ԶԼՄ-ների միջոցով բանտից զգում էր պայքարի ուժը

ԶԼՄ-ների միջոցով բանտից զգում էր պայքարի ուժը
Երեկ Սարյանի արձանի մոտ պարբերաբար հավաքվող ՀԱԿ ակտիվիստներն ու քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին մարտի 17-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանին:



Ներկաները նրան բարի վերադարձ մաղթեցին, իսկ մյուս քաղբանտարկյալներին՝ շուտափույթ ազատում: «Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրդ հպարտանաք, որ մեր կողքին կան այսպիսի տղերք, մարդիկ, որոնք հասարակությունից առաջ են ընկած, որոնք արդարության համար համարձակ գնում են ռիսկերի, որ սեփական իրավունքից դուրս տեսնում են ուրիշի իրավունքը, երկրի շահից բարձր ուրիշ բան չեն տեսնում, անձնականը ստորադասում են, եւ Հարութը հենց այդ կերպարի համար, հենց այդ բնավորության համար էր, որ հայտնվեց բանտում: Հիմա էլ, բնականաբար, Հարութն իր դուրս գալով մեզ դուխ է տալու, հոգի է տալու, հույս է տալու, շատանալու ենք, ուժեղանալու ենք, մինչեւ բոլորին ազատենք եւ հասնենք մեր հաղթանակին»,- Ուռուտյանին շնորհավորելով՝ ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Ուռուտյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց, նշեց, որ միանում է պայքարին, եւ ավելացրեց, որ հատկապես ԶԼՄ-ների միջոցով բանտից զգում էր պայքարի ուժը: