Տոն է, թե տոն չէ

Տոն է, թե տոն չէ
Մի կին հետաքրքիր դիտարկում արեց. «Մարտի 8-ի տոնի, նվեր անելու մասին ավելի շատ կանայք են մտածում, քան տղամարդիկ: Վերջին օրերին ամբողջ միտքս կլանված է, թե երեխաներիս ուսուցչուհիներին, ընկերուհիներիս, բարեկամուհիներիս ինչ նվերներ եմ առնելու»: Եվ իսկապես՝ ո՞ր տղամարդն է այդքան կենտրոնացած իր կնոջը, ընկերուհուն, գործընկերուհիներին նվեր անելու վրա: Եթե նրան շրջապատող կանայք ակտիվ են եւ, ինչպես ասում են, իրենց գլխի ճարն իրենք են տեսնում՝ թելադրում-պարտադրում են, թե ինչ նվեր կուզեին ստանալ նրանից, ապա Մարտի 8-ին ուշադրության արժանանում են: Եթե համեստ են ու հարգում են տղամարդու՝ Մարտի 8-ը հիշելու իրավունքը, ապա զրկվում են տոնից: Որոշ կանանց համար Մարտի 8-ը մի կարգին տոն էլ չէ. դրանից մի տեսակ խորհրդային հոտ է փչում եւ մեր ժամանակներին սազական չէ: Ու թեեւ շատերն ասում են, որ կանայք միանգամից երկու տոն ունեն՝ Մարտի 8 ու Ապրիլի 7, սակայն ակնհայտ է, որ Մարտի 8-ը սովետ երկրի հետ դադարել է տոն լինելուց, իսկ Ապրիլի 7-ը՝ դեռեւս չի դարձել: Եվ պատճառը միայն այն չէ, որ մենք այդպես էլ լիարժեք անկախ ու ինքնիշխան պետություն չենք դարձել: Այլ այն, որ կանանց, ինչպես նախորդ դարում, այնպես էլ հիմա շարունակում են նայել որպես երկրորդ սորտի մարդկանց: Դրա ապացույցներն ամենուրեք են՝ սկսած «Կինը մարդու բարեկամն է» տխմար ասացվածքից, վերջացրած նրանով, որ ամենաժամանակակից տղամարդը հանկարծ կարող է հյուրերի ներկայությամբ կնոջն ասել. «Քո խելքն ինչ ա հասնում, որ խոսում ես»: Նաեւ նրանից, որ կանանց հարգել-սիրելու, ծաղիկ նվիրելու համար մեր տղամարդիկ տոնի են սպասում: Իսկ կանայք, փոխանակ այդ ուշադրությունը պահանջեն, դրան սպասեն ամեն օր, աչքները գցել են այս երկու կիսատ-պռատ տոներին: