Գարնան առաջին օրը

Գարնան առաջին օրը
Ահա եւ գարնան առաջին օրն էլ եկավ, միայն թե չգիտես ինչով շնորհավորես մարդկանց` գարնան գալո՞վ, թե՞ ձմռան ավարտով: Ախր շատ խորքային է ձմեռվա սինդրոմը: Աշնան տերեւաթափի հետ սկսում ենք տրտնջալ, թե «էս ձմեռն էլ գլորենք…»: Բայց սիրելիներս, էդ ձմռան 90 օրերը մեր կյանքից են գնում, չէ՞, ոչ թե հարեւանի (այս անգամ հարեւան ասելով, մեր ոչ բարեկամ երկրներն ի նկատի չունենք):



Ընդ որում, ինչպես երեւի նկատել եք, կյանքից գնում են անվերադարձ, եւ ոչ մի դեպքում, անգամ ամենաթափով ծանոթություն ու «ուժային» մեջտեղ գցելով, ետ չենք բերելու: Էլ ինչների՞ս վրա ուրախանանք` որ եւս 90 օրով մոտեցանք վերջնագծի՞ն: Հասկանում ենք, որ «մութ ու ցուրտ տարիների» կնիքն է մեր հոգում, եւ «ձմեռ» ասվածը մեզանում այլ` ոչ կենարար որակներ է ստացել: Ջոն Սթանյբեքը կասեր` «Մեր տագնապների ձմեռը», ու դեռ կգնար եւ Ստոկհոլմում էլ Նոբելյան մրցանակ կստանար: Ճիշտ է, շատերի համար մարտի 1-ն այլ երանգներ էլ ունի ու ստվերում է գարնան նորամուտի հաճելի բերկրանքը: Բայց եկեք գոնե այսօր զերծ մնանք մեր մռայլ էջերից, մի խոսքով` «նիխտ պոլիտիկա»: Տեղից արդեն, մերը քիչ էր, հիմա էլ արի ու սաղ օրը Քադաֆի ու Մուբարաք խաղացրու: Խեղճ մեր թմբկաթաղանթներ: Ուրեմն եկեք ցանկանանք, որ մեր տագնապներն ու հոգսերը մնան միայն բնակլիմայական կամ, վատագույն դեպքում` դժվարությամբ արվող կոմունալ վճարումների ոլորտում: Իսկ մարտի 1-ն էլ այսուհետ ընդամենը ձմռան վերջին օրվան տրամաբանորեն ու անմիջապես հաջորդող հերթական օրացուցային օր լինի (հիշում եք ողորմածիկ Կոթե Մախարաձեին, որ ասում էր` «ավարտվում է 27-րդ րոպեն ու անմիջապես սկսում 28-րդը»),  խորհրդանշական օր, որ հետը գարուն է բերում, ու վերջ: Ու մենք էլ, մյուս օրերի պես, անհրաժեշտ հոգսերով բեռնված փողոցով շտապելիս լավ ծանոթ-բարեկամի հանդիպենք, կարճ, բայց բովանդակ զրուցենք ու տաք ժպիտով բաժանվենք: Ու հասկանանք, որ սա է կյանքը, ամեն օրն արժեք է, էլ ուր մնաց 90-ը...