Ռոժ-2

Ռոժ-2
Այս նամակը մենք մոտ 20 օր առաջ ենք ստացել, այն մեկնաբանելու խնդրանքով դիմել ենք ռազմական ոստիկանություն, սակայն մեզ, ցավոք, չարձագանքեցին: Այն տպագրում ենք՝ հուսալով, որ իրավասու մարմինների ուշադրությանը կարժանանա:



Պատրաստ ենք տպագրել նաեւ այն անձանց բացատրությունները, որոնց անունները շոշափվում են ստորեւ:



«Երբեմնի էլիտար համարվող խաղաղապահ գումարտակն այսօր դարձել է բավականին լուրջ փող աշխատելու կառույց: Երբ այսօր ողջ գիտակից հասարակությունն Աֆղանստանում պայքարում է ահաբեկչության դեմ, մեր հրամանատարները պայքարում են սեփական կարողությունները բազմապատկելով: Եվ այսպես, օրերս ԱՖղանստանից վերադարձած զորախումբը, մեզ հասած տեղեկություններով, Աֆղանստան մեկնելու համար զորամասի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանին վճարել է մոտավորապես 2 մլն դրամ,  իսկ ամենազավեշտալին այն է, որ վերադարձած զորախմբի մեջ առաքելության են եղել երկու եղբայր:



Մեկնել են նաեւ հինգ ամիս ծառայած զինծառայողներ, այն դեպքում, երբ զորամասում մոտավորապես 500-ից ավելի զինծառայողներ, որոնք ոչ իրենց կարգապահությամբ եւ ոչ էլ պատրաստվածության աստիճանով չեն զիջում մեկնողներին, սակայն նրանք, տարիներ շարունակ ծառայելով, այդպես էլ չեն կարողանում համապատասխան միջնորդ գտնել, որպեսզի մեկնեն առաքելության: Իսկ մեծարգո գնդապետը շարքի առջեւ իր բոցաշունչ ելույթում  հայտարարել է, որ եթե հանկարծ մի զինծառայողի համար միջնորդեն, ապա երդվում է սրբություններով, որ այդ զինծառայողին հեռացնելու է, սակայն նա ոչ միայն չի պահել իր հրամանատարական խոսքը, այլեւ, միեւնույն ժամանակ, այդ զինծառայողներին կանչել է իր աշխատասենյակ եւ համոզել, որ վերջիններս հանկարծ չասեն, թե ինչպես եւ ում միջնորդությամբ են հայտնվել ցուցակներում, իսկ միջնորդները հիմնականում նախարարության գեներալներն են, որոնց դեմ ինքն անզոր է եւ չի կարող մերժել: Համենայնդեպս այդպես է ներկայացրել հրամանատարը՝ երեւի իր մասնակցությունը բացառելու եւ երդումներն արդարացնելու նպատակով:



Սակայն այսքանով զորամասում չեն սահմանափակվում անօրինականությունները, սպաների նշանակումների գումարները հասնում են 2 հազար եւ ավելի ԱՄՆ դոլարի՝ հաշվի չառնելով նրանց կրթական մակարդակը, քանի որ այդ գումարի մեջ է մտնում նաեւ հետագա ընդգրկվածությունն առաքելություններին եւ արտասահմանյան գործուղումներին: Այս ամենից բացի, մեծ թվով զինծառայողներ եւ քաղծառայողներ գրանցված են տարբեր հաստիքների վրա, սակայն չեն ներկայանում ծառայության, եւ այս ամենի վառ օրինակը զորամասի գրադարանավարուհի Լալան է, ով ոչ ավել, ոչ պակաս՝ զորամասի գոյություն չունեցող գրադարանի գրադարանավարուհին է եւ զորամասի հրամանատարի կինը, իմիջիայլոց նախկինում էլ եղել է զորամասի դերձակը: Զորամասում, երկու թեյարաններից բացի, տեղադրվել են նաեւ սուրճի եւ քաղցրավենիքի վճարովի մեքենաներ: Այս ամենը հովանավորվում է ամենաբարձր օղակներից՝ ի դեմս ՀՀ ԶՈՒ ԳՇՊ-ի առաջին տեղակալ գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի, որովհետեւ նա է հանդիսանում զորամասի անմիջական հսկողը: Իսկ ինչ էր ասում Սեյրան Օհանյանն իր տարեկան ուղերձում եւ Իջեւանի գնդի նախկին հրամանատար Կարապետյան Սերգոյի արարքները մեկնաբանելիս, չնայած որ վերջինս պայքարել էր զորամասում կարգ ու կանոն հաստատելու համար, եւ վերջապես ինչ էր ասում Սերժ Սարգսյանը ՀՀԿ 20-ամյակին կաշառակերների մասին, թողնում ենք արդեն մեր պաշտոնյաների հիշողությանը»:



Մի խումբ զինծառայողներ