Գավառամտության եւ գավառայնության պիկը

Գավառամտության եւ գավառայնության պիկը
«Տաշիր» մրցանակաբաշխությունը մեր հասարակության դեգրադացման ու հիվանդ լինելու վառ ապացույցն էր: Ցուցիչն այն ծայրահեղության, որ հասարակության, այսպես կոչված, «ընտրյալ» շերտն իրականության հետ առնչություն չունի:



Սա այն միջոցառումներից էր, որ հերթական անգամ ընդգծեց, թե հայ հասարակության մի մասն ինչքան է կտրված իրականությունից, մյուս մասն էլ՝ հայտնվել է լուսանցքում: Մենք ենք ու մեր «բոմոնդային» աշխարհը, իսկ այդ աշխարհում հասարակ մարդը տեղ ու դեր չունի: Մեծ հաշվով, թքած ունեն շարքային մարդու վրա, ցույց տվեցին, որ ոչ իրենց գնահատականն է էական, ոչ ներկայությունը, ոչ էլ վիճակը: Իրականում այս ամենն այդ մարդկանց գավառամտության եւ գավառայնության պիկն էր: Իշխանության կողմից հորջորջվում է՝ իբր հայ մշակույթի զարգացմանն ենք նպաստում: Բայց սա որեւէ առնչություն չունի հայ մշակույթի հետ, իրենք իրենց նեղ շրջանակներում էին: Մեզանում KBH-ն այսօր դարձել է կենսակերպ, այն մուտք է գործել մեր քաղաքականություն, մեր եթեր, մեծ հաշվով դարձել հոգեբանություն, մտածողություն: Երեկ սոցիալական ցանցերում քննարկում էր ծավալվել, երգիչ-երգչուհիներին առաջարկում էին նվեր ստացած տներն ու ավտոմեքենաները վաճառել եւ տալ հազարավոր կարիքավորների...



Ստացվում է, որ ուզում ենք այդ մարդկանց՝ երգիչ-երգչուհիներին օգնել, որ դուրս գան իրենց «խեղճ» վիճակից (որովհետեւ այս ընդհանուր խեղճության, թշվառության մթնոլորտում վերցնողներն ավելի խեղճ վիճակում են): Ուղղակի նրանց պետք է թողնել իրենց թշվառության ու խեղճության մեջ: Իսկ ամենազավեշտալին մեր «մշակույթը» ներկայացողներն են՝ Թաթա, Արմենչիկ, Արման Հովհաննիսյան... եւ նրանց գնահատողները: Երբ ինձ առաջարկեցին «Հայելի» ակումբում հյուրընկալել Արմենչիկին, դա անպատվաբեր համարելով՝ հրաժարվեցի: Իսկ այսօր մեր երկրի ներկայացուցիչը, մեր երգն աշխարհում ներկայացնողը, պարզվում է, Արմենչիկն է: Այդ մրցույթում ներկայացված շատ երգիչների տիրույթն ընդամենը խաշի սեղանն է ու նրա շուրջ կազմակերպված  խնջույքը: Վարողների ռեպլիկներն ու հումորն էլ, թե իրենց ստացած տները ոչ թե Երեւանի կենտրոնում են, այլ Բանգլադեշում կամ Զեյթունում, ցույց տվեցին, որ քաղաքի ոչ կենտրոնում ապրող մարդն ուրիշ կարգի մարդ է կամ մարդ չէ, եթե անգամ մարդ է, ապա բոլորովին այլ որակի:



Իհարկե, մենք ենք հասցրել նրան, որ Սոբչակի նման «բոմոնդային լրբիկները» կարող են հեգնել ու ծաղրել մեզ ու մեր այրերին: Վերջում էլ Երեւանի կենտրոնում բնակարան նվեր ստանալ: Պետք է կազմակերպիչներին եւ մասնակիցներին պարզ ասել՝ Ձեր արած գործը ռաբիսություն ու ցինիզմ է, հետեւանքներն էլ՝ ավերիչ:



Անժելա ԹՈՎՄԱՍՅԱՆ



«Հայելի» ակումբի նախագահ