Մարտի 8-ը դառնում է «եւրո», այսինքն առաջնային, էլի

Մարտի 8-ը դառնում է «եւրո», այսինքն առաջնային, էլի
Ցանկացած տոն՝ լինի Մարտի 8 թե Նոր տարի, ինձ մոտ սկսվում է եղունգներիս կարմիր լաքից: Կարմիրն ինձ համար տրամադրություն է, իսկ կարմիր գույնի լաք ինչքան ասես տանը կա, բայց այսօր էլ, ինչպես երեկ՝ առավոտյան 8:10-ի սուրճի սեղանի մոտ, մամաս նույն «ամոթանքն» ինձ տվեց. «Էս ի՞նչ ա եղունգներիդ վիճակը, գոնե էսօր մանիկյուր արա, Մարտի 8 ա»:



Նման դեպքերում գործն ու զբաղվածությունը լավ պատճառաբանություն են: Իրականում՝ հավես չկար, չնայած Մարտի 8-ն սկսել էի դեռ մարտի 7-ից նշել, ստացել էի ծաղիկներ, երգող mms-ներ, էլ չասեմ «Ֆեյսբուքով» ընկերներիս շնորհավորանքների ու հատկապես Արմանի շնորհավորանքի մասին: Դրան գումարած խմբագրություն Արամի բերած բանանի համով տորթը, Արմինեի նվիրած նարգիզի անուշ հոտը, բայց, միեւնույն է՝ կարմիր գույնը Մարտի 8-ին չկպավ ինձ: Այսքանն իմ մասին, հիմա պատմեմ ինձ նման աղջիկների ու բոլոր այն կանանց մասին, որոնց հետ զրուցեցի քաղաքի փողոցներում ու փորձեցի պարզել, թե ոչ աշխատանքային այդ օրով ինչպես են պատրաստվում նշել իրենց տոնը, ու Մարտի 8-ն էլ մնացած օրերից ինչով է տարբերվում իրենց համար:



Սուսաննա, 43 տ. - Տրամադրությունս այսօր շատ բարձր է, տնից փախել եմ, որոշել եմ ոչ մի գործ չանել, գնալու եմ ընկերուհիներիս տեսնեմ, մանուշակներ եմ վերցրել: Չէ, նշելը ո՞րն է, պիտի նստենք սուրճ խմենք, մի քիչ կտրվենք առօրյա կենցաղից: Հասցրել եմ նվեր ստանալ երեխաներիցս, սկեսուրիցս ու տալերիցս: Բայց ամենակարեւորը էս օրով ուշադրությունն է:



Սոնա, 22 տ. - Շատ հաճելի է, որ տղամարդիկ են շնորհավորում, մինչեւ հիմա քանի հոգի է շնորհավորե՞լ… լիքը, մի 10-ից ավել, բայց նվերներ դեռ չեմ ստացել, օծանելիք չեմ ուզի, որովհետեւ չգիտեմ ինչ հոտով կնվիրեն, միայն ծաղիկներ կուզեմ, մեկ էլ երեւի՝ ոսկի:



Ժենյա, 64 տ. - Լավ տոն է, հենց սկզբից էլ միշտ սիրել եմ: Փորձում ենք այնպես անել, որ տարբերվի մնացած օրերից, հիմա սպասում եմ հարսներիս, որ գնանք քեռուս տուն՝ այնտեղ նշենք: Առաջին շնորհավորանքն էսօր ամուսնուցս եմ լսել, ստացել եմ ծաղիկ ու էլի ուրիշ լավ նվեր:



Անահիտ, 46 տ. - Դե նշելս որն է, տանն եմ անցկացնելու, ընտանիքիս հետ, առօրյա գործերով, շատ էլ թե՝ ոչ աշխատանքային օր է, բայց այդ օրով տանն ավելի շատ ես աշխատում: Չէ, նվերներ դեռ չեմ ստացել, բայց նախընտրելի է գումարի տեսքով լինեն:



Շուշան, 35 տ. - Շատ չի տարբերվում մնացած օրերից, ուղղակի այս օրը դու քեզ զգում ես ավելի գեղեցիկ, ուշադրության կենտրոնում, ստանում ես շնորհավորանքներ: Հետո այս օրը ստիպում է, որ պարտադիր լինես գեղեցիկ: Հասարակ քաղաքացիների հետ զրուցելով՝ մտա նաեւ գրախանութ, հուշանվերների ու օծանելիքների սրահներ, պարզվեց՝ մարտիության նվերների ցանկում ընդգրկված են հիմնականում բացիկներ, զարդեր, մոմակալներ, զարդատուփեր, օծանելիք ու մինչեւ անգամ խոհարարական գրքեր: Սիմվոլիկ նվերների արժեքն սկսվում էր 1000 դրամից: Եթե նվերների խանութներում գնորդներն ավելի շատ էին նախատոնական օրերին, ապա ծաղկի սրահներում առեւտուրը մարտի 8-ին էր սկսվել: Ծաղկավաճառի խոսքով՝ ոչ աշխատանքային օր լինելը ազդել էր ծաղիկների վաճառքի վրա, որովհետեւ մարդիկ տնից դուրս չեն գալիս: Նրա կարծիքով, եթե առաջ ավելի շատ Վալենտինի օրն էին ծաղիկներ առնում, հիմա գնալով Մարտի 8-ը դառնում է «եվրո, այսինքն՝ առաջնային, էլի»: Ծաղիկների գներն այդ օրը, բնականաբար, կրկնապատիկ էին՝ ձնծաղիկները, մանուշակները՝ 200 դրամ, տեղական կակաչների հատը՝ 300 դրամ, վարդերինը սկսվում էին 1500 դրամից:



Մարտի 5-7-ը կանանց նվիրված՝ կազմակերպվեցին նաեւ տարբեր ցուցահանդեսներ, համերգային երեկոներ, ու եթե թատրոններում Մարտի 8-ին ընդառաջ ներկայացումները բացակայում էին, ապա կանանց նվիրված ցուցահանդեսը Նկարիչների միությունում բաց էր նաեւ մարտի 8-ին, որտեղ, ի տարբերություն դրսում թեւանցուկ զույգերի, մեկական ծաղիկներ ձեռքներին՝ շրջում էին զույգ-զույգ աղջիկներ: Հետաքրքիր է մի բան. միշտ նկատել եմ, որ երբ ձայնագրիչը միացրած ես զրուցում, մարդիկ մի տեսակ ձեւի, կաղապարի մեջ են մտնում ու ասում են բաներ, որոնք կուզեն լինի, եւ ոչ թե այն, ինչ կա իրականում: Երբ խանութներից մեկում առանց ձայնագրիչի սկսեցի զրուցել աղջիկներից մեկի հետ, պարզվեց, որ այնքան է հոգնել այս օրերին, որ տրամադրություն չունի, բայց չէր էլ ուզենա տանը մնալ, որովհետեւ ոչինչ չէր փոխվի, իսկ տոնի հետ կապված՝ այսպես պատասխանեց. «Ինձ համար ոչնչով էլ չի տարբերվում Մարտի 8-ը, սովորական մի օր է, էլի»: