Ժամանակակից բացատրական բառարան (շարունակություն 3)

Ժամանակակից բացատրական բառարան (շարունակություն 3)
Սխոդկա - Որոշակի սոցիալական խավ ներկայացնող ու հստակ նպատակներ ունեցող անձանց հավաք-կլոր սեղան, որի ընթացքում քննարկվում ու ծրագրվում են կարեւորագույն հարցեր, որոշվում ոմանց ճակատագրեր:



Վառ երեւակայության դեպքում կարելի է սխոդկա համարել կառավարության նիստերը, ԱԺ այս կամ այն խմբակցության արտահերթ նիստերը, այլ նմանատիպ հավաքներ: Չար լեզուների հավաստմամբ, Դոմինգոյի երեւանյան համերգի հետ կապված միջադեպի սցենարը մշակվել է դրան նախորդած սխոդկայում: Այսպիսով, դժվար չէ կռահել, որ սխոդկան ամենաանմիջական դերակատարումն ունի երկրի  կադրային քաղաքականության մեջ:



Ռուլիտ անել - Դժվար չէ նկատել, որ արմատը ռուսերեն «рулить» բառն է, ասել է թե` ղեկն իր ձեռքում պահելը: Քաղաքական կյանքը սովորաբար հարուստ է «ռուլիտի» ամենավառ դրսեւորումներով: Մեզ, օրինակ, հոգեհարազատ է այն իրավիճակը, երբ երկիրը «ռուլիտ են անում» նախագահի որդին, եղբայրը, դստեր ամուսինը, նախկին կամ ապագա նախագահը, երբեմն էլ` ուղղակի «լավ տղեքը»: Սակայն պատմության դասերը մեզ ապացուցում են, որ երբ ոմանք շատ երկար են «ռուլիտ անում» ու հետն էլ, բնականաբար, համը հանում են, ինչպես Քադաֆին, Մուբարաքը կամ ուրիշներ, սկսում են անհարմար բաներ տեղի ունենալ...



Ֆառշ - Լայն տարածում գտած այս ապակողմնորոշող բառն արտահայտում է  այն ամենը, ինչ կապված է անորակության եւ կեղծ արժեքների հետ: Այստեղ մենք գործ ունենք ռուսերենի թերի իմացության հետ, քանի որ իրականում, ասենք, Մալաթիայի տոնավաճառից գնված կեղծված ապրանքը (ամենից հաճախ` օղին) պետք է լինի «фальш», իսկ մեր հայրենակիցները նման ձեւափոխումով իրենց, իսկ հաճախ՝ նաեւ դիմացինին գցում են  թյուրիմացության մեջ, անտեղյակ լինելով, որ ռուսերենում «фарш»-ը բոլորովին այլ իմաստ ունի: Այսպես, եթե հեռավոր Չելյաբինսկում խոպան գնացած հայ արուն իր նորանշանակ ռուս կնոջը փորձում է բացատրել, որ իր անձնագիրը «ֆարշ» է, ապա մեր սլավոն հարսիկը տարակուսած փորձում է հասկանալ, թե ինչպես կարող է իր վաղուց փափագած կովկասցի սիրեկանի անձնագիրը աղացած մսից լինել: