Ո՞վ է հաջորդը

Ո՞վ է հաջորդը
Յոթ օր է՝ ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի մեջ է: Այս օրերին բոլոր հնարավոր հավաքույթներում, խոհանոցներում ու հեռախոսազրույցներում մարդիկ մի բան են քննարկում՝ Րաֆֆու հացադուլը: Եվ շարունակ, անգամ ամենաբարձր ատյաններում, նույն հարցն է հնչում՝ ինչի՞ն է ուղղված այս ծայրահեղ քայլը: Անշուշտ, դասական իմաստով հացադուլներն ունեն հստակ պահանջներ, հայտարարված ժամկետներ ու կանխատեսելի ընթացք եւ այդ առումով՝ Ր. Հովհաննիսյանի ակցիան հայտնի կանոններին չի համապատասխանում, ուստի եւ տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս՝ սկսած «Ժառանգության» PR ակցիայից ու Ազատության հրապարակը գրավելու ցանկությունից, վերջացրած նախագահի աթոռին ուղղված հավակնություններով: Մեծ հաշվով, անգամ եթե այդ կասկածները հիմքեր ունեն, դրանց մեջ ոչ մի դատապարտելի բան չկա. քաղաքական կուսակցությունը պետք է եւ PR անի, եւ բաստիոններ գրավի, եւ իշխանության գալու ամբիցիաներ ունենա: Բայց կարծում եմ՝ այս հացադուլը մեկ այլ, ըստ իս, ավելի շոշափելի արդյունքի հանգեցրեց. մի տեսակ ցնցեց հասարակությանը: Ստիպեց, որ նա մտածի, խոսի, քննարկի, վերջապես՝ այցելի Ազատության հրապարակ, կարեկցի իր մերձավորին, հորդորի՝ հրաժարվել ինքնազրկումից: Իսկ երբ մեր շուրջ բոլորը հղփացած, օրվա մի ժում սննդից հրաժարվելու անընդունակ քաղաքական գործիչներ են, այս քայլը նաեւ հիացմունքի, հարգանքի զգացում է առաջացնում: Թող որ անհասկանալի ձեւակերպումներով ու անորոշ պահանջներով լինի այն, բայց չէ՞ որ մենք բոլորս դժգոհ ենք մեր կյանքից: Բոլորս ուզում ենք ինչ-որ բան փոխել, պարզապես շատերս մեր անելիքը չենք պատկերացնում: Նաեւ անընդունակ ենք կտրուկ ու համարձակ քայլերի: Րաֆֆի Հովհաննիսյանն արեց իր քայլը, ո՞վ է հաջորդը: