Սթրես տարած զինվորին զե՞նք են «դավերյա» անում

Սթրես տարած զինվորին զե՞նք են «դավերյա» անում
ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Հադրութի զորամասում մարտի 21-ի լույս 22-ի գիշերը ժամկետային ծինծառայող 1992 թվականին ծնված Ժիրայր Մինասյանը գնդացրով կրակել է իր վրա եւ վիրավորվել: Վնասվել է զինվորի հոնքից վեր հատվածը: Մինչ օրս նա գտնվում է ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժնում: ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը  տեղեկացրել է, որ «զինծառայողի վիճակը ծանր է, սակայն կա դրական դինամիկա»: Այդուհանդերձ  գրեթե մեկ շաբաթ է՝ Ժիրայրը շարունակում է մնալ կոմայի մեջ:



Ժիրայրը 2010-ին բանակ է զորակոչվել Մասիսի զինկոմիսարիատից (ապրում է Այնթապ գյուղում ), ծառայում էր Կապանի զորամասում, իսկ մարտի 10-ից Ղարաբաղում մասնակցում էր զինվորական ուսումնավարժանքների: «Հիմա հաստատ չենք կարող ասել՝ Ժիրա՞յրն է իրեն խփել... ոչ մի բան հայտնի չէ, երեխեն չի կարում խոսա, որ մի բան ասի»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Ժիրայրի հայրը՝ Պետրոս Մինասյանը, նշելով, որ իրեն դեպքի մասին տեղեկացրել են մարտի 22-ին եւ ասել, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 21-ի գիշերը՝ ժամը 23-24-ը:



Ծառայության ընթացքում Ժիրայրը չի բողոքել որեւէ բանից: «Հավանաբար խնդիրներ եղել են, բայց ինքը մեզանից թաքցրել ա»,-ասաց հայրը: Տղայի ծառայության ընթացքից գոհ չի եղել հայրը: Պատմեց, որ տղան «ողջ-առողջ» բանակ է գնացել, մինչդեռ ծառայության երրորդ ամսում տեւական ժամանակով գիտակցության կորուստ է ունեցել, ինչը զորամասի հրամանատարության կողմից փորձել են գաղտնի պահել: Իսկ պատճառները մինչ օրս «բացահայտված չեն»: «Ինչի՞ պիտի գաղտնի պահեին, չեմ հասկանում... Իր անկանոն զանգերի հիման վրա զգացինք, որ իր հետ ինչ-որ բան կատարվում է: Կնոջս հետ գնացինք Ղափան, նոր իմացանք, որ ինքը հիշողության կորուստ է ունեցել, սթրես է տարել:



Էրեխուն բերին-ներկայացրին անգիտակից վիճակում, անգամ ինձ չէր ճանաչում: Էրեխուս նույնիսկ հիվանդանոց չէին տեղափոխել, չաստի սանչաստում 10 օրից ավել էդ վիճակում պահել էին: ...Ասում եմ՝ էս ի՞նչ ա էս էրեխուս վիճակը, պատասխանեցին, որ սպասում էինք, որ կլավանա: ...Տո սրիկա շան որդիներ, էդ լավանալ ա՞, թե՞ հետագայում խորանալ... Էդպիսի բա՞ն են անում...»:



Ժիրայրին հոր՝ զորամաս մեկնելուց հետո են միայն տեղափոխել Սիսիանի հոսպիտալ, որից հետո, հոր պնդմամբ՝ առանց լիարժեք կազդուրելու ուղարկել են ծառայության: «Պատկերացնո՞ւմ եք՝ սեպտեմբերի 29-ին երեխուն բերել են Երեւան՝ իբր գլուխը նկարել են եւ նույն օրը չաստի ուազիկով հետ են տարել Ղափան՝ ծառայության»: Հոր համար մինչ օրս հայտնի չեն տղայի առողջական խնդրի պատճառները. «Բժիշկները ոչինչ չասացին ինձ, ոչ էլ հրամանատարներն ու զինվորները բան ասացին»: Դրանից հետո Ժիրայր Մինասյանն առողջական «անհանգստացնող»  խնդիրներ եւս ունեցել է, բայց կրկին համապատասխան հոգածության չի արժանացել:



«Վերջերս էլ պոչուկային մասում կիստա էին հայտնաբերել, նորից սանչաստում բուժվում էր: Երբ մարտի 17-ին զանգեց-ասեց, որ Ղարաբաղում է, զարմացա, հարցրի՝ բա էդ վիճակով ո՞նց են տարել, ասեց՝ ասել են, որ գնամ-գամ նոր կտանեն Սիսիանի հոսպիտալ վիրահատելու»: Նշենք, որ մարտի 21-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է նաեւ քրեական գործ 365 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտում: Այս կապակցությամբ Պետրոս Մինասյանն ասաց. «Եթե իրանք վարկաբեկում են իմ երեխուն, ես էլ կասեմ՝ սթրես տարած երեխուն զենք ե՞ն դավերյա անում, դա հնարավո՞ր է: Էդ ձեւով երեխուն չեն ճանապարհում պոստեր: ...Տղաս զոհված օդաչու-ազատամարտիկի թոռնիկ է, պապու անուն-ազգանունն էլ կրում է, բա կարելի ա՞ ըտենց բան անել...»: