Боже, царя хорони!!! *

Боже, царя хорони!!! *
ՀՀ նորանշանակ գյուղնախարարը, երեւում է, խիստ լուրջ է ընդունել իր նախորդին աշխատանքից հեռացնելու մոտիվացիան, այն է` անբարենպաստ եղանակային պայմանների հետեւանքով գյուղատնտեսության ոլորտում աննախադեպ անկում գրանցելու համար: Բանն այն է, որ որպես փորձառու եւ իր գործը լավ իմացող գյուղատնտես (ՕԵԿ-ից են վստահեցնում), Սերգո Կարապետյանը լավ է հասկանում, որ եղանակային պայմաններն իրոք մեծ նշանակություն ունեն գյուղմթերքների առատություն ապահովելու գործում, բայց ահա, որպես գյուղոլորտի անփորձ քաղաքական գործիչ, նա չի կարողանում ընկալել, թե ինչպես իր նախորդին հաջողվեց 21-րդ դարում փախեփախի ամենադաժան տարիներից էլ պակաս բերք ստանալ ու պաշտոնից զրկվել:



Սերգո Կարապետյանի տեղը մեկ ուրիշը լիներ, գուցե գրբացների դռներն ընկներ, իրեն տար աղանդների, բայց նա, որպես առաջադեմ մարդ եւ հայ քրիստոնյա, դիմեց Ամենայն հայոց հայրիկին: Այս քայլի մոտիվացիան, ի տարբերություն գյուղատնտեսության ոլորտում Գերասիմ Ալավերդյանի ներդրումը «բարձր» գնահատելու մոտիվացիայի, մարդկայնորեն հասկանալի է: Այս դեպքում` անհրաժեշտ է թեթեւացնել գյուղացիների հոգսը, այնպես անել, որ նրանք չփախչեն գյուղից եւ շենացնեն երկիրը:



Մենք, պարզվում է, մինչ օրս սխալ տեսակետ ենք ունեցել եւ միամտաբար կարծել ենք, թե ՀՀ կառավարությունից է կախված գյուղացիության բարօրությունը: Ստացվում է, որ ամեն ինչ այնքան էլ այդպես չէ: Գյուղնախարարը, պարզվում է, ճարահատ է դիմել Սբ. Էջմիածնին` համագործակցության խնդրանքով, որպեսզի չարը հալածվի ոլորտից եւ բարին թագավորի ի բերքատու հողին հայոց:



Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի եւ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի հանդիպման ժամանակ, ամենայն հավանականությամբ, խիստ արդիական ու արդյունավետ է նկատվել հոգեւոր դասի անմիջական ներկայությունը գյուղատնտեսական աշխատանքներում: Խնդրում ենք սխալ չհասկանալ` ոչ թե վարուցանք անողի, այլ այդ վարուցանքն օրհնելու, կարկտից ու Աստծո մյուս զայրույթներից պաշտպանելու մասով: Ակամա հիշում ես «Նվագախմբի տղաները» ֆիլմը, որտեղ հստակ ակնարկ կա այն մասին, որ տիրացուի ձայնը միշտ էլ ավելի շուտ է հասնում Աստծուն, քան «հոկտեմբերյան հեղաշրջման բովով անցնող» հայ երաժիշտներինը:



Եվ, ամենայն հավանականությամբ, հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ՝ Գարեգին Բ կաթողիկոսը համաձայնել է իր ներկայացուցչի մակարդակով Հայ առաքելական սուրբ եկեղեցուն մասնակից դարձնել հայրենիքիս գյուղատնտեսական ոլորտը փրկելու գործին: Նկատենք` այդպիսով նա իր վրա է վերցնում ոչ միայն ՀՀ-ում անբարենպաստ եղանակը բացառելու, այլեւ հերթական գյուղնախարարին անհեթեթ մոտիվացիայով պաշտոնից հեռացնելու կրկնությունը թույլ չտալու պատասխանատվությունը:



ՕԵԿ-ի նորամուծությունների մասին շատ է խոսվում: Հատկապես ՕԵԿ-ականները չեն դադարում խոսել դրանց մասին: Բայց եթե մինչ այժմ այդ խոսակցությունները պտտվում էին կուսակցության օրենսդրական գործունեության շուրջ, ապա այս իրադարձությամբ դրանք շուտով կընդգրկեն նաեւ հոգեւոր բնագավառը: Դե արի ու հիմա էլ դրանք լսիր: Փրկություն է երեւի, որ կա հարցի մյուս կողմը` ո՞ւմ նախաձեռնությունն է սա` Սբ. Էջմիածնի՞, ՕԵԿ-ի՞, թե՞, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության, որ հույսը, իրենից բացի, ամեն ինչի վրա է դնում:



Մեզ առավել հավանական է թվում ամենաանհավանական տարբերակը, այն է` ՀՀ կառավարությունն է, այնուամենայնիվ, նման «աստվածահաճո միտք հղացել: Դա արդեն ձեռագիր է դառնում, մանավանդ որ մեր առողջապահության ոլորտն էլ հոգեւոր դասի հետ իր կապերով հետ չի մնում: Վկան` զանազան սրբերի անունով կոչվող մեր հիվանդանոցները, ասես Մոսկվայի Սլիխասովսկու անվան կենտրոնն ավելի վատ է բուժում, քան սուրբ Գրիգոր Լուսավորիչը:



Ինչ որ է: Թող Աստված մեր գյուղնախարարի գործերը հաջողի: Եվ քանի որ լավ եղանակն արդեն ապահովված է, մնում է լավ բերք ստանալը, ինչն իրոք նրա փորձառությամբ է նաեւ պայմանավորված: Միայն հիմա էլ Տիգրան Սարգսյանը չսկսի խանդել: Որովհետեւ, եթե բերքն այս տարի առատ լինի, հաջողությունը վերագրվելու է ամենայն հայոց հայրիկին ու ամենայն հայոց գյուղնախարարին: Իսկ կառավարությունը կզրկվի հերթական հանկարծահաս առաջընթացի առիթով գլուխ գովելու իր համար հաճելի զբաղմունքից:



Աշոտ ՍԱՀԱԿՅԱՆ



* Լսիր Ավետ Ավետիսյանի կատարմամբ («Պեպո»)