Վանաձորում 21-ամյա որդին կացնահարելով սպանել է հարազատ հորը (ֆոտոշարք, վիդեո)

Վանաձորում 21-ամյա որդին կացնահարելով սպանել է հարազատ հորը (ֆոտոշարք, վիդեո)
Փետրվարի 20-ին, ժամը  20:00-ի սահմաններում Վանաձորի Տիգրան Մեծի 1Ա հասցեի բնակարանում որդին՝ 21 ամյա  Տիգրան Գյուլբանկյանը սեփական  տան մեջ կացնի բազմաթիվ հարվածներ է հասցրել հոր՝ մոտ 50 տարեկան Սերյոժա Գյուլբանկյանի գլխին ու սպանել նրան։ Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը, Վանաձորի ոստիկանապետ Սերգո Ավետիսյանը, ինչպես նաեւ Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանն ու բաժանմունքի քննիչները, որոնք լուրը գրելու պահին հարցաքննում էին սպանողին եւ նրա մորը՝ տիկին Անահիտին։



Սպանվածի դիակը լրիվ արնաշաղախ վիճակում ընկած էր տան հյուրասենյակում, իսկ արյան հետքերը տարածված էին ողջ տնով մեկ։ Ինչպես մեզ հաջողվեց պարզել, որ 21-ամյա տղան տառապում է հոգեկան հիվանդությամբ, եւ 2006 թվականից հաշվառված է Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում։ Դեպքի վայր էր ժամանել նաեւ շտապ բուժօգնության բրիգադը, որը համապատասխան բուժօգնություն էր ցուցաբերում սպանողին, իսկ դիակը 22:00-ի սահմաններում տեղափոխվել է դիահերձարան:



Նշենք, որ դիակ տեղափոխող մեքենայով ժամանել էր միայն վարորդը, իսկ դիակի տեղափոխումը մնացել էր հարեւանների վրա, ինչը բողոքի ալիք էր առաջացրել։ Սպանողի կողքին, բացի բժիշկներից, ներկա է եղել նաեւ նրա դատապաշտպանը։ Վանաձորի ոստիկանապետ Սերգո Ավետիսյանը մեզ տեղեկացրեց, որ Տիգրան Գյուլբանկյանը կտեղափոխեն Վանաձորի ոստիկանության բաժին, որտեղ կհրավիրվի նաեւ հոգեբույժ, եւ եթե պարզվի, որ նա բուժօգնության կարիք ունի, կտեղափոխեն հոգեբուժարան։