Պոպուլիզմի ժամանակը

Պոպուլիզմի ժամանակը
Ուշադրություն. մտնում ենք պոպուլիզմի շրջան: Առաջիկա մեկ տարին այն ժամանակն է, երբ իշխանությունը բազում քայլեր կձեռնարկի ընտրողի սիրտը շահելու համար: Քվեի-բանի հարց կա: Այդ քայլերից մի քանիսն արդեն իսկ արել են: Գներն ու գնաճը զսպելու փորձեր են արվում: Արտահերթ գումարներ են հատկացվում մարզերին: Մանկապարտեզներն են անվճար դարձնում: Հետո կգա ասֆալտ անելու, խոստումներ տալու ժամանակը: Գուցե մի քանի, ժողովրդի համար առավելապես անընդունելի չինովնիկների կազատեն գործից: Մի քանի արտոնություններ կտան փոքր ու միջին խավին: Սոցիալապես անապահովներին կփորձեն սիրաշահել: Մի խոսքով՝ նախընտրական շրջան է, իր բոլոր բացասական հետեւանքներով: Ընդ որում, այս բոլոր քայլերից մի այնպիսի բոլշեւիզմ է փչում՝ համարյա ՆԷՊ-ի ժամանակները հիշեցնող: Երեկ մի քանի մասնագետ պնդում էին, որ անվճար մանկապարտեզներ կան միայն աֆրիկյան ամենահետամնաց երկրներում: Եվ ընդհանրապես՝ փոխանակ մանկապարտեզների շենքերը նորոգելու, դաստիարակների աշխատավարձը բարձրացնելու, պետությունն իր վրա է վերցնում լրացուցիչ բեռ, որը ծնողը սիրով էր տանում՝ անտրտունջ: Ուրիշ բան սոցիալապես անապահով խավին ազատեին այդ 5-8 հազար դրամը վճարելուց: Ի՞նչ իմաստ ուներ ամսական 400 հազար դրամի եկամուտ ունեցող ընտանիքին այդ 8 հազար դրամը վճարելու պարտականությունից ազատելը: Երբեմն սկսում ես մտածել, որ մեր իշխանությունը չգիտի իր անելիքը: Չունի ծրագիր: Հակառակ դեպքում անհասկանալի է՝ մի կողմից ներկրվող մեքենաների հսկայական մաքսատուրքեր են սահմանում, մյուս կողմից մանկապարտեզների չնչին վարձը վերացնում: Եթե կապիտալիզմ է, ապա պահպանեք դրան բնորոշ սկզբունքները, եթե սոցիալիզմ է՝ հայտարարեք ու դրան հավատարիմ մնացեք: