«Հզոր ապագա»՝ յոթ անդամով

«Հզոր ապագա»՝ յոթ անդամով
Երեկ ազդարարվեց հերթական կուսակցության ծնունդը, որը ոչ ավել, ոչ պակաս՝ «Հզոր ապագա» անունով է հանդես գալիս: Անդրանիկ համագումարը, որին երեկ մասնակցում էր ընդամենը 7 երիտասարդ, տեղի էր ունենում նորաստեղծ կուսակցության կիսակառույց գրասենյակում:



Անավարտ շինհրապարակը տեսնելով՝ մտածեցինք, թե հասցեն ենք շփոթել, մանավանդ ոչինչ չէր հուշում կուսակցության համագումարի մասին: Ներկաները պատուհանից կախված վարագույրին փակցրեցին հանրապետության դրոշը եւ սկսեցին «Հզոր ապագայի» համագումարը: Այն առանձնահատուկ էր ոչ միայն անցկացման վայրի պայմաններով, այլեւ տեւողությամբ: Համագումարը տեւեց ընդամենը 5 րոպե: Առաջարկվեց ընտրել կուսակցության նախագահ, եւ ներկա 7 երիտասարդները միաձայն քվեարկեցին առաջադրված թեկնածուի օգտին: Կուսակցության նախագահ ընտրվեց անկուսակցական 30-ամյա Արկադի Կիրակոսյանը: Ներկայացնում ենք նրա հետ մեր զրույցը:



- Ինչո՞ւ եք որոշել կուսակցություն բացել:



- Կուսակցություն հիմնադրելու մասին որոշում կայացրեցինք հունվար ամսին: Երիտասարդական կուսակցություն ա լինելու, շարքերը հիմնականում համալրված են լինելու երիտասարդներով: Հիմնական գաղափարախոսությունը լինելու ա՝ յուրաքանչյուր հայի կողքին, յուրաքանչյուր հայի համար՝ անկախ սեռից, տարիքից եւ սոցիալական դիրքից:



- Բազմաթիվ կուսակցություններ կան այսօր: Ինչո՞վ եք տարբերվելու մյուսներից:



- Գոյություն ունեցող բազմազան կուսակցությունների մեջ սա լինելու է ինքնուրույն: Մենք յուրահատուկ ձեւով ենք սկսել: Չենք գործելու դասական ձեւով՝ միայն խոսք չի լինելու, այլ նաեւ գործ: Բոլորը միայն ասում են՝ մենք գործելու ենք, իսկ մենք մեր գործը ժամանակի ընթացքում կապացուցենք:



- Իսկ հատկապես ի՞նչ եք պատրաստվում անել՝ այն դեպքում, երբ ձեզ ոչ ոք չի ճանաչում, նույնիսկ չեն էլ լսել ձեր մասին:



- Եթե ուսումնասիրեք կուսակցությունների պատմությունը, կտեսնեք, որ դեռեւս չի եղել մի կուսակցություն, որ հիմնադրման պահից հանրահավաքներ եւ զանգվածային միջոցառումներ կազմակերպի: Համագործակցելու ենք բոլոր լրատվամիջոցների հետ անխտիր: Մենք դեմ ենք, մի հատ օրենք կա հիմա՝ դրան, որ լրատվամիջոցների դեմ քարոզարշավ են սկսել: Մենք պաշտպանելու ենք բոլոր լրատվամիջոցներին, անկախ ամեն ինչից: Համագործակցելու ենք բոլոր իրավապաշտպան կազմակերպությունների հետ, որ այդ օրենքը վերջնականապես դուրս գա: Հայաստանը փոքր երկիր ա, եւ խոսքի ազատությունը չի կարելի խեղդել:



- Ասացիք, որ հանրահավաքներ, ցույցեր եք անելու՝ ի՞նչ նպատակով:



- Հիմնականում ներկայացնելու ենք մեր գաղափարախոսությունը: Ասելու ենք, որ մենք եկել ենք: Մենք չենք քարոզելու անիրատեսական եւ անհեռանկարային գաղափարախոսություն, այլ առաջադրելու ենք մեր սեփական գաղափարախոսությունը՝ ելնելով արդի քաղաքական իրավիճակից եւ միջազգային հարաբերություններում առկա նորմերից:



- Քաղաքական ո՞ր դաշտում եք գործելու:



- Ցենտրիստ: Կուսակցությունների միավորման պարագայում մի անկախ ուժ պետությանը պետք է: Պատրաստ ենք դիմակայելու եւ իշխանական կողմի, եւ ընդդիմադիր կողմի հարվածներին: Քաղաքական դաշտում լարվածությունը հիմա շատ բարդ ա: Ներկա դրությամբ հասարակության մեջ գոյություն ունի այսպիսի մի հանգամանք՝ կամ ընդդիմադիր են, կամ իշխանամետ: Գոյություն պիտի ունենա միջին ուժը, որ ժողովրդին չի կարելի տանել մի այնպիսի իրավիճակի եւ լարված իրավիճակ ստեղծել: Մենք ունենք արցախյան չլուծված հակամարտություն: Երկրի ներսում ստեղծված իրավիճակը մեզ թույլ չի տալիս նմանատիպ քայլերի գնալ, բայց եւ միաժամանակ թույլ էլ չի տալիս, որ մենք լռենք: Մենք մեր ասելիքն ասելու ենք:



- Տիգրան Կարապետյանն էլ էր կենտրոնամետ, բայց հիմա ներկայանում է որպես արմատական ընդդիմություն:



- Տիգրան Կարապետյանին ես հարգում եմ, բայց ես ոչ հեռուստաընկերություն ունեմ, որ փակեն, ոչ էլ իշխանության հետ կապեր ունեմ, որ բերեն՝ միտինգը լցնեն:



- Եթե իշխանական դաշտից՝ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից իրենց միանալու առաջարկ լինի, ինչպե՞ս կարձագանքեք:



- Մենք կկազմալուծվենք եւ չենք միանա: Այսինքն մեզ համար կազմալուծվելն ավելի գերադասելի է:



- Որտեղի՞ց է ֆինանսավորվում կուսակցությունը:



- Ֆինանսավորումը ներկա պահին իմ անձնական միջոցներով է, դրանից հետո կասենք-կհրապարակենք: Ներկա պահին լուրջ ֆինանսական միջոցներ չունենք էլ: Այս մի գրասենյակն է, եւ ամենակարեւորը՝ ունենք մարդկային ռեսուրսներ:



- Քանի՞ անդամ ունեի «Հզոր ապագան»:



- Ներկա պահին համակիրներ ունենք, քանի որ կուսակցությունը դեռ գրանցված չէ: Վաղը կմտնենք պետռեգիստր, մեկ ամսվա ընթացքում 200 անդամը կունենանք: Դրանից հետո ամեն մարզում կունենանք գրասենյակ՝ իր 2 հազար անդամով:



- Ի վերջո ո՞րն է ձեր նպատակը:



- Աստծո հաջողությամբ մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին: 2012-ին ցուցակներում կտեսնեք մեր անունը: ԱԺ-ում նույնիսկ մեծամասնության հավակնություններ ունենք: