Էմոցիոնալ վերաբերմունք

Էմոցիոնալ վերաբերմունք
Այն, որ մեր ժողովուրդը շատ էմոցիոնալ է եւ բավական արտառոց է արձագանքում տարբեր երեւույթներին, ապացուցման ենթակա չէ: Այդպիսի օրինակներ՝ որքան ուզեք: Ասենք, չգիտես ինչու, Լեզվի ինստիտուտի շենքը քանդելու որոշումն այնպիսի ընդվզում չառաջացրեց, ինչպիսի աղմուկ բարձրացավ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու եւ այդտեղ եկեղեցի կառուցելու նախագիծը: Կամ ասենք Վիլյամ Սարոյանի արձանը, որը ոչ մի ընդհանուր բան չունի հայ ժողովրդի տաղանդավոր զավակի հետ, հասարակությունը շատ հանգիստ ընդունեց, իսկ, ասենք, Առնո Բաբաջանյանի արձանը, որը շատ ավելի տաղանդավոր գործ է, սվիններով ընդունվեց: Եթե վերադառնանք մեծ քաղաքականություն, ապա դրա օրինակները շատ ավելի են: Ասենք, Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլերի մեջ կարելի է հարյուրավոր վրիպումներ ու թերություններ գտնել, որոնք քաղաքական գործչի համար կարող էին կործանարար լինել: Նույն Ղարաբաղի հարցում նրա այն ժամանակվա եւ այսօրվա դիրքորոշումը: 10 եւ ավելի տարի իր համախոհներին անտեր ու անգլուխ թողնելը, նրանց համախմբմանն ու ինքնակազմակերպմանը խանգարելը: Հավատարիմ զինակիցներին չգնահատելն ու իրենից վանելը: Վերջապես՝ մարտի 1-ին նրա պահվածքը: Սակայն այդ բոլորը մեր հասարակությունը ներեց, մարսեց, հաշտվեց, չնկատեց: Իսկ այ մի փոքրիկ քայլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին չբարեւելը, իսկական փոթորիկ առաջացրեց մի բաժակ ջրում: Երբ այս բոլորից փորձում ես վերացարկվել եւ հասկանալ ժողովրդական վերաբերմունքի պատճառները, հասարակական կարծիքի ձեւավորման սկզբունքները, մի եզրահանգման ես գալիս. մեր հասարակությունը քաղաքական համակարգային չափորոշիչներով չի առաջնորդվում, այլ մարդկային տարրական արժեքներով՝ բարության, կարեկցանքի, ազնվության, հավատարմության: