Միջուկային աղետը կհարստացնի Ճապոնիան

Միջուկային աղետը կհարստացնի Ճապոնիան
Ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիքի: Անգամ միջուկային աղետի դեպքում:



Չեռնոբիլի վթարը աշխարհի ողջ պատմության ընթացքում գրանցված ամենամեծ աղետներից է եւ միջուկային ամենամեծ աղետը, հուսանք, որ այդպիսին էլ կմնա:



Բայց հենց Չեռնոբիլի «շնորհիվ» այսօր Ռուսաստանն ամենաապահով ատոմակայաններ կառուցող երկիրն է աշխարհում: Կառուցվող բոլոր վաթսուն ատոմակայաններից տասնհինգը բաժին է ընկնում պետական «Ռոսատոմ» ընկերությանը: Երբ Չեռնոբիլում ռեակտորը խափանվեց, ռուս ֆիզիկոս Վլադիմիր Բոլշովը, որն այժմ Միջուկային ապահովության եւ զարգացման ինստիտուտի տնօրենն է, նախագծեց ջրով սառեցվող երկաթբետոնե հարթակ, որը պետք է թույլ չտար, որ հալված ռադիոակտիվ ուրանը լցվի հողի մեջ: Ճիշտ է, հարթակը պետք չեկավ, որովհետեւ ուրանը, հալեցնելով ռեակտորը պաշտպանող երեք շերտերը, կանգ առավ գործարանի նկուղային հարկում: Բայց հարթակի հայտնագործությունն իր կիրառությունը գտավ. Չեռնոբիլից հետո ռեակտորների անվտանգությանը մեծ ուշադրություն դարձնող «Ռոսատոմն» այն դարձրեց պարտադիր պայման: Այժմ Ռուսաստանը ողջ աշխարհում հայտնի է իբրեւ ամենաապահով միջուկային ռեակտորներ արտադրողը: Ճապոնական միջուկային վթարը խարխլեց ատոմակայաններ կառուցող բոլոր ընկերությունների հիմքերը՝  կտրուկ նվազեցնելով դրանց արժեթղթերի գինը, եւ միայն «Ռոսատոմն» էր, որ մնաց բարձունքում: Ընկերությունն իր առջեւ նպատակ էր դրել՝ մինչեւ երկու հազար երեսուն թվականը եռապատկել արտադրության ծավալները, եկամուտը հասցնելով հիսուն միլիարդ դոլարի:



Միթե Ֆուկուշիման դա թույլ կտա: Կարծես թե՝ այո, որովհետեւ հենց նախորդ շաբաթ վարչապետ Վլադիմիր Պուտինն այցելեց Բելառուս` կնքելով նախատեսված պայմանագիրը, որը Բելառուսը կհարստացնի ռուսական ատոմակայանով, իսկ Ռուսաստանի բյուջեն` ինը միլիարդ դոլարով: Ռուսաստանը հիմնականում նմանատիպ ծառայություն է մատուցում զարգացող երկրներին, որոնց թվում են Չինաստանն ու Հնդկաստանը` էներգիայի անհագ ծարավ ունեցող այդ երկու երկիրը, որը հագեցնելու համար դեռ հայտնի չէ, թե քանի ռուսազգի ատոմակայան պետք կգա: Այնուամենայնիվ, ռուս պաշտոնյաները ձեռքները ծալած չեն նստում` սպասելով, թե Ճապոնիայի անուղղակի միջամտությունը երբ է իրենց զրկելու հաճախորդներից: Նախագահ Մեդվեդեւը ռուսական մայրաքաղաք ժամանած թուրք վարչապետին հավաստիացրել է, որ անգամ Ճապոնիայում գրանցված աղետը չի հարկադրում իրենց վերանայելու անվտանգության ստանդարտները, որովհետեւ դրանք խիստ բարձր մակարդակի վրա են: Այս հավաստիացումը ռուսական բյուջեն կչաղացնի եւս քսան միլիարդ դոլարով: Այսպիսով, գրեթե բառիս բուն իմաստով՝ Չեռնոբիլը Ռուսաստանը դարձրեց թիվ մեկ ատոմակայաններ կառուցողն աշխարհում: Իսկ Ֆուկուշիման Ճապոնիան կդարձնի երկրորդը: