Աշխարհում տարեկան մահանում է 1 մլն նորածին

Աշխարհում տարեկան մահանում է 1 մլն նորածին
Բրիտանական բարեգործական Save the Children («Փրկենք երեխաներին») կազմակերպությունը հայտարարել է, որ ծննդաբերող կանանց մեկ երրորդը երեխային աշխարհ է բերում առանց մանկաբարձուհու օգնության։ Ըստ կազմակերպության հաշվարկների, աշխարհում կա 350 հազար մանկաբարձուհու պակաս, եւ եթե այդ պակասը լրացվեր, ապա հնարավոր կլիներ ամեն տարի փրկել ավելի քան մեկ միլիոն նորածնի կյանք։ Կազմակերպության ղեկավար Ջասթին Ֆորսայթն ասում է, որ հաճախ նորածինները մահանում են ամենատարրական գիտելիքների բացակայությունից, ինչպիսիք են երեխայի մեջքին ճիշտ խփելը կամ ճիշտ չորացնելը։ Նա նշում է նաեւ, որ աղքատ երկրներում ծննդաբերությունների ժամանակ երեխաներն ավելի շատ են մահանում, քան թե մալարիայի պատճառով։



Օրինակ՝ Եթովպիայում կանանց 94 տոկոսը ծննդաբերում է առանց որեւէ բժշկական օգնության, մինչդեռ Բրիտանիայում այդ թիվը կազմում է 1 տոկոս։ Կազմակերպության հաշվետվության տվյալներով, Ռուանդայում տարեկան լույս աշխարհ է գալիս 400 հազար երեխա, մինչդեռ երկիրն ունի ընդամենը 46 մանկաբարձուհի։ Կազմակերպությունը նշում է նաեւ, որ մահացության ամենաբարձր աստիճանն Աֆղանստանում է, որտեղ 1000 նորածնից 52-ը մահանում են։ Աֆղանստանում երեխաները մահանում են նաև որոշ ազգային ավանդույթների պատճառով։ Օրինակ՝ որոշ դեպքերում նորածիններին դնում են հատակին, որպեսզի պաշտպանեն չար ոգիներից, սակայն արդյունքում նորածինները վտանգավոր վարակներ են ստանում։



top-news.am