Վերեւներն ու ներքեւները

Վերեւներն ու ներքեւները
Այսօր Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք է անում: Հավանաբար Օպերայի տարածքը կրկին կշրջափակեն զենք ու զրահ կապած ոստիկաններով: Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին էլ դուրս կմղեն բաղձալի հրապարակից: Չէ որ այն ազատության, հեղափոխության, պայքարի, ուստիեւ՝ իշխանափոխության խորհրդանիշն է, եւ այն գրավողը վտանգ է ներկայացնում իշխանությունը զբաղեցնողների համար: Դժվար է ասել, թե ինչպես կդասավորվեն իշխանություն-ընդդիմություն, իշխանություն-ժողովուրդ, ընդդիմություն-ժողովուրդ հարաբերություններն առաջիկայում: Մի բան պարզ է, որ երկրում հեղափոխական իրավիճակ է ստեղծվել: Հիշո՞ւմ եք պրոլետարների առաջնորդ Լենինին. վերեւները չեն կարող նախկինի պես կառավարել, ներքեւները չեն ուզում նախկինի պես ապրել, եւ սոցիալական իրավիճակը խիստ սրվել է: Բայց դա չի նշանակում, թե փոստը, հեռագրատունն ու կամուրջները գրավելով՝ կարելի է հասնել իշխանափոխության: Մենք 20-րդ դարում չենք ապրում: Մանավանդ իշխանությունն էլ ձեռքերը ծալած չի նստել. վերջին օրերին նախագահականում ակտիվ խորհրդակցություններ են անում, տարբեր ոլորտների պատասխանատուներին կարմիր քարտ ցույց տալիս, հատկապես շատ են խոսում գյուղացու վիճակի մասին: Իսկ մեր հասարակության մի հսկայական հատված իր բնույթով խաղաղասեր է եւ հեղափոխություններից ու ընդհանրապես՝ փոփոխություններից սարսափած: Հենց այս հատվածն էլ վճռորոշ է լինելու՝ եթե նրանց կյանքի մակարդակն այնքան է ընկել, որ այլ ելք, քան իշխանափոխությունը, չեն տեսնում, ուրեմն Հայաստանում եւս եկել է մեծ փոփոխությունների ժամանակը: Եթե դեռ «ռեզինը» ձգելու տեղ կա, ապա մեր հույսը պետք է դնենք «բարեփոխումների» վրա, որոնց մասին տասնամյակներ է, լսում ենք՝ արդյունքը չենք տեսնում: