Ցեղասպանությունը մեր ուժն է

Ցեղասպանությունը մեր ուժն է
Հավանաբար ավելի պարտվողական ու հակագրական երեւույթ չկա, քան ցեղասպանությունը դարձնել գրականության թեմա: Չարենցը «Դանթեական առասպելով» փաստացի պատկերեց եղեռնը՝ իր արհավիրքով ու սոսկալիությամբ, եւ պոեմն ավարտեց լուսավոր ու պայծառ պատկերով, որը հետագա գրողների համար պետք է լիներ ելակետ ու շարունակություն:



Բայց հաջորդող գրական սերունդները թեման կրկնեցին պատկերային նույն համակարգով, քանի որ նախ՝ ցեղասպանությունը չընդունվեց եւ չդատապարտվեց աշխարհի կողմից, բացի այդ, Խորհրդային Միությունն ամեն ինչ անում էր, որպեսզի մոռացվի այն: Արդյունքում ստեղծվեց այնպիսի գրականություն, որից, որպես ընթերցող, մենք խուսափում ենք եւ համարում ենք տանուլ տված գրականություն:



«Պատրաստի բանաձեւեր չկան ցեղասպանությունը գեղարվեստորեն արտահայտելու համար, կարող է լինել շատ խորքային եւ շատ տարածական: Ես երբեք այն կարծիքին չեմ եղել, որ անհնար է արտահայտել, դա կարող է լինել մի պատկերով, մի մետաֆորով, մի բանաստեղծությամբ եւ կարող է ամբողջական վիպաշար դառնալ: Կարող է արտահայտվել ոչ ուղղակիորեն, ստեղծագործության մեջ դառնալ խորքային շերտ, եւ ամեն ճշմարիտ ստեղծագործողի մեջ գոյություն ունի այդ շերտը, քանի որ մենք բոլորս կրել ենք այդ ցավը»,- ասում է բանաստեղծ, Մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը:



Հենց այդպես էլ գեղարվեստորեն շոշափեցին 1915-ը եւ այդ մոտեցմամբ արտացոլեցին այսօր արդեն ավագ սերունդ համարվող հատկապես բանաստեղծները: Նրանք չկրկնեցին կամ տարբերակներ չստեղծեցին ավագների գրական հնարքների, քանի որ գիտակցում էին՝ ջարդեր ու նախճիր նկարագրելով, անհնար է բարձրարժեք ու ոգին բարձրացնող գրականություն ստեղծել:



«Ցեղասպանությունը յուրաքանչյուրս կրում է իր մեջ՝ որպես կենսակերպ, ապրելու մի հրման ազդեցություն, ուժ, անպայման ուժ: Երբ ծառը կտրում են՝ ավելի է զորանում եւ խիտ սաղարթներ տալիս. հենց մեր ժողովրդի պատմությունն ինքնին դա է ապացուցում: Յուրաքանչյուր հայ գրողի հոգու խորքից բառերի միջոցով արտաբերելու մի տենչ, ջիղ ապրում է եւ արդարացում սեփական գոյության: Մեր սերունդը, ցավով պիտի նշեմ, քիչ է անդրադարձել թեմային, քիչ է գրել, չէ որ ինքներս մեզ ճանաչելու մեծ միջոց է ցեղասպանությունը. ինչպիսին ենք եղել եւ ինչու հանկարծ մենք ցեղասպանվեցինք առաջինը աշխարհում: Այդ հարցերի պատասխանը պետք է տանք, որը պետք է միավորի աշխարհասփյուռ հայությանը, ուժեղացնի: Սա, կարծում եմ, մեր գրականության հիմնական ուղղություններից պետք է լինի»,- այս դիտարկումն ունի բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը:



Այսօրվա ավագ եւ միջին սերնդի հեղինակները, որ փորձել են այլ հայացքով քննել, այլ մոտեցմամբ արծարծել ցեղասպանության թեման, հիմնականում խուսափել են մոտենալ թեմային, քանի որ չեն կողմնորոշվել, թե ինչպես կարելի է գրականության նյութ դարձնել, որպեսզի չձախողվեն:



«Ես, որպես արձակագիր, ինչ որ գրել եմ, այդ գործերի ամբողջ էությունն ուժի մեջ է: Անիմաստ է, երբ քո կորուստը, ցավը վերածում ես լացի: Ես համարում եմ այն երակը, որը գրի մեջ կա, պետք է լինի վեր հառնելու, բարձրանալու ջիղ, մոտեցում: Ցեղասպանության մասին գրել՝ դեռ չի նշանակում լացացնել ժողովրդին, այլ ուժ պետք է տաս, ոգի եւ ցույց տաս այդ ժողովրդի ոգեղեն հզորությունը, որը մարմնի հետ ուզում էին մորթել, սակայն, ինչպես տեսնում ենք, անհնար էր: Ինձ համար այն գրականությունն է ընկալելի, որի մեջ հայի ոգին է ներկայացվում, ուժը»,- մեկնաբանում է արձակագիր Ռոլանդ Շառոյանը:



Ֆելիքս Եղիազարյան