Աղվան Հովսեփյանը պատուհա՞ս է դարձել Ղարիբյանների գլխին

Աղվան Հովսեփյանը պատուհա՞ս է դարձել Ղարիբյանների գլխին
Փետրվարի 23-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Հովհաննես Եղիազարյանի վերաքննիչ բողոքը: Հովհաննես Եղիազարյանը «Էլիտ Շանթ» գործարանի սեփականատեր Վարշամ Ղարիբյանի քեռորդին է, իսկ այս գործն արդեն մի քանի տարվա վաղեմություն ունի:



2008թ. սեպտեմբերի 23-ի գիշերը Վարշամ Ղարիբյանը Եղիազարյանին իր տան մոտից ծեծելով առեւանգել է, ապա, տանելով «Էլիտ Շանթ» ընկերություն, շարունակել է ծեծել, խոշտանգել՝ մարմնական վնասվածքներ պատճառելով վերջինիս: Ղարիբյանը Եղիազարյանին նաեւ ստիպել է ստորագրել մի ստացական, որով իբր վերջինս պարտք է 2 մլն դրամ եւ պարտավորվում է դրա դիմաց հանձնել իր «Աուդի Ա 6» մակնիշի ավտոմեքենան: Եղիազարյանին ստիպել են եւս մեկ պարտավորագիր ստորագրել, համաձայն որի` նա պետք է մինչեւ 2008-ի նոյեմբերի 29-ը Ղարիբյանին հանձներ 10 մլն դրամ:



Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Սակայն քրեական գործը 3 անգամ կարճվել է՝ նախաքննության մարմինը համարել է, որ ոչ մի հանցագործություն էլ տեղի չի ունեցել, եւ Եղիազարյանին ոչ ոք մարմնական վնասվածքներ չի պատճառել: Չնայած առկա են բազմաթիվ ապացույցներ, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որոնք խոսում են իրական հանցագործության մասին: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեկ անգամ վերացրել է այդ որոշումները՝ գտնելով, որ ապացույցները բավարար են քրեական գործը շարունակելու համար: Սակայն հետագայում դատարանը նույնպես տեղի է տվել: Հովհաննես Եղիազարյանն ու նրա պաշտպան Լուսինե Սահակյանը վերաքննիչ բողոք էին ներկայացրել, որը, փաստորեն, նույնպես մերժվեց:



Հիշեցնենք, որ, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, ինչպես նաեւ վերջերս կրտսեր Ղարիբյանի՝ Սամվելի հրապարակած բաց նամակի, Ղարիբյանների ընտանիքում ծագած գզվռտոցի պատճառը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է, որը հովանավորում է Վարշամ Ղարիբյանին եւ փորձում  նրանց ունեցվածքը վերաբաշխել: Ըստ այդմ էլ բազմաթիվ քրգործեր են հարուցվում ավագ եղբոր՝ Մանվել Ղարիբյանի եւ նրա կողմնակիցների նկատմամբ, եւ աչք է փակվում մյուս եղբոր՝ Վարշամ Ղարիբյանի արարքների վրա: Անցած տարվա դեկտեմբերին Սերժ Սարգսյանին ուղղված իր բաց նամակում Սամվել Ղարիբյանը նախագահին խնդրում էր փրկել իրենց ընտանիքը Աղվան Հովսեփյանից, իսկ օրերս էլ նույն Սերժ Սարգսյանին բաց նամակով դիմել է արդեն նրանց քեռորդին՝ Հովհաննես Եղիազարյանը:



«Ձեզ եմ դիմում ճարահատյալ, համոզված լինելով, որ միայն Ձեր միջամտության արդյունքում է հնարավոր դադարեցնել իմ իրավունքների ոտնահարումը»,-իր նամակում գրել է Հովհաննես Եղիազարյանը: Չնայած այդքան անարդարությունից հետո այս նամակի հետ էլ նա առանձնապես մեծ հույսեր չի կապում: «Չէ, դժվար ինչ-որ բան փոխվի, որովհետեւ էլի ենք դիմել սրանից առաջ, բայց, կարծեմ, նամակը նորից ուղարկել են դատախազին»,-մեզ հետ զրույցում ասաց Հովհաննես Եղիազարյանը: Նա եւ իր պաշտպան Լուսինե Սահակյանը մինչ այդ երկու անգամ նամակով դիմել են գլխավոր դատախազին եւ հանդիպում խնդրել, քանի որ այս քրգործում նրա անունն է շոշափվում, սակայն Աղվան Հովսեփյանը ոչ միայն չի ընդունել նրանց, այլեւ իրեն հասցեագրված բոլոր նամակները հայտնվել են քրգործով քննիչների մոտ: Ըստ Հովհաննես Եղիազարյանի՝ Ղարիբյան եղբայրների միջեւ հակասությունը ոչ մի կերպ չի հարթվում:



Ավելին՝ այն օրեցօր Աղվան Հովսեփյանի «շնորհիվ» ավելի է խորանում, ինչը կարող է հասցնել նրան, որ գլխավոր դատախազը հասնի իր նպատակին՝ տիրանա «էլիտ Շանթ»-ին:



ՀԳ - Հովհաննես Եղիազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանը վերաքննիչ դատարանի կողմից հայցը մերժելու հիմնավորումներն ստանալուց հետո պատրաստվում է վճռաբեկ բողոք ներկայացնել: Ի դեպ, կա կարծիք, որ Աղվան Հովսեփյանն այնքան էլ անհիմն չի պայքարում իր իրավունքների համար՝ ժամանակին ինքն է նպաստել, որպեսզի Ղարիբյանները կարողության տեր դառնան, սեփականություն ու հող ձեռք բերեն: Ասում են՝ Աղվան Հովսեփյանի միակ բացթողումը եղել է այն, որ այն ժամանակ չի ձեւակերպել իր փայաբաժինը: Ամեն ինչ արվել է, այսպես ասած, ազնիվ խոսքի վրա: Հիմա, երբ հաճախացել են իր պաշտոնանկության մասին լուրերը, մարդը սկսել է մտածել իր ծերության մասին եւ փորձում է ստանալ այն, ինչն իրենն է համարում: