, թե՞ պահպանելու:



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ