Եւրո ձուկ, եւրո ձուկ

Եւրո ձուկ, եւրո ձուկ
Հարցազրույց հոգեբան Երեմիա Ալեքսանյանի հետ



- Պարոն Երեմիա, կուզեի խոսեինք այժմ մեր երկրում ապրող երիտասարդ մարդու հոգեբանական վիճակի մասին:



Իմ կարծիքով՝ այս ծանր սոցիալ-տնտեսական պայմանները ավելի ցավոտ ու զգայուն կերպով իրենց ուսերին տանում են ու տանելու են երիտասարդները:



- Ես շատ երիտասարդների հետ եմ շփվում: Զգացողություններն ու տագնապները նրանց մոտ տարբեր են: Կա երիտասարդների մի խումբ, որ, ասենք, դրական է արտահայտվում բանակի մասին, երկրում տիրող իրավիճակի մասին, իմ հարցին` եթե պատերազմ սկսվի, արդյո՞ք կմասնակցեք, շատերն ասում են. «Այո, որովհետեւ այլ ճանապարհ չունենք»: Եվ սա ասում են՝ բացարձակապես հասկանալով իրենց ասածի էությունը: Եվ կա հակառակը՝ կտրուկ բացասական վերաբերմունք, մեծ ընկճվածություն, խնդիրները հաղթահարել չկարողանալու խոր վախ…



- Վախը, իմ կարծիքով, ապագա չունենալու կամ չտեսնելու հետ է կապված, երբ մտածում ես, որ տասը կամ քսան տարի հետո նույն վիճակն է լինելու, ու չես կարողանալու քո մտահղացումներն իրացնես, կյանքում քո տեղը գտնես…



- Վախը պետք է կառավարել, այդ վախը միայն տեղական չէ, սա համաշխարհային երեւույթ է, յուրաքանչյուր երկրում երտասարդությունն ապագայի նկատմամբ ունի այդ վախը: Ամեն ինչ պիտի սկսել ընտանիքից, հետո՝ դպրոցից: Իհարկե, մեր՝ Հայաստանի մանկավարժության վիճակը մտահոգիչ է, իսկական նրբազգաց դաստիարակների պակաս կա, սովետական հին բանաձեւերով չի կարելի աշխատել. նրանք պետք է տիրապետեն երկխոսելու, ըմբռնելու եւ ապրումակցելու արվեստին: Երեխաներին պետք է հոգեբանորեն պատրաստել հետագա կյանքին, դրա փոփոխություններին, վախի հաղթահարմանը եւ տոկունության: Ցանկացած երկրում, ցանկացած ժամանակ կյանք մտնելը դժվարություն է: Երիտասարդների վախը ապագայի հանդեպ գալիս է անապահովության զգացողությունից: Վերցնենք թեկուզ ցեղասպանության հարցը: Պետք է անպատճառ դուրս գալ զոհի կարգավիճակից եւ այլ դիտակետով մոտենալ հարցին: Մեզ արտաքին ցեղասպանության են ենթարկել, իսկ մենք հիմա մեզ ներքին «ցեղասպանության» (ինտելեկտուալ, մշակութային եւ նմանատիպ) ենք ենթարկում, մեծ հաշվով սա նույնն է, նաեւ այստեղից է գալիս այդ ապագայի վախի սերմանումը երիտասարդության մեջ: Սա լուրջ խնդիր է:



- Նաեւ պետական հոգածության բացակայությունից…



- Իհարկե, պետությունը պետք է ապահովի երիտասարդ մարդու անվտանգությունը՝ օրինակ բանակում, իր աշխատանքի ոլորտում պետք է ապագա ունենալու կայուն հնարավորության երաշխիքը դառնա: Չիմանաք, թե դրսում ամեն բան այլ է, ամեն ինչ լավ է: Իրականում սարսափելի պրոցեսներ են կատարվում: Ես կասեի՝ շատ զարգացած եվրոպական երկրներում ավելի վատ է` նույն գործազրկությունը, երկրից հեռանալու նույն մղումը, փախչելու մտքերը, նույն անգրագիտությունը: Հասկանում եք՝ այսօր այդ վախը պատել է ողջ մարդկությանը: Մարդկության խնդիրը մեկն է: Մեր հարցերը մենք պետք է լուծենք, միայն ինքներս մեզ օգնելով: Ինձ շատ անգամ ասում են` «խելագարվե՞լ ես, Փարիզից եկել ես Հայաստան, ուզում ես մնալ ու ապրել մշտական»:



Այո, ես եկել եմ մնալու եւ գործ անելու մտադրությամբ, որովհետեւ մենք կարող ենք դուրս գալ այս իրավիճակից: Եթե բակում հանկարծ մի ձկնավաճառ կին է հայտնվում եւ թոքերում եղած ողջ ուժով բղավում է` «եվրո ձուկ, եվրո ձուկ, եվրո ձուկ», հասկանում ես, որ դեռ ամեն ինչ կորած չէ, որ եթե մենք նույնիսկ ձկանն ենք եվրո սարքել, ուրեմն կարող ենք ամեն ինչ անել, վերափոխել ինքներս մեզ, որովհետեւ ունենք անհավանական երեւակայություն՝ իր լավ ու վատ կողմերով, եւ կարող ենք ի նպաստ օգտագործել մեր կյանքը դասավորելու եւ լավ ապագա ունենալու համար:



- Մենք սիրում ենք ասել, որ լավն ենք, շատ լավը, ինչպես նաեւ հակառակն ենք ասում, որ վատն ենք, մեզնից ահավորը չկա:



- Այո, դա յուրատիպ մի բնավորություն է դարձել, չկա միջին օղակ, իսկ դա շատ անհրաժեշտ է, բայց, կրկնում եմ՝ ծայրահեղության միտումները կան նաեւ այլ երկրներում, տարբեր ազգերի մոտ: Հայն ամեն տեղ նույնն է, չթվա, թե սփյուռքահայերը տարբեր են: Նույնն են, պարզապես տարբեր երկրներում են ապրում՝ այդքանը: Մեր խոր, չափազանց խոր խնդիրը կասկածամտությունն է, անվստահությունը մեկս մյուսի հանդեպ, հավատքի բացակայությունը: Չպետք է ամեն ինչի մեջ միտում փորփրել: Սա լուրջ «հիվանդություն» է: Աղջիկս չմնաց Հայաստանում մի պարզ պատճառով: Նա ասում է, որ մարդիկ այստեղ կոնկրետ չեն. նույնիսկ խոսելուց, մի բան ասելուց կոնկրետ չեն ասում, անպայման խութերով ու ոլոր-մոլոր ճամփեքով են գալիս…



- Մի պահ տպավորություն է ստեղծվում, որ մեր երիտասարդությունը սեքսի հետ կապված խնդիրները լուծել է, բայց հետո հասկանում ես, որ դա միայն արտաքուստ է այդպես, շատ հարցեր դեռ լուծված չեն:



- Սեքսը չպետք է ընկալվի միայն որպես մարզանք կամ բնազդի բավարարվածություն: Սեքսը դա մեծ էսթետիկա է, երկխոսություն: Սա պետք է հասկանալ: Շատ ժամանակ սեքսուալ կապվածությունը խառնում են սիրո հետ: Նուրբ հարց է: Լուծումը կրկին ճիշտ դաստիարակությունն է, ընտանիքից սկսած: Չպետք է երեխայի մեջ ի սկզբանե հիստերիկ վախ ներշնչել սեքսի հանդեպ, անամոթության շղարշով պարուրել, պետք է բացատրել, խոսել: Կատեգորիկ չեմ ասում՝ փողոց դուրս չգան ու էնտեղից էլ դասեր չվերցնեն: Ուղղակի պետք է այս ամենը համակարգել:



- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին:



- Չհավատալ մեր հեքիաթներին, եթե մենք հեքիաթասացներ ենք: Ուրեմն թող փակեն ականջներն ու առաջ շարժվեն, փորձեն դուրս գալ իսկական կյանք, սոցիալական ցանցերում չփչացնեն իրենք իրենց, չափի մեջ անեն ամեն ինչ, փորձեն հանդիպել, զրուցել: Ֆրանսիայում գնալով մոռանում են ֆրանսերենը: Համրությամբ հաղորդագրությունների լեզվով  են խոսում, որ իրականում լեզվի դեֆորմացիա է, այստեղ էլ են նկատվում նույն միտումները: Մեր երիտասարդները թող փաստերով ապրեն, բոլորից փաստեր պահանջեն` պետությունից, ինձնից, բոլորից: Փաստը մնայուն է, հիմք է հաջորդ քայլը մտածելու: Փաստերով երկխոսելը ապահով ապագա ունենալու կարեւոր ճանապարհ է: